Մարտի 15-ից հանրային սննդի փակ եւ բաց վայրերում արգելվել է ծխախոտի եւ ծխախոտային արտադրանքի, փոխարինիչների օգտագործումը։ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր նարգիլե-ակումբների տնօրենները խորհրդարանում էին՝ աշխատանքային քննարկման մասնակցելու։ Հանձնաժողովի փոխնախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հայտարարեց, որ մասնագիտացված սրահներից՝ նարգիլե (կալյան)-ակումբ, սիգար-ակումբ, բազում բողոքներ են ստացել օրենքի հետ կապված. «Օրենքի հետեւանքով իրենք այլեւս չեն կարող գործունեություն ծավալել»։ Այնուհետեւ «Նարգիլե-գործարար համագործակցության միություն» հ/կ նախագահ, նարգիլե-ակումբի սեփականատեր Փանոսյան Ժորան հայտարարեց՝ միությունը վերջերս են ստեղծել, որովհետեւ օրենքում այդպես էլ փոփոխություններ չեղան։
«Քանի որ արձագանքը քննարկումների ժամանակ դրական էր, ակնկալում էինք, որ մեր առաջարկած փոփոխությունները տեղ կգտնեն օրենքում, բայց չգտան։ Խնդրի առաջ ենք։ Օրենքը պահում ենք, բայց փակման վտանգի առաջ ենք»,-նշեց նա։ Բաբկեն Թունյանը հարցրեց՝ «հիմա փակվե՞լ եք, թե փակման վտանգի տակ եք»։
Կարդացեք նաև
Ժորա Փանոսյանը պատասխանեց․ «Դեռեւս բաց ենք, շարունակում ենք վնասներ կրել, վարձավճար, աշխատավարձ ու տուրք, հարկ վճարել։ Եթե առաջիկայում օրենքում փոփոխություն չլինի, ստիպված փակվելու ենք։ Հաճախորդներն օգտվում են սննդից, բայց նարգիլե չենք մատուցում»։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը հետաքրքրվեց՝ եկամտի ո՞ր մասն է կազմում նարգիլեի վաճառքը։ Փանոսյանը պատասխանեց, որ նման հաշվարկ անելը դժվար է․ «Բայց շրջանառության 70-80%-ը կազմում է նարգիլեն։ Իսկ աշխատատեղերի զբաղվածությունը 500-1000 մարդ է կազմում»։
Ժորա Փանոսյանը նաեւ տեղեկացրեց, որ Երեւանում 40 -ից ավելի նարգիլե-ակումբ կա, մի քանիսն էլ Երեւանից դուրս են․ «Խնդիրը նրանում է, որ մասնագիտացված ակումբները հիմա գործում են որպես հանրային սննդի օբյեկտ։ Մեր առաջարկն է, որ մեզ առանձնացնեն սննդի օբյեկտներից, որպեսզի չլինի անհավասար մրցակցություն։ Պատրաստ ենք փակել մեր խոհանոցները, եւ մարդիկ կգան միայն ծխախոտ ծխելու։ Սննդի օբյեկտների դեպքում արտոնություն կա․ մարդը կարող է դուրս գալ, ծխել ու ներս մտնել։ Նարգիլե-ակումբի դեպքում այլընտրանք չկա։ Դա ժամանցի վայր է, նաեւ մշակույթ է: Մենք նաեւ համաձայն ենք լիցենզավորվել եւ տարեկան 1,5-2 միլիոն դրամի տուրք վճարել»։
Բաբկեն Թունյանը, ամփոփելով քննարկումը, հորդորել է մասնակիցներին ներկայացնել առաջարկներ եւ դրանք քննարկելու ու լուծումներ գտնելու պատրաստակամություն է հայտնել:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ