Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալկոհոլն էլ է վնաս․ գիտակցող մարդ եմ եւ նարգիլե եմ ընտրում, ինձ դա է դուր գալիս»․ գործարարը՝ պատգամավորին

Մարտ 31,2022 21:33

«Երբ օրենքը քննարկվում էր 2019թ․-ից, հաշվի առանք, որ այդ պահին արդեն ներդրում արած տնտեսվարողներ կան, ուստի օրենքի ընդունման ժամկետը հետաձգվեց երկու տարով, որպեսզի տնտեսվարողների համար կանխատեսելի լինի, որպեսզի իմանան, որ կամ պետք է վերապրոֆիլավորվեն, կամ որոշեն՝ շարունակե՞լ, թե ոչ»,-ԱԺ-ում տեղի ունեցած աշխատանքային քննարկման ժամանակ այսօր հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը։ Հիշեցնենք, որ մարտի 15-ից հանրային սննդի փակ եւ բաց վայրերում արգելվել է  ծխախոտի եւ ծխախոտային արտադրանքի, փոխարինիչների օգտագործումը․ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր նարգիլե-ակումբների տնօրենները խորհրդարանում էին՝ աշխատանքային քննարկման մասնակցելու։

Արսեն Թորոսյանի խոսքով՝ հակառակ մոտեցումը կլիներ անարդար, եւ կառավարությունն ու ԱԺ-ն այդպես չեն վարվել․ «Այնպես չընկալվի, թե մենք փաստի առաջ ենք կանգնեցրել։ Ոչ։ Այս ամենը շատ կանխատեսելի էր եւ հայտնի դեռեւս երկու տարի առաջ։ Զարմանալի է, որ օրենքի ուժի մեջ մտնելուց մի ամիս առաջ հնարավոր է որեւէ տնտեսվարող հայտնվեր Երեւանում։ Իր համար պետք է ակնհայտ լիներ, որ մեկ ամիս անց չի կարողանալու այդ հատվածով տնտեսվարում իրականացնել։ Երկու տարի առաջ պետք է իմանայիք»։

Պարզվեց, որ այդ տնտեսվարողը եկել էր քննարկմանը՝ Սամսոնյան Արշակը, որը ներկայացավ որպես արտերկրյա կազմակերպության ներկայացուցչության ղեկավար․ «Երկար տարիներ աշխատել եմ ՌԴ-ում, որտեղ ծխելու արգելքը կա 2013թ․-ից, բայց պատուհան են թողել․ կալյանի սիրահարների համար կան այդ ակումբները։ Առաջին օբյեկտը տարվա վերջ էի բացել, եւս չորսի նպատակ կա։ Այսօր հյուրերի մեծ մասը ՌԴ-ից եւ այլ երկրների տուրիստներ են։ Դրսի ժողովուրդը շատ է կապված կալյանի հետ։ Այս օրենքը կվնասի տուրիզմին, բիզնեսին»։

Տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հետաքրքրվեց՝ իսկ մարդկանց առողջությա՞նը։ Արշակ Սամսոնյանը պատասխանեց․ «Կյանքում շատ բան կա, որ մեզ վնասում է՝ ալկոհոլ, ֆաստ-ֆուդ։ Ես գիտակցող մարդ եմ եւ դա եմ ընտրում, ինձ դուր է գալիս, եւ դա ինձ համար չարյաց փոքրագույնն է»։

Արշակ Սամսոնյանը նաեւ նշեց, որ հիմա օրենքի արգելքի պատճառով հաճախորդներին նարգիլե չեն տալիս, եւ շրջանառությունն 90%-ով նվազել է․ «Հիմնականում գալիս են կալյանի համար։ Իսկ խոհանոցից կամ խմիչքներից կօգտվեն, թե ոչ, դա արդեն մարդու որոշելիքն է։ Կալյան չուզող հյուր չունենք։ Երբ գալիս են ու իմանում, որ կալյան չենք տալիս, գնում են»։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հետաքրքրվեց՝ երբ առաջին ակումբը բացում էիք, տեղյակ չէի՞ք օրենքից։ Արշակ Սամսոնյանը պատասխանեց․ «Անկեղծ՝ տեղյակ չէի։ Լսել էի, որ տարիներ առաջ խոսակցություն  է եղել։ Զանգել էի առողջապահության նախարարություն։ Ոչ մեկ ինձ ստույգ բան չասաց։ Շատ լավ է, որ հանրային սննդի օբյեկտներում չծխեն, բայց կալյան-ակումբ գնացողը գիտի, թե ինչի համար է գնում»։

Հավելենք, որ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, ամփոփելով քննարկումը, հորդորել է մասնակիցներին ներկայացնել առաջարկներ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031