ՀՀ արդարադատության նախարարի մարտի 29-ի հրամանով Լաերտ Գրիգորյանը նշանակվել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ։ Գնդապետ Գրիգորյանը մինչ նոր նշանակումը քրեակատարողական ծառայության օպերատիվ բաժնի պետն էր։ Իսկ «Վարդաշեն» ՔԿՀ-ի նախկին պետ, փոխգնդապետ Մամիկոն Հակոբյանը նշանակվել է ՔԿԾ օպերբաժնի պետ։
Հիշեցնենք, որ վերջերս բանտապետերի փոխատեղումներ էին եղել․ «Գորիս» ՔԿՀ-ի պետ Կարեն Խաչատրյանը տեղափոխվել եւ նշանակվել էր «Նուբարաշեն» ՔԿՀ–ի պետ։ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի պետ է նշանակվել հունվարի 1-ից կառավարության որոշմամբ լուծարված «Կոշ» ՔԿՀ-ի պետ Մանուկ Պողոսյանը։
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ Աղասի Խաչատրյանը նշանակվել էր «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետ։ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետ Արտակ Սարգսյանն էլ նշանակվել է քրեակատարողական ծառայության շտաբի պետ։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ