Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Առաջարկվում է ավելացնել դատավորների աշխատակազմի թվաքանակը, ընդգրկելով նաեւ փորձագետների

Ապրիլ 01,2022 14:00

Հայաստանի դատական եւ իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությամբ եւ դրանից բխող գործողությունների ծրագրերով մանրամասն անդրադարձ է կատարվել դատավորի կարգապահական պատասխանատվության հետ կապված խնդիրներին, այդ թվում՝ պատասխանատվության հիմքերի հստակեցման անհրաժեշտության, կարգապահական հանձնաժողովի կազմավորման կարգին առնչվող հարցերին: Իրավապաշտպան կազմակերպությունների գնահատմամբ՝ «Թեեւ ՀՀ դատական օրենսգրքում նախանշված ուղղություններով կատարվել են առանձին օրենսդրական փոփոխություններ, որոշակիորեն բարեփոխվել է էթիկայի եւ կարգապահական հանձնաժողովի կազմավորման կարգը, կատարվել են փոփոխություններ նաեւ կարգապահական պատասխանատվության համակարգում, այնուամենայնիվ, գտնում ենք, որ ձեռնարկված միջոցները բավարար չեն նախանշված խնդիրները լուծված համարելու համար»:

ՀՀ արդարադատության նախարարության կողմից քննարկման է ներկայացվել ՀՀ դատական եւ իրավական բարեփոխումների 2022-2026 թթ. ռազմավարության նախագիծը, որի վերաբերյալ կազմակերպությունները հանդես են եկել մի շարք դիտարկումներով եւ առաջարկներով: Այդ դիտարկումներն ու առաջարկությունները մշակվել եւ ներկայացվել են ՀՀ արդարադատության նախարարություն հետեւյալ կազմակերպությունների կողմից՝ «Թրանսփերենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ», «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» եւ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»: Մասնավորապես, նրանք առաջարկում են նախագծում ներառել դատավորների բարեվարքության ստուգման համակարգի ամբողջական կարգավորման վերաբերյալ գործողություն, քանի որ դատական եւ իրավական բարեփոխումների ռազմավարությունը չի ներառում որեւէ դրույթ դատավորների կարգապահական պատասխանատվության ընթացակարգերի համար:

Առաջարկվում է ավելացնել դատավորների աշխատակազմի թվաքանակը, ընդգրկելով բացի օգնականներից եւ գործավարներից, նաեւ բարձր որակավորում ունեցող փորձագետների։ Ավելացնել ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում (Երեւան քաղաքում եւ մարզերում) քաղաքացիական մասնագիտացմամբ դատավորների թվակազմը։ Ինչպես նաեւ հրապարակայնացնել դատավորի թեկնածուների եւ թեկնածուների հավակնորդների բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունները՝ փոփոխելով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը՝ սահմանելով. «օրենքով սահմանված դեպքերում ու կարգով Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների, Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների, դատավորների թեկնածուների հավակնորդների, ինչպես նաեւ օրենքով սահմանված այլ դեպքերում բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացություններ ներկայացնելը, որոնք ենթակա են հրապարակման»։

Դիտարկումներում «չի մոռացվել» դատական տեղեկատվական համակարգը: Առաջարկվում է նախագծում ավելացնել «Datalex.am» կայքի արդիականացման գործողությունը՝ նախատեսելով որոնողական համակարգի բարելավման, ի թիվս այլնի, նաեւ բոլոր միջանկյալ դատական ակտերի հրապարակման եւ անձնական տվյալների պաշտպանության ապահովման գործողությունը։ Վերջին բաղադրիչի հետ կապված խնդիրը բարձրաձայնվել է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից՝ սկսած 2012 թվականից, սակայն առ այսօր լուծում չի ստացել: Նախագիծը նախկին ռազմավարությունների նմանությամբ նախատեսվում է հաստատել կառավարության որոշմամբ: Նախագծում անդրադարձ կա Վարչական արդարադատությանը եւ վարչական վարույթներին: Ըստ իրավապաշտպան կազմակերպությունների՝ դուրս են թողնվել այնպիսի կարեւոր կետեր, ինչպիսիք են վարչական մարմինների եւ նրանց գործողությունների վիճարկման շրջանակի ընդլայնումը, վարչարարության արդյունքում խախտված իրավունքների պաշտպանության երաշխիքների ապահովումը, վարչական ակտերի վերադասության կարգով բողոքարկման արդյունավետ մեխանիզմների ներդնումը:

Նախագծի ՀՀ Քաղաքացիական եւ քաղաքացիական դատավարության օրենսդրության բարեփոխում վերտառությամբ ռազմավարական նպատակում որպես գործողություն նախատեսված է «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում կատարել փոփոխություններ՝ վերանայելով վճռաբեկ բողոքը վերադարձնելու ինստիտուտը»։ Վճռաբեկ բողոքը վերադարձնելու լիազորությունը սույն գործողությամբ առաջարկվում է վերապահել ՀՀ Վճռաբեկ դատարանի գրասենյակին։ Այս իմաստով առկա են որոշակի խոչընդոտներ, մասնավորապես, որպեսզի գրասենյակին վերապահվի դատարանի կողմից իրականացվող լիազորություն, անհրաժեշտ է, որպեսզի գրասենյակի աշխատակիցները բավարարեն մի շարք պայմանների, որոնք ներկայացվում են օրինակ՝ դատավորների օգնականներին, այսինքն՝ ունենան համապատասխան կրթություն եւ որակավորում:

Նախագծում խոսք կա «Նոտարիատի մասին» օրենքի, հանրային պաշտպանի ինստիտուտի, Դատախազական համակարգի բարեփոխումների մասին:

Նոտարականի հետ կապված առաջարկվում է բարձրացնելով կատարողական մակագրության թերթի ինստիտուտի արդյունավետությունը, բարելավել նոտարին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգը, ապահովելով ինչպես նոտարների, այնպես էլ կողմերի շահերի արդյունավետ պաշտպանությունը, նվազեցնել դատական վեճերի հավանականությունը եւ ապահովել դատական վեճերի դեպքում հավելյալ ապացույցների օգտագործման հնարավորությունը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
31.03.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930