Լրահոս
Օրվա լրահոսը

Ինձ ասել են, որ Հայաստանի համար մեր առաջարկն ընդունելի է. Ալիև

Մարտ 31,2022 23:40

Մենք պետք է հնարավորինս արագ ստորագրենք խաղաղության համաձայնագիր Հայաստանի հետ : Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուի հետ հանդիպմանը՝ հավելելով, որ ըստ իրեն հասած ազդակների, Հայաստանն ընդունել է իրենց առաջ քաշած պայմանները:

«ԵՄ-ը հայտարարեց, որ նախագահ Միշելի նախաձեռնությամբ տեղի կունենա իմ նոր հանդիպումը Հայաստանի վարչապետի հետ: Հույս ունեմ, որ այդ հանդիպումն արդյունավետ կլինի: Արդեն մի քանի հանդիպում եղել է, և մենք պետք է առաջ շարժվենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ, և հնարավորինս կարճ ժամկետներում ստորագրենք այդ փաստաթուղթը: Ադրբեջանը ներկայացրել է իր սկզբունքները՝ ելնելով իր տեսլականից»,- ասել է Ադրբեջանի նախագահը:

Նա նաև նշել է, որ Ադրբեջանն ինքն է լուծել ղարաբաղյան հակամարտությունը, և հիմա ժամանակն է կարգավորել հայ-ադրբեջանական հարաբերությունները:

«Հակամարտությունն արդեն կարգավորված է: Ադրբեջանն ինքն է դա արել, և հիմա ժամանակն է կարգավորել հարաբերությունները Բաքվի ու Երևանի միջև: Մենք որոշակի հաղորդագրություններ ենք ստանում Հայաստանի պաշտոնատար անձանցից: Ինչպես ինձ վերջերս հայտնեցին, այդպիսի հաղորդագրություններից մեկն այն մասին էր, որ նրանք մեր առաջարկն ընդունելի են համարում: Դա շատ լավ նորություն է, և ես հույս ունեմ, որ դա կհստակեցվի Բրյուսելի հանդիպմանը: Մեր կողմից ներկայացված հինգ սկզբունքներն արտացոլում են միջազգային իրավունքի նորմերը և պատշաճ միջազգային վարքագիծը: Ինչպես ասում են՝ մենք նոր հեծանիվ չենք հորինում: Այդ բոլոր սկզբունքները ցանկացած երկրների միջև միջազգային հարաբերությունների հիմնարար սկզբունքներն են: Տարածքային ամբողջականության ճանաչում և միջազգային սահմանների անխախտելիություն, հետո սահմանազատում. կարծում եմ որ այս հիմքի վրա Կովկասում խաղաղություն կլինի: Մենք դա ենք ուզում»,- ասել է Ալիևը:

Նա նաև նշել է, որ Բաքուն Հարավային Կովկասի երեք պետությունների գործակցության համար ներուժ տեսնում է:  «Մենք ներուժ ենք տեսնում Հարավային Կովկասի երեք երկրների միջև ակտիվ գործակցության համար, և ես կարծում եմ, որ դա կարևոր կլինի ոչ միայն այդ երկրների, այլև ողջ տարածաշրջանի համար: Իհարկե, այդ հարցերը պետք է լուծել շատ զգույշ և ժամանակին»,- ասել է Ալիևը:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031