Ապրիլի 5-ին 18:30-ին, «Հանուն Արցախի եւ Հայաստանի» խորագրով հանրահավաք տեղի կունենա Ազատության հրապարակում՝ ՀՀ ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնությամբ։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։ Նրա խոսքով․ «Խորհրդարանն ադեկվատ չէ երկրի մարտահրավերների հանդեպ։ Ի վիճակի չէ քննարկել իրական խնդիրները։ Հայրենակիցներին հրավիրում ենք հանրահավաքի՝ խոսելու մարտահրավերներից եւ լուծման հնարավոր ելքերից»։
Սաղաթելյանի խոսքով՝ իրենց նախաձեռնությունն ինչ-որ չափով կապ ունի ապրիլի վեցին սպասվող Փաշինյան-Ալիեւ հանդիպման հետ․ «Կարեւոր է, որ քաղաքացիները ներկա լինեն, որպեսզի ամրագրվի, որ իշխանությունը չունի մանդատ երկիրը նոր զիջումների տանելու։ Իշխանության արդարացումն այն է, թե ունեն ժողովրդի քվեն։ Սխալվում են։ Իրենք մանդատ չունեն երկիրը զիջումների տանելու եւ խաղաղության կեղծ օրակարգ ներկայացնելու համար»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ