Տավուշի մարզկենտրոն Իջևանով անցնելիս կարելի է նկատել հետաքրքիր գունային լուծումներով և նախշազարդերով բնակելի բազմաբնակարան շենք։ Շենքն ամենևին նորակառույց չէ, այն հիմնադրվել է խորհրդային տարիներին։ Սուբվենցիոն ծրագրով համայնքում իրականացվել է Անկախության 23 շենքի էներգաարդյունավետ արդիականացման ծրագիրը, որի շրջանակներում կատարվել է շենքի տանիքի և արտաքին պատերի ջերմամեկուսացում։ Տեղադրվել են նաև էներգաարդյունավետ դռներ և պատուհաններ։
Արդյունքում՝ բնակարաններում 30-60%-ով կրճատվել են սպառվող գազի և էլեկտրաէներգիայի ծավալները։ Բազմաբնակարան շենքում բարձրացել է նաև բնակարանների շուկայական արժեքը։ Ընդհանուր մոտ 110 մլն․ դրամ արժեքով ծրագրի արդյունքները համայնքը դրական է գնահատում։ Իջևանի համայնքապետարանի զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի պետ Արարատ Պարոնյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ առաջիկայում պատրաստվում են ևս 2 շենքում կիրառել էներգաարդյունավետ արդիականացումը։
Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի շրջանակներում, համայնքապետարանը նույնպես ունենում է իր ներդրումը։ Արարատ Պարոնյանը նաև հավելեց, որ այս արդյունավետ ծրագիրը լայն տարածում է ստանում հանրապետությունում։ Էներգաարդյունավետ արդիականացում կիրառվել է Հայաստանի ևս մի քանի համայնքներում։
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ