Հարցազրույց ֆիթնեսի մարզիչ Աննա Զախարյանի հետ
– Ինչու ընտրեցիք հենց այս մասնագիտությունը։
– Ինձ երբեք չեմ պատկերացրել գրասենյակային աշխատանքի մեջ, ինձ դուր է գալիս մարդկանց հետ աշխատելը եւ այն զգացողությունը, երբ օգնում եմ մարդկանց դառնալ ավելի գեղեցիկ եւ ինքնավստահ: Մասնագիտությանս շնորհիվ շփվում եմ տարբեր բնավորության եւ մասնագիտության տեր մարդկանց հետ, օգնում նրանց հասնել իրենց նպատակներին, դառնալ ավելի գեղեցիկ եւ առողջ: Կա շատ մեծ պատասխանատվություն՝ կապված մարզվողների առողջության հետ, եթե սխալ մարզման ծրագիր կազմես կամ ոչ գրագետ կազմված լինի սննդակարգը, ապա կարող ես շատ լուրջ վնաս հասցնել մարդու առողջությանը:
– Ձեր մարզումներից օգտվողների հիմնական նպատակը նիհարե՞լն է, թե՞ մարմինը ֆիզիկապես ձգելը։
– Բնականաբար, մեր հայկական իրականության մեջ մարզվողների 60-70%-ը նիհարելու նպատակով է գալիս մարզասրահ։ Դեռ 7-8 տարի առաջ կանայք եւ աղջիկները մարզասրահ մեծամասամբ գալիս էին միայն նիհարելու նպատակով, բայց վերջին մի քանի տարիներին շատացել է այն այցելուների թիվը, որոնք ցանկանում են պարզապես գեղեցիկ կազմվածք ունենալ՝ հենց այդ նպատակով են գալիս մարզվելու:
– Առողջ ապրելու կարեւոր նախապայմաններից է նաեւ ճիշտ սննդակարգը, ի՞նչ սննդակարգ եք խորհուրդ տալիս ձեզ մոտ մարզվողներին։
– Առողջ սննդակարգն առաջին եւ ամենակարեւոր նախապայմանն է։ Միանգամից առաջ անցնեմ եւ ասեմ, որ խիստ դիետաները, ֆասթինգները, տարատեսակ նիհարեցնող թեյերը եւ սուրճերը, օրական 1 հատ վարունգ ուտելով նիհարելը եւ նմանատիպ նիհարելու միջոցներն առողջ ապրելակերպի հետ ոչ մի կապ չունեն, եւ ես կտրականապես դեմ եմ այդ մեթոդներին, հորդորում եմ մեր հայ կանանց ու աղջիկներին հեռու մնալ նման նիհարելու միջոցներից: Ես իմ մարզվողներին առաջին հերթին օգնում եմ, որպեսզի առողջ եւ բալանսավորված սնվեն եւ դա դարձնեն սովորություն։
– Ներկա պահին կան տարբեր ֆիթնես մարզասրահներ, սակայն սխալ մարզումներ իրականացնելու դեպքում հնարավոր է առողջական խնդիրներ առաջանան, ինչպե՞ս կարելի է ճիշտ մասնագետ գտնել։
– Այս հարցը հայաստանյան ֆիթնես ոլորտի ամենացավոտ եւ պրոբլեմատիկ հարցերից մեկն է, քանի որ չկա որեւէ պետական կամ մասնավոր կառույցի վերահսկողություն ֆիթնես ոլորտի վրա, այլ կերպ ասած՝ ցանկացած «պարապած տղա» կամ աղջիկ կարող է իր ինստագրամի անվան կողքին ավելացնել Fit trainer եւ դառնալ ֆիթնես մարզիչ, եւ անցնել աշխատանքի որեւէ միջին մակարդակի ֆիթնես ակումբում։ Սկսնակ մարզվողը պարզապես չի կարող տարբերել անգրագետ մարզիչին գրագետից, դրա համար հարկավոր է որոշակի մինիմալ գիտելիքներ ունենալ այս ոլորտի մասին։ Միակ խորհուրդը, որ կարող եմ տալ, դա ինքնակրթվելն է։
– Կարծում եմ՝ նկատած կլինեք՝ մարզումների հետ կապված տարբեր հավելվածներ եւ տեսանյութեր կան համացանցում, որոնք դիտելու եւ ներբեռնելու դեպքում կարելի է նաեւ տանը մարզվել, դա որքանո՞վ է անվտանգ։
– Այո, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը զուգահեռ Հայաստանին նույնպես հասավ այդ օնլայն ֆիթնես ասվածը եւ այստեղ նույնպես ամեն ինչ կախված է տվյալ հավելվածից եւ ծրագրից, քանի որ դա եւս կազմում են այս ոլորտից քիչ թե շատ հասկացող մարդիկ: Եթե մարզման ծրագիրը կամ սննդակարգը գրագետ կազմված չէ, ապա դա կարող է վնասել կամ առնվազն անարդյունավետ լինել: Հավելվածներից կամ ինտերնետից գտնված ծրագրերից օգտվելուց առաջ ես խորհուրդ կտամ առաջին հերթին համոզվել, որ այդ մարզման ծրագիրը կամ սննդակարգը համապատասխանում է ձեր քաշին, տարիքին, ֆիզիկական տվյալներին եւ նպատակին, որից հետո նոր փորձեք: Ինչ-որ մեկի կողմից կազմված նիհարելու սննդակարգը կարող է մեկ այլ մարդու համար քաշի ավելացման պատճառ դառնալ եւ հակառակը: Ես խորհուրդ կտամ օնլայն ոլորտից օգտվելիս մարզչի կամ սննդաբանի հետ ուղիղ կապ հաստատել, որպեսզի սննդակարգը կամ մարզումային ծրագիրը կազմվի հենց ձեր տվյալներին համապատասխան, նաեւ հաշվի առնելով առողջական սահմանափակումները։ Եվ ոչ մի դեպքում չօգտվել ինտերնետում պատահաբար ձեզ հանդիպած սննդակարգերից եւ մարզումներից:
– Ի՞նչ խորհուրդ կտաք, ինչպե՞ս վարել ճիշտ եւ առողջ ապրելակերպ։
– Ավելի շատ սնվեք այն մթերքներով, որը տալիս է բնությունը, ոչ թե գործարանները: Մարզվեք անկախ տարիքից եւ զբաղվածությունից։
Զրուցեց
Օֆելյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
Լուսանկարները տրամադրել է Աննա Զախարյանը
«Առավոտ» օրաթերթ
31.03.2022