Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդամենը 20 գարուն ապրած՝ հերոսացավ

Ապրիլ 01,2022 09:30

1993 թվականի գարնան ապրիլն էր. թշնամին գնդակոծում էր հայրենի բնակավայրերը, գնդին հանձնարարված էր լռեցնել այդ կրակակետերը: Գուրգեն Արտյոմի Սահակյանն առաջիններից էր, ով առանց վարանելու իր մարտական ընկերների հետ մեկնեց ռազմադաշտ՝ հերոսաբար կատարելու պարտքը հայրենիքի հանդեպ՝ փոխարինելով անձնական երջանկությունը հայրենիքի փրկության զոհասեղանով։

Գուրգենը իր բազմաթիվ զինակից ընկերների հետ համալրեց հայոց սրբությունների շարքը, այլ կերպ վարվել չէր կարող, քանզի սերվել էր այս լեռնաշխարհի հերոսական ժողովրդից։

Պարզ ու հասարակ կենսագրություն ունի Գուրգենը։ Ծնվել է 1972 թ. հոկտեմբերի 1-ին Ապարան քաղաքում։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո համալրել է Հայաստանի նորաստեղծ բանակի շարքերը եւ շուրջ մեկուկես տարի պատվով կատարել որդիական պարտքը: Ծառայությունը սկսել է դեսանտագրոհային գնդում, այնուհետեւ պաշտպանության նախարարությունում։

1992 թ. մայիսից ծառայել է Վանաձորի հետախուզական վաշտում՝ ցուցաբերելով մեծ հայրենասիրություն եւ տոկունություն։

1993 թ. մարտի 20-ին զորամասն ամբողջ անձնակազմով մեկնում է Վարդենիսի շրջան՝ ՀՀ պետական սահմանը թշնամուց պաշտպանելու համար։ Քելբաջարի սահմաններից թշնամին հրետակոծում էր մեր բնակավայրերը, հարկավոր էր լռեցնել այդ կրակակետերը եւ ճնշել թշնամուն։

Ապրիլի մեկին Գուրգենը իր մարտական ընկերների հետ գնում է հետախուզության՝ Քելբաջարի տարածք. հետախուզության ժամանակ ընկերոջ հետ հայտնաբերում է թշնամու ուժերի դասավորվածությունը եւ անմիջապես տեղեկացնում հրամանատարությանը, սակայն, դժբախտաբար հայտնվելով թշնամու դիպուկահարի նշանառության տակ, մահացու վիրավորվում է։ Գուրգենը ընկնում է հերոսի մահով, թեեւ չվերադարձավ, բայց նրա հայտնած տվյալներով մեր զորամասերը փայլուն հաղթանակ տարան։

Գուրգենի գործն ու սխրանքը պետք է օրինակ լինեն բոլորին։ Ընդամենը 20 գարուն ապրած՝ հերոսացավ: Բայց այդ կարճ կյանքը իր մեջ ամփոփում է հարյուրամյակների հավերժություն։

Գուրգենը հետմահու պարգեւատրվել է շքանշաններով։ Նրա աճյունը ամփոփվել է Արցախի պաշտպանության մարտերում զոհված ազատամարտիկներ Վաչիկ Եղիազարյանի, Սեյրան Բաղդասարյանի, Նահապետ Տոնոյանի, Մայիս Սիրեկանյանի, Գեդեոն Ղարիբյանի, Աշխարհիկ Սաֆարյանի կողքին՝ Ապարանի հուշահամալիրի պանթեոնում։

Գուրգենի եւ նրա նահատակված եղբայրների արյան վրեժը առաջնորդեց հայ ազատամարտիկներին՝ ծնկի բերելու թշնամուն, դրանով մեկ անգամ եւս հաստատելով հայոց քաջերի անկոտրում կամքը, նրանց անպարտելիությունը արդար պայքարում։

Գոհար ՊԵՏՐՈՍՅԱՆ
ՀՊՄՀ Լրագրության բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի

«Առավոտ» օրաթերթ
01.04.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930