«Ապրիլի 6-ը կլինի վճռական Հայաստանի և Արցախի ապագայի համար»,-«Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այսպիսի մտահոգություն հայտնեց ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը։
Ըստ նրա՝ այսօր ընթացող մեծամասամբ թաքուն քաղաքական գործընթացը խոսում է այն մասին, որ հայկական կողմը պատրաստվում է Ադրբեջանի հետ պայմանագիր կնքել: Նա շարունակեց. «Ապրիլի 6-ին Բրյուսելում հանդիպման ընթացքում չեմ կարող հստակ պնդել, որ կստորագրվի փաստաթուղթ, կամ ընդհանուր հայտարարություն կարվի, բայց այդ օրը կլինի ճակատագրական: Վտանգավոր են նաև Նիկոլ Փաշինյանի՝ վերջին շրջանի չակերտավոր հայրենասիրական ելույթները, ինչը վերջին մեկ տարվա ընթացքում նա չէր անում: Չէր խոսում արցախահայերի իրավունքներից, Ադրբեջանի կողմից արվող ագրեսիվ հայտարարություններին դատապարտող կոչեր չէին հնչում: Ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ այժմ նույն իրավիճակն է, ինչ 44-օրյա պատերազմից առաջ: Նիկոլ Փաշինյանը պրովոկատիվ բնույթի հայտարարություններ է անում, սա նույնպես վտանգավոր և բավականին ուշացած է: Իսկ ադրբեջանական կողմը հստակ ընդգծում է հայկական ղեկավարության պահվածքը և ի գիտություն է ընդունում իր հետագա ագրեսիան լեգիտիմացնելու համար»:
Ըստ ադրբեջանագետի՝ Ադրբեջանի իշխանությունը, տեսնելով ՀՀ ներկայիս իշխանության վախկոտությունը, ցանկանում է օգտվել դրանից և առավելագույնը քաղել. «Նիկոլ Փաշինյանը փորձում է ցույց տալ, որ ինքը կինոյի միջի ուժեղ տղան է: Այդ պարագայում նա չի հրաժարվում իր հիմնական նպատակներից: Նրա համար կարևորը, որ խաղաղության տանի, թե ինչ տեսք կունենա այդ խաղաղությունը ՀՀ-ի համար, դա հաշվի չի առնում: Ես ՝ո րպես փորձագետ վստահեցնում եմ, որ այդ խաղաղությունը կունենա աղետալի տեսք Հայաստանի և Արցախի համար: Ընդհանրապես չենք ունենա Արցախում ապրող հայություն, կունենանք բազում հազարավոր զոհեր, հայկական անկախ պետականությունը կլինի հարցականի տակ: Ադրբեջանի նպատակն է մինչև 2025-ը հայաթափել Արցախը և հասնել նրան, որ Հայաստանը հրաժարվի Արցախից»:
Խոսելով Խրամորթում և Փառուխում զարգացումների մասին՝ Գառնիկ Դավթյանն ասաց. «Այստեղ ինչ-որ ձևով որոշ դեպքում կան ռուս խաղաղապահների թերացումներ, բայց Փառուխի մասով համոզմունք ունեմ, որ եղել է փոխպայմանավորվածություն: Հաշվի առնելով, որ հակառակ պայմանավորվածության՝ Հին Թաղերում Ադրբեջանն առաջ եկավ, շրջապատեց գյումրեցի մեր հայրենակիցներին և գերեվարեց, Նիկոլ Փաշինյանը դրանից դասեր չքաղելով՝ գնաց ևս մեկ պայմանավորվածության՝ զորքերը հայելային հետ քաշում, և ունեցանք Փառուխի դեպքերը»:
Կարդացեք նաև
Գառնիկ Դավթյանն այս պահին մեծածավալ պատերազմի վտանգ չի տեսնում, բայց չի բացառում տեղային մարտերի հավանականությունը: Այս առիթով նա պարզաբանեց. «Լայնածավալ պատերազմի դեպքում կթիրախավորվի նաև ՌԴ-ն: Այստեղ վճռական աշխարհաքաղաքական որոշում պիտի կայացվի Ադրբեջանի կողմից: Այս դրությամբ այդ խմորումներն են: Պատերազմի հավանականություն կլինի, երբ, օրինակ, ՌԴ-ն Ուկրաինայում պարտվի, աներկբա Ադրբեջանն ու Թուրքիան կանցնեն ռազմական հարձակման ՀՀ-ի վրա: Ես չեմ կանխատեսում, որ ՌԴ-ն կպարտվի Ուկրաինայում, պետք չէ ՌԴ-ին թերագնահատել»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ