Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարչապետը պատրա՞ստ է գալ ԱԺ․ մի շաբաթ է՝ Արարատ Միրզոյանին չեմ կարողանում գտնել»․ Ագնեսա Խամոյան

Ապրիլ 01,2022 13:38

«Ընդդիմադիր գործընկերներ, դուք այլընտրանքային նախագիծ եք ներկայացրել, որը հրատապ պետք է քննարկվի, մենք էլ մերժե՞լ ենք։ Չէ․․․ ես չեմ հասկանում ձեր դժգոհությունը»,-ԱԺ արտահերթ նիստում այսօր դիմելով ընդդիմությանը՝ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ «Այո, կան այլ հարցեր, որոնք նույնպես կարող են քննարկվել։ Դուք դա նախաձեռնե՞լ եք, նախագիծ շրջանառե՞լ եք։ Ոչ։ Տիկին Խամոյան, չեմ հասկանում, ձեզ ինչ-որ գործի՞ց ենք կտրել այս պահին, անվտանգային խնդիրներով էիք զբաղված, մենք էլ ձեզ գործից կտրեցինք ու բերեցինք այստե՞ղ։ Չեմ կարծում»,-հավելեց նա։

Ռուբինյանը նշեց․ «Հանրությանը տեղեկացնեմ, որ «Հայաստան» խմբակցության հետ եւ վարչապետի հետ քննարկումների արդյունքում առաջարկել եմ վարչապետի հետ կազմակերպել փակ քննարկում՝ ընդդիմադիր խմբակցությունների մասնակցությամբ։ Ընդդիմադիր գործընկերներն ինձ ասացին, որ այդ ձեւաչափն ընդունելի չէ»։ Ռուբինյանը շարունակեց՝ հետո նորից է խոսել վարչապետի հետ, եւ առաջարկվել է կազմակերպել աշխատանքային փակ քննարկում՝ ԱԺ խորհրդի ձեւաչափով, որում կան նաեւ երկու ընդդիմադիր գործընկերները․ «Ոչ դրական, ոչ էլ բացասական պատասխան ես չիմացա։ Այո, կան հրատապ հարցեր, ուստի եկեք քննարկենք առաջարկված ձեւաչափով։ Հակառակ դեպքում՝ նման հայտարարություններ մի արեք»։

Հիշեցնենք, որ ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ է գումարել՝ օրակարգում ՏԻՄ մարմիններին առնչվող նախագծով, որով դրա հեղինակ իշխանական պատգամավորներն առաջարկում են՝ վարչապետը պետք է ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակի այն համայնքներում, որտեղ համայնքապետեր չեն ընտրվել։

«Հայաստան» խմբակցությունից Արամ Վարդեւանյանն այսպես արձագանքեց․ «Աբսուրդային է, որ իշխանությունն ինքն է հայտարարել ահագնացող վիճակի մասին, սակայն այսօր ՏԻՄ մարմիններին վերաբերող նախագիծ է քննարկում։ Իշխանական խմբակցության արձագանքն այն է, որ պետք է ՏԻՄ հարցեր քննարկվե՞ն։ Եթե իսկապես խնդիրը դատարանի վճռին սպասելն է, ապա ինչո՞ւ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխությունների հարցը չեն բերել։ Մինչդեռ դուք այլ նախագիծ եք բերում,  որը դատարանի որոշման հետ առնչություն չունի։ Բացի այդ՝ մենք սա կարող էինք քննարկել մեկ ամիս առաջ կամ երկու ամիս հետո, ոչ թե հիմա, երբ ՀՀ անվտանգությունն ամենամեծ սպառնալիքի տակ է»։

«Հայաստան» խմբակցությունից Ագենսա Խամոյանն էլ դիմեց իշխանությանը՝ կամ չեն տեսել Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթը, կամ տեսել եւ ու լուրջ չեն ընդունում, կամ էլ Փաշինյանն իրավիճակն ուռճացրել է․ «Երբ ասում եք, որ վարչապետը պատրաստ է։ Պատրա՞ստ է գալ ԱԺ եւ բոլորիս ներկայությամբ զեկուցել իրավիճակը։ Եթե այո, պարոն Ռուբինյան, հաստատեք ելույթով։ Թող գա եւ ներկայացնի աշխարհաքաղաքական վիճակը, առկա եւ բանակցվող փաստաթղթերը , ԵԱՀԿ ՄԽ-ին ուղղված նամակը եւ առաջարկները, արձագանքը եւս։ Մեկ շաբաթ է չեմ հայտնաբերում Արարատ Միրզոյանին, որն այս ամբիոնից մեկ շաբաթ առաջ խոստացավ, որ կարող եմ ծանոթանալ ԵԱՀԿ ՄԽ-ին ուղարկված նամակին, ՀՀ առաջարկներին ու պատասխանին։ Բայց մի շաբաթ է՝ չեմ կարողանում կապ հաստատել»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930