Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Սյունիքի մարզպետի տեղակալ է նշանակվել 38-ամյա Հայկ Հարությունյանը։ Վերջինս մարզպետարանում նոր մարդ չէ։ Արդեն՝ 8 տարի է, ինչ աշխատում է Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության կրթության բաժնի պետ:
Ավարտել է Երեւանի պետական համալսարանի ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, աշխատել է Եղվարդի միջնակարգ դպրոցում՝ որպես մաթեմատիկայի եւ ֆիզիկայի ուսուցիչ, ապա` ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն։ Ամուսնացած է, ունի 3 զավակ:
Հայկ Հարությունյանը 2021 թվականի նոյեմբերի 14–ին կայացած Կապանի համայնքի ավագանու ընտրություններում առաջադրված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակի 4-րդ հորիզոնականում էր։ Նա ցուցակը գլխավորող, Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Դանիելյանի հետ՝ ավագանու անդամի ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել ։
Aravot.am-ի տեղեկություններով Հայկ Հարությունյանը նշանակվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քվոտայով, սակայն նրա նշանակումը ճշտվել էր Սյունիքի նորանշանակ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել այս տարվա փետրվարի 17-ին։ Հրաժարականից հետո նա նշանակվեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խորհրդի անդամ։
Ըստ շրջանառվող լուրերի, մոտ օրերս աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացնելու Սյունիքի մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը։ Անցած շաբաթ Կարո Ավանեսյանը եւ նրա օգնական Արմինե Սիմոնյանը գործուղվել էին հակակոռուպցիոն կոմիտե։։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ