Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի կապիտուլյացիայի հայտարարությունը կդառնա Հայաստանի կապիտուլյացիայի համաձայնագիր. Գագիկ Մինասյան

Ապրիլ 01,2022 15:39

Երեկ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, ըստ ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանի, միայն առաջին հայացքից են, որ հակառակվում են այն տեսակետին, որը իրականացրել է ՀՀ իշխանությունը՝ վերջին 1,5 տարիների ընթացքում: Իսկ այդ քաղաքականությունն, ըստ նրա, Հայաստանը վերջնական կապիտուլյացիայի տանելն է:

Այսօր «Հայելի» ակումբում կայացած ասուլիսում Գագիկ Մինասյանը նկատեց, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից հետո, Թուրքիան եւ Ադրբեջանը Հայաստանի դեմ տանդեմով են հանդես գալիս, իսկ Հայաստանը գնում էր խաղաղության՝ ընդհանրապես չխոսելով խնդիրների մասին: Մասնավորաբար՝ անվտանգային, որոնց մասին, ըստ բանախոսի, անընդհատ խոսում էին ընդդիմադիրները, իսկ իշխանական շրջանակները կրկին հակադարձում էին, թե ամեն ինչ լավ է, իսկ դուք խանգարում եք խաղաղության օրակարգին: Նա նկատեց՝ բանը հասել էր նրան, որ երբ Արցախում գազը տեւական ժամանակ չկար, ՀՀ իշխանության ներկայացուցիչը հայտարարում էր՝ մարդիկ պետք է սովորեն այդպես ապրել: Սրան զուգահեռ, ըստ Գագիկ Մինասյանի, իշխանությունը ֆինանսները բանակ չէր ուղղում, դրանք գնում էին դեպի ոստիկանություն, դեպի իշխանության անվտանգությունը, այսինքն, խնդիրը ոչ թե պետության, այլ իշխանության պահպանությունն էր:

Այս ամենի ֆոնին, Գագիկ Մինասյանն ուշագրավ է համարում Նիկոլ Փաշինյանի երեկ արած հայտարարությունները եւ հավելում, որ եթե 2020 թվականի նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարություն տարածվեց ՀՀ, Ադրբեջանի եւ ՌԴ ղեկավարների անունից, ապա նախատեսվող փաստաթուղթը արդեն համաձայնագիր է, որը, իր համոզմամբ եւ կստորագրվի, եւ կվավերացվի. «Ադրբեջանում կվավերացվի, որովհետեւ դա ադրբեջանանպաստ է, իսկ Հայաստանում կվավերացվի, որովհետեւ Հայաստանի իշխանություններն են ադրբեջանանպաստ»:

Հիշեցնենք, ապրիլի 6-ին, Բրյուսելում նախատեսված է Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիեւ հանդիպումը:

Կա՞ այդ արհավիրքը կանխելու ներուժ եւ ի՞նչ է պետք դրա համար անել՝ հարցերին ի պատասխան ՀՀԿ-ական գործիչը նկատում է՝ աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային զարգացումների ֆոնին բոլոր խնդիրները պետք է հնարավորինս արագ եւ անցնցում լուծվեն Հայաստանի եւ մեր ռազմավարական գործընկերոջ համար, որպեսզի մեր պետական եւ ազգային խնդիրներին հնարավոր լինի հետամուտ լինել ու նաեւ մեր ռազմավարական գործընկերոջ համար ծանր հետեւանքներ չթողնեն:

Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի արած այն հայտարարության մասին, որ պետք է հարեւանների հետ ապրենք եղբայրություն անելով, իրար ցավով ապրել, ՀՀԿ-ական գործիչը զուգահեռներ է տեսնում դեռ 1990-ականներից, ՀՀՇ-ի կողմից վարվող քաղաքականության հետ՝ մեր պաշտպանությունը, մեր անպաշտպան լինելու մեջ է, ինչն ինքը անհեթեթություն է համարում: Իսկ տարածաշրջանային վերջին այցերը եւ դրանց արդյունքում նկատվող միտումները, բանախոսի հավաստմամբ, փաստում են մեկ բան՝ Ադրբեջանը լծվել է անգլոսաքսոնական ուժերի կառքին եւ փորձում է Հարավային Կովկասում ՌԴ-ի դեմ նոր ճակատ բացել: Այս իրավիճակում, Հայաստանի եւ ՌԴ-ի համար նա երկու լուծում է տեսնում՝ կամ հերթական զիջումն անել Ադրբեջանին, ինչը ավելի կբացի Ադրբեջանի ախորժակը, կամ՝ կասեցնել այն նահանջի ընթացքը, որը ոչ միայն Հայաստանի նահանջը կլինի, այլ ՌԴ-ի նահանջը Հարավային Կովկասում: Ամեն դեպքում, առաջիկա զարգացումները ցույց կտան՝ դասեր քաղե՞լ ենք նախորդ տխուր զարգացումներից, թե՞ ոչ: Եթե չենք քաղել, ապա թե Հայաստանի, թե ՌԴ-ի համար Հարավային Կովկասում շատ տխուր ժամանակներ կգան: Այս համատեքստում, ՀՀԿ-ական գործիչը վտանգավոր է համարում Հայաստանում եւ Արցախում գեներացվող հակառուսական հիստերիան, որի արմատները, ըստ նրա հայկական չեն, որը բերեց 2018-ի հեղափոխությունն ու դրան հետեւած կորուստներին եւ նախապատրաստում է Փաշինյան-Ալիեւ համաձայնագրի ստորագրումը՝ ամբողջական կապիտուլյացիայի ենթարկելով նաեւ Հայաստանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930