Լրահոս
Օրվա լրահոսը

Դիմել են ՀՀ ինքնիշխանության զիջման կամ վերացման կոչերի, առաջարկությունների արդարացման քրեականացման առաջարկությամբ

Ապրիլ 01,2022 16:38

Հանրային իրազեկում

Մի խումբ հասարակական գործիչներ Հայաստանի ինքնիշխանության զիջման կամ վերացման կոչերի, առաջարկությունների եւ այդպիսի հայտարարությունների արդարացման քրեականացման առաջարկությամբ 2022 թ. մարտի 31-ին դիմել են ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարին, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին եւ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին:

Առաջարկության մեջ մասնավորաբար ասվում է. «…Հաշվի առնելով վերջին ժամանակներում ՀՀ մի շարք քաղաքական գործիչների կողմից Հայաստանի ինքնիշխանության վերացման նպատակահարմարության մասին հրապարակային հայտարարությունները եւ այդ հայտարարությունների լայն տարածումը զանգվածային լրատվամիջոցներով, այդ ուղղությամբ հանրային դրական կարծիքի ձեւավորման ջանքերը եւ այդ գաղափարի կործանարար նշանակությունը հայ ժողովրդի ու Հայաստանի պետականության համար, կարեւոր ենք համարում ՀՀ պետական իշխանության դերակատարությունը այդ խոսույթի ազդեցությունը օրինական եւ արդյունավետ կերպով խափանելու գործում:

… Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայ ժողովրդի ազատությունը, գոյությունը, անվտանգությունը, բարեկեցությունը եւ երջանկությունը կարող է ապահովել միայն Հայաստանի անկախ, ինքնիշխան, ժողովրդավար եւ սոցիալական հանրապետությունը, առաջարկում ենք ՀՀ ԱԺ իշխող քաղաքական խմբակցությանը հրատապ ընթացակարգով քննարկել եւ ընդունել ՀՀ ինքնիշխանության, պետականության եւ սահմանադրության անփոփոխելի դրույթների վերացման մասին հրապարակային կոչերի, այդ կոչերի արդարացումների համար քրեական պատասխանատվության սահմանման իրավական կարգավորում:

Առաջարկում ենք ՀՀ օրենսդրության մեջ փոփոխություններով քրեական հետապնդում սահմանել հետեւյալ սահմանափակ խմբերի ներկայացուցիչների համար այն դեպքում, երբ վերջիններիս ներկայացուցիչները ՀՀ ինքնիշխանության կամ պետականության վերացման, Հայաստանի Հանրապետության միջազգային իրավունքի սուբյեկտայնության դադարեցման նպատակահարմարության մասին կոչեր կամ առաջարկություններ կանեն, կամ կարդարացնեն այդպիսի կոչերը եւ հայտարարությունները.

1991 թվականի սեպտեմբերի 21-ից հետո ՀՀ որեւէ պետական կամ որեւէ համայնքային ընտրություններում որպես թեկնածու մասնակցած քաղաքական ուժի անդամը, նախընտրական շտաբի անդամը, կամ թեկնածուն,

Գործող կուսակցության ներկայացուցիչը, հիմնադիրը կամ անդամը,

Ապագայում որեւէ պետական կամ համայնքային ընտրություններում մասնակցելու մտադրություն հայտնած կուսակցության անդամը, հիմնադիրը, ներկայացուցիչը կամ ֆիզիկական անձը,

Պետական իշխանության մարմնի եւ տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչը,

Պետական կամ համայնքային բյուջեից որեւէ չափով ֆինանսավորվող կամ կապալառու հանդիսացող կազմակերպության աշխատակիցը,

Օտարերկրյա քաղաքացին կամ երկքաղաքացին: …»

Առաջարկության հեղինակներն են Լեւոն Բարսեղյանը, Արթուր Սաքունցը, Դավիթ Ամիրյանը, Գարեգին Միսկարյանը, Լարիսա Մինասյանը, Դանիել Իոանիսյանը, Ստեփան Գրիգորյանը, Արաքս Մելքոնյանը եւ Գայանե Աբրահամյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930