«Ադրբեջանական կողմը շատ լավ հասկանում է, որ լոկալ բախումների ժամանակ նրանք պետք է հնարավորինս զգույշ գործեն, որպեսզի ՌԴ զորախմբին մարդկային և տեխնիկայի կորուստներ չպատճառեն. դա կարող է լուրջ հետևանքներ ունենալ։ Այս և մի շարք այլ հանգամանքներ հաշվի առնելով, պետք է նշեմ, որ լոկալ բախումների հավանականությունը մեծ է». Aravot.am-ի զրուցակիցն է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանը:
– Այսօր, կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը բավական ուշագրավ հայտարարություններ արեց՝ մեղադրելով իր «կիրթ» գործընկեր Իլհամ Ալիեւին՝ պայմանավորվածությունների կամայական մեկնաբանությունների մեջ, փաստելով, որ այդպիսով Ադրբեջանը փորձում է «ՀՀ-ի եւ Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակման լեգիտիմություն» ձեռք բերել: Ինչո՞վ է պայմանավորված տեսակետի նման փոփոխությունն այն երկրի եւ ղեկավարի նկատմամբ, որի հետ դեռ մեկ շաբաթ առաջ Նիկոլ Փաշինյանը խաղաղության դարաշրջան էր բացում:
– Առնվազն զարմանալի է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր-նոր է հասկանում, որ Ադրբեջանը նոր պատերազմի է պատրաստվում։ Այն էլ այն դեպքում, որ մեծ հաշվով, ադրբեջանական կողմի վարքագծի մեջ փոփոխություն տեղի չի ունեցել։ Ինչպես 44 – օրյա պատերազմից առաջ, այնպես էլ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո, Ադրբեջանը նույն քաղաքականությունն է վարում՝ փորձելով կարճաժամկետ և երկարաժամկետ ժամանակահատվածում իր առջև դրված խնդիրը լուծել։ Մենք հիշում ենք, որ նոյեմբերի 9-ից հետո, ադրբեջանական կողմը բազմաթիվ սադրանքների է իրականացրել ոչ միայն արցախյան ճակատում, այլ նաև ՀՀ սահմանների գրեթե ողջ երկայնքով, ինչի արդյունքում, մինչև հիմա ՀՀ սուվերեն տարածքի ավելի քան 45 քառակուսի կիլոմետրը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո: Ուստի, այսքանից հետո խոսել, որ հակառակորդի քայլերում ինչ-որ նորություն է նկատվել, որի արդյունքում Նիկոլ Փաշինյանը նման եզրահանգման է եկել, առնվազն ոչ պրոֆեսիոնալ է։ Եթե Նիկոլ Փաշինյանն ինչ-որ գաղտնի հետախուզական տեղեկությունների է տիրապետում, ինչի հիման վրա եզրակացության է եկել, որ Ադրբեջանը փորձում է ՀՀ-ի եւ Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում իրականացնել, ապա դա այլ հարց է: Սակայն, այդ մասին ոչ մի ակնարկ նրա ելույթում չկար։ Ամեն դեպքում, իրավիճակը առավել քանի կանխատեսելի է, և զարմանալի է, որ իշխանության շարքերում այդ մասին նոր են խոսում, մինչդեռ բազմաթիվ փորձագետներ, քաղաքական և ռազմական գործիչներ բազմիցս բարձրաձայնել են այդ ամենի մասին։
Մյուս կողմից, պարզ չէ, թե մեր երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը ի՞նչ քայլեր է իրականացնում այդ ուղղությամբ։ Եթե դիվանագիտական ճակատում ժամանակ առ ժամանակ տեղեկատվություն է հայտնվում իշխանության իրականացրած ինչ-որ գործողությունների վերաբերյալ, ապա պաշտպանական ճակատում տեսանելի ոչ մի բան չի իրականացվում: Ասեմ ավելին՝ մոտալուտ պատերազմի մասին գուժող երկրի ղեկավարությունը մինչև հիմա նույնիսկ ԶՈՒ ԳՇ պետ չի նշանակել։ Երկրի ռազմաքաղաքական ղեկավարության գործառույթը միայն կանխատեսումների դաշտում չպետք է լինի, իրական քայլեր են պետք՝ սկսած քաղպաշտպանության ոլորտից, մինչ պետական այլ կառույցներ։
Կարդացեք նաև
Մենք ունենք աշխարհազորի մասին ընդունված օրենք, համաձայն որի բոլոր համայնքների ղեկավարները պետք է ունենան աշխարհազորի համար պատասխանատու տեղակալներ, սակայն բոլոր համայնքներում այդ հաստիքները թափուր են։ Եթե այդ մոդելը գործնականում ինչ-ինչ պատճառներով չի արդարացրել, ապա ժամանակին պետք էր այլ տարբերակներ մտածել և փորձել արդյունավետ լուծում գտնել, ոչ թե ձեռքները ծալած նստել ու հուսալ, որ «կիրթ» և «կառուցողական» մեր հարևանները մեզ հանգիստ են թողնելու, և խաղաղության դարաշրջան բացելու հերթական անիրատեսական խոստումներով բթացնել պետական ողջ ապարատի և հասարակության զգոնությունը։
– Ի դեպ, ՀՀ կառավարության ղեկավարը կարծես խոստովանեց՝ Ադրբեջանի նախագահն է մանիպուլացնում խաղաղության դարաշրջանի թեման՝ հօգուտ իր հավակնությունների: Նա նաեւ պնդեց, որ հարաբերությունների կարգավորման համատեքստում ԼՂՀ հայության իրավունքների պաշտպանությունը պետք է ամրագրվի հստակ՝ փաստելով, որ Ադրբեջանը էթնիկ զտումներ է սկսել Փառուխից եւ, որ ցանկանում է Արցախի ողջ հայությանը տեղահանել: Ի՞նչ է նշանակում այս հրապարակային խոստովանությունը մի բանի մասին, ինչը վաղուց էր ակնհայտ: Ի՞նչ գործողություններ պետք է հետեւեն սրան՝ Հայաստանի կողմից:
– Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը նորություն չէ, և նրանք բազմիցս խոստովանել են, որ իրենց վերջնական նպատակը Արցախի վերջնական հայաթափումն է եւ իրենց Արցախը պետք է առանց հայերի, ուստի, այդ իմաստով ևս զարմանալի է, որ Նիկոլ Փաշինյանն այդ արձանագրումն անում է միայն վերջին դեպքերից հետո։ Ընդամենը մի քանի ամիս առաջ, երբ ադրբեջանական կողմը տարբեր առիթներով մատ էր թափ տալիս և պահանջում, որպեսզի ՊԲ-ն դուրս բերվի Արցախից, ՀՀ ղեկավարության վերնախավում խոսում էին Ադրբեջանից եկող դրական ազդակների մասին։ Այստեղ ավելի տարօրինակ է այն, որ հիմա, երբ ՀՀ կառավարության ղեկավարի կողմից արձանագրվում է, որ ադրբեջանական կողմը ահաբեկչությունների է դիմում և ոտնահարում է արցախահայության իրավունքները, ադրբեջանական կողմից հնչում են հայտարարություններ, որ իրենք ՀՀ-ից դրական ազդակներ են ստանում:
Բացի նրանից, որ գործնական քայլեր պետք է իրականացնենք, որպեսզի կարողանանք դիմակայել սպասվող մարտահրավերներին, նաև այդ գործընթացում պետք է ներգրավվել հասարակության հնարավորինս լայն շերտերի։
– Նիկոլ Փաշինյանը նաեւ հայտարարեց՝ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի դուրսբերումը նշանակում է Լեռնային Ղարաբաղից հայերի դուրսբերում, եւ ըստ էության այս պահանջն է, որ Ադրբեջանը ձեւակերպում է. «Սրանով է նաեւ հիմնավորվում, Լեռնային Ղարաբաղը հայկական ամեն ինչից, այդ թվում հազարամյա եկեղեցիներից, խաչքարերից, գրառումներից ազատելու Ադրբեջանի քաղաքականությունը: Եվ Փառուխի իրադարձություններն են հիմնավորում, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը պաշտպանվելու կարիք ունի, այլապես կդառնա ցեղասպանության զոհ»: Ի՞նչ զարգացումներ են հնարավոր:
– Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ արձանագրում է, որ Հայաստանը Արցախի անվտանգության մասով ոչ մի գործառույթ չի իրականացնում, և Արցախի ՊԲ-ն ՌԴ խաղաղապահ զորախմբի հետ միասին, Արցախի անվտանգության միակ երաշխավորներն են։ Ադրբեջանի պաշտպանության նախարարը իր վերջին հայտարարությունում ասել էր, որ բանակը պետք է պատրաստ լինի նորագույն զինատեսակների կիրառմանը, ինչը ենթադրում է ԱԹՍ-ների և այլ գերճշգրիտ միջոցների կիրառում։ Ադրբեջանական կողմը շատ լավ հասկանում է, որ լոկալ բախումների ժամանակ նրանք պետք է հնարավորինս զգույշ գործեն, որպեսզի ՌԴ զորախմբին մարդային և տեխնիկայի կորուստներ չպատճառեն. դա կարող է լուրջ հետևանքներ ունենալ։ Այս և մի շարք այլ հանգամանքներ հաշվի առնելով, պետք է նշեմ, որ լոկալ բախումների հավանականությունը մեծ է։
-Պաշտոնական Երեւանը օրերս հերքել էր ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունն այն մասին, որ Հայաստանն իր ձեռք բերած ՍՈՒ-30-ները տրամադրել էր ՌԴ-ին՝ Ուկրաինայում կիրառելու համար: Այսօր, Նիկոլ Փաշինյանը կրկին հարկ համարեց հերքել դա:
-Ռուսական ավիոպարկն այնքան մեծ է, որ չեմ կարծում, թե նրանք մեր ընդամենը 4 միավոր ՍՈՒ-30 ՍՄ-ների կարիքն ունենան։ Դա ավելի շատ Հայաստանի թշնամի երկրների կողմից իրականացվող տեղեկատվական գրոհ է, որի միջոցով փորձ է արվում հարվածել նաև ՌԴ-ին՝ ստեղծելով տպավորություն, թե իբր Ռուսաստանի գործերն այնքան վատ են, որ սկսել են Հայաստանից ինքնաթիռներ և այլ տեխնիկական միջոցներ խնդրել։
Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ