Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ
Տեղի է ունեցել հեռախոսազրույց վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ:
Վարչապետ Փաշինյանը ՌԴ նախագահին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումից հետո ստեղծված իրավիճակը եւ ցավով արձանագրել, որ իրադրությունը ոչ միայն չի կարգավորվել, այլեւ որոշ տվյալների համաձայն՝ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր են ադրբեջանական ստորաբաժանումների նոր սադրանքներ:
Վարչապետ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի գյուղերի բնակիչներին՝ բարձրախոսներով արվող հայտարարություններով ահաբեկելու, հոգեբանական ճնշումներ գործադրելու Ադրբեջանի գործելակերպի վերաբերյալ:
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանը կրկին ընդգծել է, որ խաղաղապահների ներկայությամբ ադրբեջանական ստորաբաժանումների այս գործողությունները եւ ներխուժումը Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի հարցեր է առաջացնում եւ ՌԴ նախագահին շնորհակալություն է հայտնել այդ իրավիճակի հետաքննություն անցկացնելու հարցին դրական վերաբերմունք ցուցաբերելու համար:
Վարչապետը ՌԴ նախագահին է ներկայացրել հայկական կողմի ակնկալիքը, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը միջոցներ կձեռնարկի ադրբեջանական ներխուժած ստորաբաժանումները ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտուց դուրս բերելու համար:
Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են միջոցներ ձեռնարկել ստեղծված իրադրությունը շուտափույթ կարգավորելու համար: Նրանք երկուստեք կարեւորել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի՝ ՌԴ նախագահի, Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի եռակողմ հայտարարությունների լիարժեք իրականացումը:
ՀՀ կառավարություն