«Տիկին Խամոյան, Արարատ Միրզոյանին չեք կարողանում գտնել, ԱԳՆ շենքի տեղն էլ չգիտե՞ք։ Կարող եմ տեղը ցույց տալ, ձեզ վարորդ տրամադրել, որ տեղափոխեն։ Նախարարը ձեզ առաջարկել է գալ եւ ծանոթանալ փաստաթղթին»,-ԱԺ արտահերթ նիստում այսօր հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցությունից Ագնեսա Խամոյանի պնդմանը, թե ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իրեն հրապարակային խոստացել էր գալ նախարարություն, ծանոթանալ Ադրբեջանի հինգ առաջարկների վերաբերյալ հայկական կողմի պատասխանին, սակայն մեկ շաբաթ է՝ Խամոյանը չի կարողանում նրան գտնել, հետը կապ հաստատել։
Ինչ վերաբերում է ընդդիմության դիրքորոշմանը, որ անվտանգային սպառնալիքները թողած՝ ՏԻՄ մարմինների վերաբերյալ նախագիծ է այսօր քննարկվում արտահերթ կարգով, Ալեն Սիմոնյանը նկատեց․ «Միշտ էլ կարեւոր հարցեր կան։ Պատմության առաջին իսկ օրից անվտանգության խնդիր ենք ունեցել։ Սեպտեմբերի 27-ից այս կողմ պատերազմի հավանականությունը միշտ գրեթե նույնն է եղել՝ շատ բարձր։ Իսկ ի՞նչ եք արել դուք, ի՞նչ օրենքներ եք բերել։ Պարոն Ռուբինյանը ճիշտ ասաց՝ դուք ունեք այլընտրանքային նախագիծ, որը մենք մերժե՞լ ենք։ Մեկ այլ բան․ աստված մի արասցե, եթե պատերազմ է սկսվում, Վանաձորում պետք է ՏԻՄ չլինի՞․․․կամ որեւէ համայնքում տեղական ինքնակառավարման մարմին չպետք է լինի՞»։
Ալեն Սիմոնյանը շարունակեց հարցադրումը․ «Բա պաշտպանությունը ո՞նց ենք կազմակերպելու։ Ձեր օրակարգն է Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը, որ ոնց կարողանաք՝ այստեղ քաղաքական շահարկում անեք ու զուգորդեք Ադրբեջանի ռազմական գործողությունների հետ։ Կարո՞ղ է՝ այդպես չի։ Այդպես է։ Ընդդիմադիր թեւի գերակշիռ մասի խոսքն ինչ-որ զուգադիպությամբ համընկնում է Ադրբեջանի բանակի գործողությունների հետ։ Պատգամավորների մեծ մասն օրենսդրական նախաձեռնություններով չի զբաղվում։ Կարո՞ղ է՝ ձեր սենյակներն ավելի լավ նպատակի տրամադրենք։ Էս ի՞նչ տրամաբանության մեջ եք դուք։ Անվտանգային հարցը միշտ առաջնային է, բայց դա չի նշանակում, թե պետությունը չպետք է գործի»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ