Եվրախորհրդարանում հայանպաստ բանաձեւի ընդունման հնարավորություններից պաշտոնական Երեւանը կարող է եւ պարտավոր է օգտվել
Չնայած այն փաստին, որ Ադրբեջանի իշխանությունները տարիներ շարունակ միջազգային կառույցներում հետեւողական գործում են ընդդեմ Հայաստանի, Արցախի, Եվրախորհրդարանի լիագումար նիստի օրակարգում, ինչպես հայտնի է, վերջերս հրատապ ռեժիմով նախ ընդգրկվեց, ապա՝ մարտի 10-ին ընդունվեց «Լեռնային Ղարաբաղում պատմամշակութային ժառանգության ոչնչացման» մասին բանաձեւը՝ 635 «կողմ», 2 «դեմ» եւ 42 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ: Սա հնարավոր դարձավ հետեւողական աշխատանքի շնորհիվ:
Եվրախորհրդարանում բոլոր պատգամավորները հանդես եկան Ադրբեջանին դատապարտող ելույթներով, հատկանշական է, որ Բաքվին պաշտպանող որեւէ ելույթ չհնչեց: Եվրոպացի պատգամավորները նշում էին, որ անհրաժեշտ է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն փաստահավաք առաքելություն ուղարկի Լեռնային Ղարաբաղ, ինչպես նաեւ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ, որպեսզի տեղում գնահատի, թե ինչ վիճակում է գտնվում հայկական պատմամշակութային ժառանգությունը: Ըստ պատգամավորների մեծամասնության՝ այժմ Ադրբեջանն իրականացնում է մշակութային ցեղասպանություն եւ նա պետք է պատասխանատվություն կրի: «Պետք է ճնշում գործադրենք Ադրբեջանի իշխանությունների վրա, որպեսզի դադարեցնեն Լեռնային Ղարաբաղում հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը»,- Եվրախորհրդարանի լիագումար նիստում նշել էր իտալացի պատգամավոր Ֆաբիո Կաստալդոն:
Հիշեցնենք, որ բանաձեւում Եվրոպական խորհրդարանը հաշվի է առնում, որ՝ «2020թ. նոյեմբերի 9-ի զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 1456 հուշարձան, հիմնականում հայկական, 2020թ. պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից դիտավորյալ մեծ վնաս է հասցվել հայկական մշակութային ժառանգությանը, մասնավորապես՝ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ/Ղազանչեցոց տաճարը գնդակոծվել է, ինչպես նաեւ ավերման, գործառույթի փոփոխության ժամանակ։ Հակամարտության ընթացքում եւ դրանից հետո այլ եկեղեցիներ եւ գերեզմանատներ վնասվել են, ինչպիսիք են՝ Մեխակավան քաղաքի մոտ գտնվող Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին եւ Լեռնային Ղարաբաղի Մատաղիս գյուղի Սուրբ Եղիշեն: Նկատի է առնվում, որ նախագահ Ալիեւը Ծակուռիի 12-րդ դարի հայկական եկեղեցի կատարած այցի ժամանակ խոստացել է հեռացնել հայերեն արձանագրությունները»:
Կարդացեք նաև
Բանաձեւում հաշվի է առնվում, որ՝ «2021թ. դեկտեմբերի 7-ին ԱՄԴ-ն (Արդարադատության միջազգային դատարան) իր սահմանմամբ նշել է, որ Ադրբեջանը՝ «կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու եւ պատժելու վանդալիզմի եւ պղծման գործողությունները, որոնք վերաբերում են հայկական մշակութային ժառանգությանը ներառյալ, բայց չսահմանափակվելով եկեղեցիներով եւ պաշտամունքի այլ վայրերով, հուշարձաններով, տեսարժան վայրերով, գերեզմանոցներով եւ արտեֆակտերով»: Շեշտվել էր նաեւ, որ՝ «մշակութային ապրանքները մեծ մշակութային, գեղարվեստական, պատմական եւ գիտական նշանակություն ունեն եւ պետք է պաշտպանված լինեն ապօրինի յուրացումից, ոչնչացումից: Եվ որ հայկական եկեղեցիներն ու վանքերը աշխարհի հնագույն քրիստոնեական ժառանգության եւ մարդկության համընդհանուր ժառանգության մաս են կազմում»: Բանաձեւում հիշեցվում էր, որ «ԱՄԴ-ի գործով լուրջ մեղադրանքներ են հնչել Լեռնային Ղարաբաղում գերեզմանատների, եկեղեցիների եւ պատմական հուշարձանների ավերման հարցում Ադրբեջանի իշխանությունների մասնակցության վերաբերյալ» եւ հաշվի է առնվում, որ՝ «երկարատեւ հակամարտությունը աղետալի ազդեցություն է ունեցել Լեռնային Ղարաբաղի եւ տարածաշրջանի մշակութային ժառանգության վրա»: Փաստվում էր նաեւ, որ «վերջին երեսուն տարիների ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացվել է կրոնական եւ մշակութային ժառանգության անդառնալի ոչնչացում, հատկապես՝ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունում, որտեղ ավերվել են 89 հայկական եկեղեցիներ, 20 000 գերեզմաններ եւ ավելի քան 5 000 տապանաքարեր»:
Բանաձեւի ամենակարեւոր դրույթներից մեկն էր, որ Եվրախորհրդարանն արձանագրեց՝ Հայկական մշակութային ժառանգության վերացումը դրսեւորվում է հայատյացության (Armenophobia), պատմական ռեւիզիոնիզմի եւ հայերի նկատմամբ ատելության համակարգային, պետական մակարդակով քաղաքականության միջոցով, որը խրախուսվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից, ներառյալ բռնության հերոսացումը եւ տարածքային պահանջների դրսեւորումը, որոնք էլ սպառնալիք են՝ ուղղված Հայաստանի Հանրապետությանն ու Հարավային Կովկասի խաղաղությանն ու անվտանգությանը:
Միջազգային հեղինակավոր կառույցում հնչած ելույթները պակաս կարեւոր չէին: Առաջին անգամ այսպիսի հայանպաստ բանաձեւի ընդունումն ուղեկցվեց Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ Եվրախորհրդարանի պատգամավորների միանշանակ դիրքորոշումներով ու պատգամավորների ջախջախիչ մեծամասնության քվեարկությամբ՝ բանաձեւը հավանության արժանացավ: Բանաձեւի քննարկման ժամանակ Եվրախորհրդարանի պատգամավորները միահամուռ դատապարտեցին Ադրբեջանի՝ հայկական մշակութային ժառանգությունը վերացնելու քաղաքականությունը: Նրանք հստակ արձանագրեցին, որ Ադրբեջանն «իրականացնում է հայկական մշակութային ժառանգության ցեղասպանություն»:
Այսպես, բանաձեւի հեղինակներից Պիտեր Վան Դալենը հիշեցրեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կարողությունը հասնում է միլիարդների, բայց նա եւ իր շրջապատը թաթախված են կոռուպցիայի մեջ, իր քաղաքական հակառակորդներին ենթարկում է ճնշումների, ապա ահազանգեց՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կյանքը սպառնալիքի տակ է. «Ադրբեջանն իր վարած քաղաքականությամբ անհնար է դարձնում ԼՂ ժողովրդի կյանքը: Ադրբեջանը հետեւողականորեն վերացնում է հայկական պատմամշակութային հուշակոթողները, եկեղեցիները, ընդհանրապես մշակութային ժառանգությունը: Մենք դատապարտում ենք այս ոտնձգությունները հայկական մշակութային կոթողների նկատմամբ եւ Բաքվի իշխանությունների հայատյացությունը: Հորդորում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին փաստահավաք առաքելությամբ գնալ Լեռնային Ղարաբաղ եւ հասկանալ իրավիճակի լրջությունը: Մենք արդարություն ենք պահանջում եւ դեմ ենք հանցավոր ռեժիմներին»: Այս ելույթը Եվրախորհրդարանում ընդունվել էր ծափողջյուններով:
Եվրախորհրդարանի՝ ազգությամբ քուրդ պատգամավոր Էվին Ինսիրն իր ելույթում նշեց՝ հետեւողականորեն ոչնչացվում է ԼՂ պատմամշակութային ժառանգությունը. «Հայկական պատմամշակութային ժառանգությունը աշխարհում հնագույններից մեկն է եւ անպայման պետք է պահպանվի: Այն, ինչ կատարում է Ադրբեջանը, պետության եւ այնտեղ ապրող մարդկանց դեմ հանցագործություն է: Դա հարձակում է ապագա սերունդների վրա: Այդպիսով Ադրբեջանը չի հարգում իր միջազգային պարտավորությունները»:
Եվրախորհրդարանի պատգամավորները պահանջեցին, որպեսզի փաստահավաք առաքելություն մեկնի Լեռային Ղարաբաղ, որպեսզի տեղում գնահատի իրավիճակը, եւ Ադրբեջանի նման հանցավոր վարքագիծը հստակ գնահատական ստանա: Շատերն օգտագործում էին Արցախի Հանրապետություն անվանումը: Պատգամավորներից Նատալի Լոսյուն հիշեցրեց, թե ինչպես Ադրբեջանը Նախիջեւանի տարածքում Ջուղայի հայկական գերեզմանոցի բակում ոչնչացրեց հայկական խաչքարերը: Ըստ նրա՝ չդատապարտվելով այս հանցագործության համար՝ այժմ Ադրբեջանը նման վարքագիծ է դրսեւորում: Իսկ պատգամավոր Չարլի Վեյմերսը ասաց՝ Ալիեւն իր այս գործողություններով ուզում է վերացնել պատմական հիշողությունն ու պատմական ինքնությունը: Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գլխավոր ներկայացուցիչ Վերա Յուրովան ընդգծեց՝ Եվրախորհրդարանը հստակ դիրքորոշում ունի. «Պետք է պահպանվի հայկական մշակութային ժառանգությունը, ապահովվի ժողովրդավարությունն ու կայուն զարգացումը: 2020-ի պատերազմն այս առումով ավելի վատթարացրեց իրավիճակը: Պետք է կատարվածին գնահատական տրվի»:
Ինչպես հայտնի է, Եվրախորհրդարանում վերջին բանաձեւի ընդունմանը իշխանությունների մասնակցությունը մինիմալ է եղել: Ինչպես բանաձեւի ընդունումից 2 օր առաջ «Առավոտին» հայտնել էր բանաձեւի ընդունման գործում լուրջ աշխատանքներ իրականացրած Դավիթ Շահնազարյանը, ԵՄ-ում Հայաստանի առաքելությունը նախագծի շուրջ որոշակի աշխատանք տարել էր։
Բանաձեւի ընդունումից 3 շաբաթ է անցել, իսկ պաշտոնական Բաքուն ոչ մի կերպ չի հանդարտվում: Հիշեցնենք, որ բանաձեւի ընդունումից դեռ մի քանի օր առաջ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր տելեգրամյան ալիքում ներկայացրեց ապացույցներ՝ ԵՄ-ում Ադրբեջանի դեսպանի հակահայ նամակների վերաբերյալ: «Վերջերս Եվրոպական խորհրդարանը ամրագրել էր, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պետք է լինի Արցախի խնդրի լուծման սկզբունքներից մեկը։ Այս հաջողության համար ծանր աշխատանք էին կատարել Դավիթ Շահնազարյանը եւ Հանրապետականը, ինչպես նաեւ Նաիրա Զոհրաբյանն ու «Հայ Դատի» եվրոպական գրասենյակը։ Պետության կողմից ոչ ԱԺ-ի, ոչ դեսպանատան մակարդակով այս հարցով չեն զբաղվել։ Ավելին, Բրյուսելում Ադրբեջանի դեսպանատունը կատաղի պայքար էր մղում մեր դեմ, հղում անելով նաեւ Նիկոլ Փաշինյանի համաձայնությունը ստացած որոշ փաստաթղթերի վրա։ Ահա ապացույցները։ Իմ ձեռքի տակ են հայտնվել Եվրոպական Միությունում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիկովի երկու նամակները, որոնք հրապարակվում են առաջին անգամ, եւ որոնց նպատակն էր ճնշում գործադրել եվրադեպուտատների վրա եւ մոլորեցնել նրանց»,- գրել էր նա:
Մարտի 10-ին Աշոտյանը, Եվրոպական խորհրդարանի կողմից բանաձեւի ընդունումը «շատ ուժեղ ապտակ» համարելով ադրբեջանական դիվանագիտությանը, նշեց. «Բանաձեւի ընդունման ուղղությամբ հսկայական աշխատանք է տարել Դավիթ Շահնազարյանը, իսկ Հանրապետական կուսակցությունն ու ես փորձել ենք լավագույնս աջակցել եւ առաջ տանել այս բանաձեւը: Բանաձեւի մասին Ադրբեջանի դեսպանատունն իմացել է մարտի 2-ին, որից մեկ օր անց Բրյուսելում Ադրբեջանի դեսպանը մի հիստերիկ նամակ էր ուղղել Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին՝ պահանջելով հանել այդ բանաձեւում, իր բնորոշմամբ, պրոհայկական ձեւակերպումները»: Ապա՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ օգուտ նման «թղթերից», ինքն էլ պարզաբանել էր. «Եթե մենք ունենայինք հայրենասեր իշխանություն, այս թղթերը կդառնային տրցակ, հետո՝ քաղաքականություն, կձեւավորվեր միջազգային տրենդ, միջազգային ուղղություն: Այդ ուղղության հիման վրա կձեւավորվեր միջազգային հանրության կարծիք, միջազգային ինստիտուտների գործիքակազմ եւ հնարավոր կլիներ հասնել կոնկրետ լուծումների ու Ադրբեջանի վրա բանեցնել ճնշումներ»:
Ադրբեջանի գործընկեր երկրներն ունեն տարբեր մակարդակի հարաբերություններ այդ երկրի հետ, եւ իհարկե, յուրաքանչյուր պետություն առաջնորդվում է իր շահերով: Իսկ ՀՀ իշխանությունները մտորո՞ւմ են այս նպաստավոր պայմաններում Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ու հասնելու ուղղությամբ գործընկեր պետությունների եւ նրանց պատգամավորների հետ կոնկրետ աշխատանքներ տանելու ուղղությամբ: Թե՞ Ադրբեջանի հետ «խաղաղության դարաշրջան» բացելու հնարավորություններով ոգեւորված՝ պաշտոնական Երեւանը համարում է, որ իր ձեռքում չպետք է ունենա այնպիսի «խաղաքարտեր», որոնք հայկական կողմին կընձեռեին հնարավորություններ Ադրբեջանի հետ բանակցություններում մանեւրելու, ինչ-որ չափով՝ ուժի դիրքերից հանդես գալու: Թե՞ միջազգային հեղինակավոր կառույցներում ադրբեջանական իշխանությունների թանկարժեք՝ «խավիարային դիվանագիտության» հակահայ գործունեության դեմ պետք է աշխատանքներ տանեն «նախկինները»: Ակնհայտ է, որ Եվրախորհրդարանում ընդունված բանաձեւը Հայաստանի իշխանությունները կարող են որպես լուրջ գործիք օգտագործել գործընկեր, բարեկամ երկրների հետ իրենց աշխատանքով եւ հասնեն ավելիին:
Բանաձեւի ընդունումից 3 շաբաթ է անցել, իսկ պաշտոնական Բաքուն ոչ մի կերպ չի համակերպվում այդ փաստի հետ: Ադրբեջանական լրատվական կայքերում հրապարակվել են բազմաթիվ ջղաձիգ հոդվածներ, թվիթերյան տիրույթում Եվրախորհրդարանի հասցեին դաժան քննադատությունների տարափ է, սուր բանավեճեր հայ եւ ադրբեջանցի փորձագետների, օգտատերերի միջեւ: Ադրբեջանցիները փորձում են եվրոպացի խորհրդարանականների ուշադրությանն արժանացնել Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքներում դեռ ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ ավերածությունների վրա՝ մատնանշելով դրանք որպես ՀՀ-ի կողմից վարած քաղաքականություն: Եվ, ի դեպ, նկատենք, որ ադրբեջանցիների պաշտոնական հարցումները, նամակներն ուղղված եվրոպացի պատգամավորներին անպատասխան են մնացել՝ լիակատար «ignore» ռեժիմում են:
Կրքերը չեն հանդարտվում անգամ Աշոտյանի հրապարակած՝ Եվրոպական Միությունում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիկովի երկու նամակների փաստի առիթով: Ադրբեջանցիները հրապարակավ քննարկում են, հոդվածներ են գրում, հարցազրույցներ էր տալիս այս թեմայով՝ թե ինչպե՞ս են ադրբեջանցի դեսպանի նամակները հայտնվել հայերի ձեռքում, եւ դրանում ուղղակի մեղադրում են եվրոպացի պատգամավորներին:
Այս ամենով հանդերձ՝ ՀՀ իշխանություններին, կարծես, չեն հետաքրքրում միջազգային հեղինակավոր կառույցում հայանպաստ բանաձեւի ընդունման համատեքստում ընձեռած հնարավորությունները, որոնցից պաշտոնական Երեւանը, միանշանակ, կարող է եւ պարտավոր է օգտվել:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 31.03.2022