Լրահոս
Օրվա լրահոսը

Մամիջանյանի առաջարկը՝ արտգործնախարարը՝ տարեկան 4, իսկ վարչապետը տարեկան 2 անգամ զեկույց ներկայացնեն ԱԺ-ին, կառավարությունը մերժեց

Մարտ 31,2022 19:15

Կառավարությունն այսօր մերժեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի առաջարկը, որը, որպես օրենսդրական նախագիծ ներկայացվել էր կառավարության քննարկմանը: Նախագիծն ընդգրկված էր կառավարության նիստի օրակարգի չզեկուցվող հարցերի շարքում:

Պատգամավոր Մամիջանյանն առաջարկել էր, որպեսզի յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո, 20 օրվա ընթացքում արտգործնախարարը տարեկան չորս, իսկ վարչապետը տարեկան 2 անգամ զեկույց ներկայացնեն Ազգային ժողով։ Դրանք վերաբերելու են ՀՀ անվտանգության, պաշտպանության եւ արտաքին քաղաքականության համար ռազմավարական նշանակություն ունեցող հարցերում ընթացող գործընթացներին, դրանց շրջա­նակ­ներում վարվող բանակցություններին եւ ձեռք բերված կամ հնարավոր պայմա­նավորվածությունների առանցքը կազմող հիմնարար դրույթներին:

Որպես հիմնավորում Հայկ Մամիջանյանը նշել է, որ առաջարկվող կարգավորումը հնարավո­րություն կտա  պատգամավորներին տեղեկացված լինել Հայաստանի Հանրա­պետության արտաքին քաղաքականության, պաշտպանության եւ անվտանգության հարցերի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների, ստորագրված կամ քննարկման փուլում գտնվող փաստաթղթերի եւ ոլորտային այլ կարեւորա­գույն հարցերի վերաբերյալ, ինչպես նաեւ կստեղծի հնարավորություն խորհրդարանական բոլոր ուժերին, այդ թվում՝ փոքրամասնություն կազմող խմբակցու­թյուն­­ներին հավասարապես իրացնել Սահմանադրությամբ եւ օրենքով իրենց վերա­պահ­ված լիազորությունները, մասնավորապես, մշտական հանձնաժողովների աշխատանքների միջոցով իրականացնել խորհրդարանական վերահսկողու­թյունն ավելի լայն ծավալով:

Հայկ Մամիջանյանին պատասխանել է ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ մերժումը հիմնավորելով այսպես. «Հայաստանի Հանրա­պետության Սահմանադրության 156-րդ հոդվածի համա­ձայն՝ յուրաքանչյուր տարվա համար կառավարությունը զեկույց է ներկայաց­նում Ազգային ժողով իր ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին: Օրենքի 122-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ մշտական հանձ­նաժողովները կանոնակարգի 112-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահման­ված իրենց իրավասությունների շրջանակում՝ կարող են տեղեկություններ պահանջել Կառավարության ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ»:

Նախարարը նաեւ նշել է, որ օրենքի գործող կարգավորում­ները թույլ են տալիս մշտական հանձնաժողովներին պահանջել տեղեկություններ կառավա­րության ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ, հետեւաբար առկա են բոլոր մեխանիզմներն անհրաժեշտ տեղեկություններն ստանալու համար:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031