Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Դպրոցը հենց այնպես չեմ հանձնելու». Չեխովի դպրոցի ժպ-ն` իր փոխարեն Ավինյանի ծանոթին նշանակելու մասին

Ապրիլ 01,2022 16:04

Չեխովի անվան դպրոցի մանկավարժական եւ ծնողական համայնքը եւ աշակերտությունը վրդովված են: Նրանք ցույց էին անում, քանի որ անսպասելի փոխվել է դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը: Ըստ կոլեկտիվի տեղեկությունների, նոր ժամանակավոր պաշտոնակատար, մանկավարժական եւ ծնողական համայնքների կողմից զրո ձայն ստացած Դիանա Մինասյանը նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ընկերոջ կինն է:

«Երբ տիկին Գայանե Սարուխանյանի պայմանագրի ժամկետը լրացավ, ես նշանակվեցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար` մինչեւ մրցույթում հաղթող կճանաչվի թեկնածուն: Առաջին մրցույթը տեղի ունեցավ մարտին, եւ որեւէ մեկը չհաղթեց: Գիտեք, որ խորհուրդը կազմված է 9 անդամից. երկուսը մանկավարժներ են, երկուսը` ծնողներ, չորսը լիազոր մարմնի ներկայացուցիչ: Մանկավարժները եւ ծնողները, եւ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչն իրենց ձայնը տվել են ինձ, քաղաքապետարանը` ոչ: Արդյունքում`ես հավաքեցի 5 ձայն, Դիանա Մինասյանը` 4: Ընտրությունը չկայացավ, քանի որ տնօրեն է ընտրվում 6 ձայնի դեպքում:

Հիմա նորից մրցույթ է հայտարարվել, եւ այն կայանալու է ապրիլի 14-ին, իսկ երկուշաբթի օրը լինելու է մանկավարժական խորհրդի նիստ, որտեղ նորից ընտրելու են ուսուցիչները, հաջորդ օրը` ծնողները, իսկ ապրիլի 14-ին` խորհուրդը: Ու ես զանգ եմ ստանում քաղաքապետարանից, որ որեւէ փաստաթուղթ չստորագրեմ, որովհետեւ պաշտոնակատարի փոփոխություն է եղել: Ես չգիտեմ անգամ, թե ով է փոխվել, ինչպես է փոխվել: Մեր թիմին ներկայացրի, որ ունենք նոր պաշտոնակատար»,- կատարվածը ներկայացրեց Չեխովի անվան դպրոցի արդեն նախկին ժամանակավոր պաշտոնակատար Տաթեւիկ Մելքոնյանը, որը վայելում է ծնողական ու մանկավարժական խորհրդի վստահությունն ու համակրանքը:

Տաթեւիկ Մելքոնյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Նա ներկայացրեց մանկավարժական խորհրդի արձանագրությունը, որտեղ նշված է, որ ինքը ստացել է նրանց ձայների մեծամասնությունը, իսկ Դիանա Մինասյանը` 0 ձայն: Նույն պատկերն է նաեւ ծնողական խորհրդում: «Հիմա դուք որոշեք, մանկավարժական եւ ծնողական չեխովական համայնքը ընդունո՞ւմ է Դիանային, թե՞ ոչ»,-ասաց Տաթեւիկ Մելքոնյանը: Ապա հավելեց, որ Դիանա Մինասյանը հանրակրթական դպրոցում չի աշխատել, բայց ունի հավաստագիր:

Հարցին` ինչ քայլերի է պատրաստ դիմել, Տաթեւիկ Մելքոնյանը պատասխանեց, որ այն տարիքում չէ, որպեսզի կտրուկ քայլեր կանի, շախմատ էլ չի սիրում խաղալ, բայց կկշռադատի ու կանի իր քայլերը: «Ես դպրոցը հենց այնպես չեմ հանձնելու: Եթե դպրոցում եղել է որեւէ լուսավոր անկյուն, որեւէ նախագիծ, դա եղել է իմ միջոցներով, իմ օգնությամբ եւ իմ կազմակերպմամբ: Ինձ ասում են, որ ես փակուղի եմ մյուս թեկնածուների համար, ես չգիտեմ, թե ում եմ փակել»,-ասաց Տաթեւիկ Մելքոնյանը:

Շուրջ 19 տարի Չեխովի անվան դպրոցում աշխատած Նարինե Աբրահամյանը նշեց, որ ողջ կոլեկտիվը վրդովված է, որովհետեւ ուզում է հասկանալ, թե ինչ տրամաբանությամբ եւ ինչ պատճառներով են փոխել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին. «Բերում են այնպիսի մարդու, որն ընդհանրապես դպրոցի հետ կապ չունի, հանրակրթությունից տեղյակ չէ, որպես ուսուցիչ չի էլ աշխատել: Եվ դա անում են աշակերտների համար կարեւոր շրջանում, երբ երկու ամիս է մնացել, որ տարին փակենք: Խաթարում են մեր անդորրը, նշանակում մի մարդու, որը ոչ մի ձայն չի հավաքել: Ես ուզում եմ հասկանալ` ինչո՞ւ ենք մենք արդեն երրորդ անգամ մասնակցում տնօրենի ընտրությունների, ձայն տալիս, եթե միեւնույն է՝ մեր ձայնը հաշվի չի առնվում, եւ մեզ տնօրեն են բերելու մեկին, որը զրո ձայն է հավաքել»:

Լեւոն Հովհաննիսյան

Քանի որ դպրոցի կոլեկտիվը, աշակերտությունն ու ծնողական համայնքի ներկայացուցիչները հավաքվել էին Երեւանի քաղաքապետարանի մոտ, եւ բացատրություն էին ակնկալում լիազոր մարմնից, նրանց հետ հանդիպելու համար ներքեւ իջավ քաղաքապետի առաջին տեղակալ Լեւոն Հովհաննիսյանը: Նա ասաց, որ անընդունելի է երեխաներին դասերից կտրելը եւ քաղաքապետարանի մոտ հասցնելը: «Մեր լիազորությունների շրջանակում տիկին Մելքոնյանին մենք նախկինում նշանակել էինք ժպ, ու քանի որ մի քանի անգամ մրցույթը չի կայացել, հիմա նոր ժպ ենք նշանակում»,-լրագրողների հետ զրույցում ասաց նա: Նաեւ առաջարկեց երեխաներին ուղեկցել տուն: Քաղաքապետի առաջին տեղակալն ասաց, որ 5 ուսուցիչ եւ 5 ծնող իր հետ կարող են բարձրանալ քաղաքապետարան քննարկել աղմուկ հանած թեման: Տաթեւիկ Մելքոնյանի հորդորով ցույցը ցրվեց, իսկ ինքը եւ այլ ուսուցիչներ ու ծնողներ գնացին քաղաքապետարան:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930