«Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանն այսօր ԱԺ արտահերթ նիստում անդրադարձավ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հայտարարությանը, թե ընդդիմությունը չի համաձայնել ստեղծված անվտանգային իրավիճակի հետ կապված փակ քննարկման մասնակցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ մեկ այլ առաջարկ՝ մասնակցել ԱԺ խորհրդի ձեւաչափով փակ քննարկման վարչապետի հետ, մնացել է անպատասխան։
Սեյրան Օհանյանը հայտնեց՝ այսօր ԱԺ խորհրդի նիստում առաջարկել են անվտանգությանն եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող եւ շրջանառության մեջ գտնվող փաստաթղթերը ներկայացնել, ինչից հետո իրենց խմբակցությունը կորոշի կամ կառաջարկի, թե կառավարության ներկայացուցիչներին ինչ ձեւաչափով է կարելի հրավիրել։
«Փաստաթղթերի ներկայացումից հետո ի՞նչն է խանգարում, որ վարչապետը 107 պատգամավորի առաջ ներկայացնի իրավիճակը։ Սա է եղել խոսակցությունը։ Իրավիճակի նախաձեռնողական գնահատական տալու փոխարեն երկրորդական խնդիրներով ենք զբաղված»,-ասաց Սեյրան Օհանյանը։ Ռուբեն Ռուբինյանն արձանագրեց, որ վարչապետի մասնակցությամբ եւ ԱԺ խորհրդի կազմով փակ քննարկում կազմակերպելու իր առաջարկն այսպիսով մերժված է «Հայաստան» խմբակցության կողմից։
ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էլ նկատեց՝ տպավորություն է, թե ընդդիմադիր խմբակցություններն անգամ չեն կողմնորոշվում, թե ինչ են ուզում։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ