Ապրիլի 13-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լուսինե Սեփխանյանի նախագահությամբ կկայանա Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի դատավարության հերթական նիստը։
Վերջինիս դատական գործը դատավոր Բորիս Բախշիյանի վարույթում էր։ Բախշիյանի նկատմամբ քրեական գործ հարուցելուց եւ կալանավորելուց հետո գործը վերամակագրվել է Լուսինե Սեփխանյանին։
Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի (խարդախության օժանդակելը կամ կազմակերպելը), 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) եւ 154.2-րդ հոդվածի (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը) հատկանիշներով։ Նա 2021թ.-ի հուլիսի 10-ին կալանավորվել է ։
Հիշեցնենք, որ Մանվել Փարամազյանի խափանման միջոց՝ կալանքը 2021թվականի դեկտեմբերի 17-ին դատարանի որոշմամբ 70 մլն դրամի դիմաց փոխվել էր ։ 2022թ-ի փետրվարի 7-ին վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը բեկանեց Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը եւ Փարամազյանը նորից կալանավորվեց։ «Իմ գործով ոչ մի նոր հանգամանք ի հայտ չի եկել, չկա տրամաբանություն՝ ինձ կալանավորելու։ Բայց ես համոզված եմ, այդ մեղավորները Աստծո կողմից հատուցում ստանալու են»,-ասել էր նա՝ լրագրողների հետ զրույցում՝ վերաքննիչ դատարանի նիստից հետո։
Կարդացեք նաև
Ի դեպ, մարտի 31-ը Մանվել Փարամազյանի ծննդյան օրն է։ Նա 45-րդ ամյակը դիմավորեց կալանավայրում։ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում Քաջարանի համայնքի ղեկավարների համակիրները, Քաջարանի համայնքապետարանի աշխատակիցները շնորհավորել էին նրա տարեդարձը։ Մանվել Փարամազյանի ընկեր, բարերար Գարիկ Ղազարյանը լուսանկար է տեղադրել եւ գրել՝«Ամեն ինչ դեռ առջեւում է, եղբա՛յրս, ծնունդդ շնորհավոր»։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ