Մարտի 31-ին ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար, Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Արթուր Հովհաննիսյանը հանդիպել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկիի եւ Երեւանում գտնվող Չեխիայի խորհրդարանական պատվիրակության անդամների հետ:
Հանդիպմանը ներկա են եղել նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ, Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի անդամներ Արփի Դավոյանը եւ Մերի Գալստյանը:
Ողջունելով հյուրերին Հայաստանի Ազգային ժողովում` Արթուր Հովհաննիսյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն ու Ադրբեջանի վերջին օրերի սանձազերծած սադրանքները:
«Պայմանավորված աշխարհաքաղաքական զարգացումներով` Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը փորձում է էթնիկ զտումներ իրականացնել Լեռնային Ղարաբաղում»,- ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը: Նա անդրադարձել է նաեւ ադրբեջանական կողմի տարածած ստահոդ լուրերին, թե իբրեւ հայկական կողմը ՌԴ-ին է փոխանցել իր հաշվեկշռում եղած չորս ռազմական ինքնաթիռ, թե իբրեւ Հայաստանը հրաժարվում է Ադրբեջանի հետ խաղաղության շուրջ բանակցություններից: «Դա բացարձակ ապատեղեկատվություն է»,- նշել է Արթուր Հովհաննիսյանը:
Կարդացեք նաև
Դիմելով չեխ գործընկերներին` «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը կոչ է արել հասցեական գնահատական հնչեցնել խնդրի վերաբերյալ: Նշվել է, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելուն:
ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկին նշել է, որ ստացած տեղեկատվությունը փոխանցում են ի պատկանելուն:
Այնուհետեւ հանդիպման մասնակիցներն անդրադարձել են երկուստեք բնապահպանական խնդիրներին, ընդգծել դրանց լուծման անհրաժեշտությունը: Կարեւորվել են նաեւ երկու երկրների գործարարների միջեւ կապերի խթանման ուղղությամբ տարվող քայլերը:
ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկին նշել է, որ առանց գործարարների ակտիվ մասնակցության` հնարավոր չէ լուծել տնտեսական ու բնապահպանական խնդիրները:
Արթուր Հովհաննիսյանը ողջույններ է փոխանցել Չեխիայի խորհրդարանում նորաստեղծ Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներին:
ՀՀ Ազգային ժողով