Լրահոս
Օրվա լրահոսը

Վավերացնել Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի՝ ՀՀ-ի կողմից չվավերացված դրույթները. ՀՔԱՎ

Ապրիլ 01,2022 13:34

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Արժանապատիվ աշխատանք հիմա՛» ծրագրի շրջանակում ուսումնասիրել է Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայով սահմանված աշխատանքային իրավունքների դրույթների կիրարկումը ՀՀ օրենսդրության մեջ։ Խարտիան ՀՀ-ն վավերացրել է 2001-ին, և ՀՀ-ի համար այն ուժի մեջ է մտել 2004-ից։

Խարտիան նախատեսում է, որ վավերացնող պետությունը պետք է ընդունի Խարտիայի 2-րդ գլխի հոդվածներով նախատեսված ինը պարտավորություններից առնվազն վեցը, իսկ պետության ընդհանուր պարտավորությունների թիվը չպետք է պակաս լինի 16 հոդվածներով և 63 պարագրաֆներով սահմանվածներից:

Խարտիայով սահմանված նորմերի և ՀՀի կողմից ստանձնած պարտավորությունների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ՀՀը ստանձնել է աշխատանքային իրավունքների պաշտպանության նվազագույն պարտավորություններստանձնել է պարտավորություններ նաև Խարտիայով երաշխավորված մի շարք այլ իրավունքների մասնակի ապահովման վերաբերյալ։

Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեն, որը Խարտիայով ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ իրականացնում է վերահսկողություն Խարտիան վավերացրած պետությունների ներկայացրած զեկույցների հիման վրա, իր եզրակացություններում նշել է, որ օրենքում և պրակտիկայում գոյություն չունի ոչ մի լուրջ խոչընդոտ՝ Հայաստանի Հանրապետության կողմից Խարտիայի չվավերացրած դրույթներն ընդունելու համար։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, անդրադառնալով աշխատանքային իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրներին, արձանագրել էր, որ ՀՀ-ում աշխատանքային իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները կրում են շարունակական և համակարգային բնույթ, որոնք պայմանավորված են ինչպես ՀՀ-ի ստանձնած միջազգային պարտավորությունների պահանջներին ազգային օրենսդրության դրույթների անհամապատասխանությամբ, ազգային օրենսդրության մեջ տարընկալման տեղիք տվող դրույթների առկայությամբ, այնպես էլ աշխատանքային իրավունքների պաշտպանությունն ապահովող իրավական բավարար մեխանիզմների բացակայությամբ։ Կազմակերպությունը միաժամանակ արձանագրել է, որ գոյություն ունեցող իրավիճակը պետության կողմից մարդու աշխատանքային իրավունքների ապահովման և նրանց խախտումները կանխող անհրաժեշտ պարտավորությունների նկատմամբ ոչ պատշաճ և ոչ հետևողական մոտեցումների հետևանք է:

Վերլուծությամբ ներկայացնում ենք Խարտիայով սահմանված աշխատանքային իրավունքների այն դրույթները, որոնք չեն վավերացվել Հայաստանի Հանրապետության կողմից, և որոնց ընդունման համար, համաձայն Կոմիտեի զեկույցների, էական լուրջ խնդիրներ չկան։

Հաշվի առնելով վերլուծությամբ արձանագրված խնդիրները, գտնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը աշխատանքային իրավունքների պաշտպանության ապահովման և երաշխավորման նպատակով պետք է

1.վավերացնի Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի՝ ՀՀ-ի կողմից չվավերացված դրույթները,

2.վավերացնի Կոլեկտիվ բողոքների համակարգ նախատեսող Եվրոպական սոցիալական խարտիայի 1995 թ. լրացուցիչ արձանագրությունը,

3.ձեռնարկի անհրաժեշտ քայլեր, կիրառի միջոցներ ազգային մակարդակում աշխատանքային իրավունքների պաշտպանության և աշխատանքային վեճերի լուծման միջազգային մեխանիզմների ներդրման և ընդլայնման համար:

ՀՔԱՎ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930