Հերթական հաղթանակն է տարել «AM» իրավաբանական ընկերության փաստաբանական թիմը: Մինչ կվիճարկվեր մարդուն աշխատանքից ազատելու հարցը, հաստիքն այլեւս գոյություն չի ունեցել: Եվ քանի որ հայցվորին նախկին պաշտոնում վերականգնելն անհնար էր, որովհետեւ տվյալ հաստիքն այլեւս գոյություն չուներ, վարչական դատարանի կողմից որոշում է կայացվել՝ պարտավորեցնել Երեւանի քաղաքապետարանին հայցվորին աշխատանքում չվերականգնելու դիմաց տրամադրել ՀՀ օրենսդրությամբ սահմանված առավելագույն չափով հատուցում՝ նրա միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով:
Ինչպես տեղեկացանք «AM» իրավաբանական ընկերությունից, 2021 թվականի հունվարին ընկերության վստահորդը, որն այդ պահին գտնվել է հղիության եւ ծննդաբերության արձակուրդում եւ զբաղեցրել էր Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի Կենտրոնի սոցիալական ծառայությունների տարածքային բաժնի պետի տեղակալի պաշտոնը, ծանուցվել է այն մասին, որ 2021թ. ապրիլի 1-ից ազատվելու է զբաղեցրած պաշտոնից՝ հաստիքների կրճատման կապակցությամբ։
Ըստ իրավաբանական ընկերության. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վստահորդը գտնվում էր հղիության եւ ծննդաբերության արձակուրդում, եւ իր հետ կնքված պայմանագիրը չէր կարող լուծվել այդ հիմքով՝ իրավաբանական ընկերության բաժնետեր, փաստաբան Նարինե Սարգսյանի կողմից դիմումներ ներկայացվեցին Երեւանի քաղաքապետարան՝ խնդրելով չեղարկել հաստիքների կրճատման հիմքով աշխատանքից ազատելու մասին ծանուցումը: Չընդառաջելով վերոնշյալ դիմումներին՝ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Դ. Համբարյանը 2021 թվականի ապրիլի 1-ից Երեւանի քաղաքապետարանի աշխատակցին ազատում է իր զբաղեցրած պաշտոնից՝ ազատման հիմքում դնելով ոչ թե ծանուցումներում ներկայացված հիմքը, այլ բոլորովին ուրիշ՝ օբյեկտիվ իրականության մեջ գոյություն չունեցող հիմք»:
Իրավաբանական ընկերության փաստաբան Պայծառ Քոչարյանի (լուսանկարում) կողմից հայցադիմում էր ներկայացվել ՀՀ վարչական դատարան՝ խնդրելով ամբողջությամբ վերացնել Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Դ. Համբարյանի կողմից կայացված 687-Ա հրամանը: Արդյունքում՝ ՀՀ Վարչական դատարանի կողմից որոշում կայացվեց բավարարել «AM» իրավաբանական ընկերության կողմից ներկայացված հայցը՝ անվավեր ճանաչելով վիճարկվող հրամանը, 01.04.2021 թվականից մինչեւ վճռի օրինական ուժի մեջ մտնելը Երեւանի քաղաքապետարանից բռնագանձել հայցվորի միջին աշխատավարձի չափով հարկադիր պարապուրդի գումար:
Կարդացեք նաև
Ռուզան Մինասյան
«Առավոտ» օրաթերթ
31.03.2022