«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանի կարծիքով, կարճաժամկետ կամ երկարաժամկետ կտրվածքով ՊԲ-ի գործառույթների փոխանցումն այս կամ այն կառույցին, աղետալի հետեւանքներ կարող է ունենալ:
Արցախի խորհրդարանն ընդունեց ԱԱԾ-ում մարտական ստորաբաժանում ունենալու մասին նախագիծը: Նախագծի հիմնավորումներում գրված է՝ «ակնկալվում է, որ փոփոխությունը կնպաստի շփման գծի պահպանության գործում մարտական հերթապահությունների ընթացքում ծագող իրավահարաբերությունների կարգավորմանը»: Ստորաբաժանման գործառույթների մասով շատ մանրամասներ չեն հրապարակվում, գլխադասային հանձնաժողովի նիստը փակ է եղել։ Ստորաբաժանման ենթակայության եւ թվաքանակի մասին եւս մանրամասներ չեն հրապարակվում:
Ստեղծված իրավիճակում, ո՞րն է այդ ստորաբաժանման կարեւորությունը, ինչո՞ւ ձգձգվեց այս ստորաբաժանման ստեղծումը, քանի որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի ստորագրումից անմիջապես հետո, արդեն խոսվում էր Արցախի ուժային կառույցներում մարտական ստորաբաժանումների ստեղծման անհրաժեշտության մասին: Հիշեցնենք, 2020 թվականի, նոյեմբերի 9-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած եռակողմ հայտարարության 4-րդ կետով սահմանվում է, որ հայկական զինված ուժերը դուրս են բերվում զբաղեցրած տարածքներից եւ դրան զուգահեռ տեղակայվում են ռուսական խաղաղապահ ուժերը: Ավելի ուշ, Ադրբեջանում սկսեցին վիճարկել չճանաչված ԼՂՀ-ի սեփական զինված ուժեր ունենալու իրավունքը եւ մեղադրել ռուս խաղաղապահ զորախմբին «անգործության եւ Ղարաբաղում նրա խաղաղապահ առաքելության ոչ անկեղծ իրականացման մեջ»: Այս ամենը զուգորդվում էր սահմաններում տարբեր միջադեպերով:
Թեմայի շուրջ «Առավոտի» հետ զրույցում, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանն ասաց. «Ինչպես գիտենք, 44 օրյա պատերազմից հետո, ՀՀ-ից Արցախ այլեւս զորակոչ չի իրականացվում եւ վերջին զորակոչային շրջանի՝ 2020 թվականի ամռանը, զորակոչված ժամկետային զինծառայողները, մի քանի ամսից ավարտելու են ծառայությունը եւ զորացրվեն։ Այս եւ մի շարք այլ հանգամանքներ հաշվի առնելով՝ կարծում եմ, նույնիսկ ուշացած է օրենքի ուժով Արցախի ԱԱԾ-ում մարտական ստորաբաժանումներ ստեղծելու մասին նմանօրինակ օրինագծի ընդունումը, քանի որ մինչ այդ էլ Արցախի ԱԱԾ-ի կողմից տարբեր ուղղություններով մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումներ եղել են: Եվ, բնականաբար, ծառայություն իրականացնելու ժամանակ, տարբեր իրավակարգավորումների խնդիր կար, որը ինստիտուցիոնալ լուծման կարիք ուներ: Այս պահին դեռեւս հստակ տեղեկատվություն չկա, թե ի՞նչ զինատեսակներով են հագեցած լինելու այդ ստորաբաժանումները, արդյո՞ք հրետանային եւ ծանր այլ տեխնիկաներով հագեցված են լինելու այդ ստորաբաժանումները, թե ոչ»:
Կարդացեք նաև
Մեր զրուցակիցը նաեւ նկատում է՝ քանի որ Հայաստանի Հանրապետությունն, առնվազն այս փուլում, մեղմ ասած ձեռքերը լվացել է եւ Արցախի անվտանգության ապահովման գործում որեւէ գործառույթ չի իրականացնում, ուստի Արցախի անվտանգության հիմնական երաշխավորն այս պահին ՌԴ խաղաղապահ զորախումբն է եւ Արցախի պաշտպանության բանակը. «Վերջինս բազմաթիվ խնդիրներ ունի, եւ ուժային կառույցների աջակցման կարիք կա այս պահին, որպեսզի անվտանգային նվազագույն խնդիրների լուծման հնարավորություն լինի, ինչը եւ փորձ է կատարվում իրականացնել ԱԱԾ-ի միջոցով։ Պետք է հստակ հասկանալ, որ ստեղծված եւ ապագայում ստեղծվելիք բոլոր ռազմական ստորաբաժանումները պետք է գործեն ՊԲ-ի հրամանատարության ներքո, ինչը կառավարման իմաստով, կբարձրացնի արդյունավետությունը: Եվ, ինչու չէ՝ նաեւ քաղաքական իմաստով խնդիրներ կլուծի, քանի որ գաղտնիք չէ, որ ադրբեջանական կողմի նպատակներից մեկն էլ այն է, որպեսզի ՊԲ-ն լուծարվի եւ կազմաքանդվի: Բայց բոլորս էլ հասկանում ենք, որ դա կբերի աղետալի հետեւանքների։ Կարճ ասած, բոլոր պետական կառույցները պետք է օգնեն ՊԲ-ին, ոչ թե կարճաժամկետ կամ երկարաժամկետ կտրվածքով փորձեն ՊԲ-ի գործառույթները փոխանցել այս կամ այն կառույցին, որը, ինչպես նշեցի, աղետալի հետեւանքներ կարող է ունենալ»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
01.04.2022