Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոր աղքատնե՞ր 21-րդ դարում. ի՞նչ է սպասվում»

Մարտ 31,2022 18:32

Աղքատությունը նոր երևույթ չէ համաշխարհային տնտեսության մեջ: Դարեր շարունակ այն ուղեկցել է նույնիսկ քաղաքակիրթ մարդկությանը: Սակայն 21-րդ դարում աղքատության մակարդակը ոչ միայն չնվազեց, այլ ընդհակառակը՝ COVID-19 համավարակն առավել ընդլայնեց «աղքատություն» կոչվող եզրույթի շրջանակները: Համաշխարհային բանկի Աղքատության և համընդհանուր բարգավաճման 2020թ. զեկույցում, ինչպես նաև նույն կազմակերպության բազմաթիվ փորձագետների հետազոտություններում, մասնավորապես հետազոտություններից մեկում (Ք. Լակներ և ուրիշներ) նշվում է, որ եթե 2017թ. աշխարհի բնակչության 9.2%-ը կամ 689 միլիոն մարդ աղքատության մեջ էր ապրում, ապա համավարակի ազդեցությամբ 2020թ. 71-ից մինչև 100մլն մարդ ևս կհայտնվի ծայրահեղ աղքատության մեջ (կսպառեն օրական 1,90 դոլար միջազգային շեմից ցածր եկամուտ):

Հետազոտողներն այս եզրահանգմանն էին եկել դեռևս իրենց նախորդ հետազոտության շրջանակներում: Կնշանակի՝ աղքատության հիմնախնդիրն աշխարհում խորանում է, առավել ևս, երբ բախվում ենք դեռևս շարունակվող և նոր զարգացումներով դրսևորվող համավարակին: Փորձագետները շարունակում են աղքատության վրա համավարակի ազդեցության կանխատեսումները և ներկայացնում նոր գնահատումներ: Նրանք նշում են, որ համավարակի ազդեցությամբ աշխարհում 88-115մլն մարդ ևս կհայտնվի աղքատության տիրույթում: Ավելին, 2021թ. «նոր աղքատներ»-ի շրջանակը կընդլայնվի՝ կազմելով 150մլն մարդ կամ աշխարհի բնակչության գրեթե 9,4%-ը: Աշխարհում «նոր աղքատներ»-ի թվի աճը տարածվում է նաև օրական 3.20 դոլար սահմանված աղքատության միջազգային շեմի տիրույթում ևս: Ըստ գնահատումների՝ այն աճել է 175-ից մինչև 228մլն մարդ (Համաշխարհային բանկի 2020թ. հունիսի և 2021թ. հունվարի հրատարակություններ): Ընդ որում, գնահատումների բոլոր դիպաշարերի դեպքում «նոր աղքատներ»-ի աճը հիմնականում գրանցվում է Հարավային Ասիայում, ընդ որում, ըստ հոռետեսական դիպաշարի՝ այն կկազմի աշխարհի բնակչության 56,5%-ը, իսկ տեղեկատվական-բազային դիպաշարի դեպքում՝ 49,3%-ը: Երկրորդ հորիզոնականում Աֆրիկան է՝ համապատասխանաբար 40,0% և 26,2%:

Այսպիսով, մասնագիտական շրջանակներում շրջանառության մեջ է դրվում մի նոր եզրույթ՝ «նոր աղքատներ»: Ովքե՞ր են նրանք: Ըստ Դ. Մահլեր և ուրիշների՝ «Նոր աղքատներ»-ն այն մարդիկ են, ովքեր աղքատության տիրույթում հայտնվեցին համավարակի ազդեցությամբ, մինչդեռ մինչհամավարակային զարգացումների տրամաբանությամբ նրանք գտնվելու էին աղքատության շրջանակներից դուրս:

Ըստ Համաշխարհային բանկի աղքատության գծով տնօրեն Կարոլին Սանչես-Պարամոյի՝ «նոր աղքատներ»-ին բացահայտելու և բնութագրելու մեթոդաբանությունը հիմնված է այն համեմատության վրա, որն անհրաժեշտ է կատարել «նոր աղքատներ»-ում ընդգրկված բնակչության երկու կատեգորիաների միջև․ նրանց, ովքեր կարող էին աղքատ չլինել, եթե համավարակը չլիներ, և նրանց, ովքեր հայտնվեցին աղքատության տիրույթում՝ համավարակի ազդեցությամբ: Անշուշտ, հաշվարկների համար կիրառվող հիմնական ցուցանիշը ՀՆԱ-ի համապատասխան կանխատեսումներն են: Այս մոտեցումների տիրույթում ավելորդ չենք համարում ևս մեկ անգամ նշել, որ եթե 2017թ.-ից հետո աշխարհում աղքատների թիվն ուներ նվազման միտում, և 2019թ. գլոբալ աղքատները կազմում էին աշխարհի բնակչության 8,2 տոկոսը, ապա 2020թ. նրանց թվաքանակը դարձյալ ընդլայնվեց, և ըստ կանխատեսումների՝ այն կկազմի աշխարհի բնակչության 9.2%-ը: Աղքատության գնահատման ժամանակակից կանխատեսումների համաձայն՝ եթե 2015թ. աշխարհում հաշվառվել են 741,4մլն աղքատներ, ապա COVID-19 համավարակի ազդեցությամբ, ըստ հոռետեսական դիպաշարի, նրանց թիվը 737,6մլն է (համավարակի բազային դիպաշարի կանխատեսումների համաձայն՝ 732,9մլն աղքատներ), իսկ 2021թ. այն կկազմի 751,5մլն աղքատներ (համավարակի բազային դիպաշարի կանխատեսումների համաձայն՝ 730,9մլն աղքատներ): Ընդ որում, նշենք, որ նախաքովիդյան կանխատեսումների համաձայն՝ աղքատների թիվը 2020թ․ պետք է նվազեր և կազմեր 613,7մլն մարդ, և հետևաբար 2021թ. աշխարհում կապրեին 588,4մլն աղքատներ:

Հիմնարար գործոնն այս զարգացումներում դրսևորվում է այն տարբերությամբ, որն ի հայտ եկավ 2020թ. երկրների տնտեսական աճի նվազման և այն նոր կանխատեսումների միջև, որոնք միջազգային կառույցները ներկայացնում էին մինչհամավարակային և պոստհամավարակային ժամանակահատվածների համար: Անշուշտ, շեղումներն այս շրջանակներում ակնհայտ են և շոշափելի, ինչը չէր կարող չազդել մարդկանց կենսամակարդակի ու նրանց միջև անհավասարության խորացման վրա:

Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (այսուհետ՝ ԱՄԿ) ևս ահազանգում է COVID-19 համավարակի այն խորն ազդեցության մասին, որը կարող է ունենալ աղքատության վրա: Այժմ համավարակն աշխարհում ազդում է ավելի քան 100 միլիոն աշխատողների վրա: Եվ, եթե զուգահեռաբար արձանագրենք, որ համավարակը դեռևս չի ավարտվել, սպասվում են նոր ռիսկեր, ապա իրավացիորեն ԱՄԿ-ը բարձրաձայնում է, որ զբաղվածությունը համաշխարհային տնտեսության մեջ նախահամաճարակային իրավիճակին կվերադառնա միայն 2023թ․: Ավելին, ԱՄԿ ղեկավար Գայ Ռայդերը շեշտադրում է. «…COVID-19 համավարակն ամենևին միայն առողջապահական ճգնաժամ չէ, երկարատև ժամանակաշրջան է հարկավոր, որպեսզի երկրները հաղթահարեն իրենց տնտեսությունները և սոցիալական միջավայրին հասցված վնասները… ոչ համակարգված մոտեցումների դեպքում ․.. մարդկային և տնտեսական կորուստներն է´լ ավելի կխորացնեն աղքատությունն ու անհավասարությունը»:

Այսպիսով, ինչպես միջազգային կառույցների, տարբեր երկրների, այնպես էլ ՀՀ բազմաթիվ հետազոտողներ շարունակում են հետաքրքրություն ցուցաբերել աղքատության հիմնախնդրի ուսումնասիրության նկատմամբ:

Արդ, ներկայացնենք մարդկային քաղաքակրթության երրորդ հազարամյակում դեռևս բազում ռիսկեր և սպառնալիքներ ամփոփող այնպիսի երևույթ, ինչպիսին աղքատությունն է:

ՆԱԽԱԲԱՆ

Մեր կողմից կատարված հետազոտության հիմնական նպատակը ՀՀ մակրոտնտեսական միջավայրի ներկա ցուցանիշների համալիր վիճակագրական վերլուծության միջոցով համավարակի ազդեցությամբ պայմանավորված առկա հիմնախնդիրների բացահայտումն է աղքատության խորապատկերին, այդ տիրույթում նաև աղքատության նորովի դրսևորումների մեկնաբանումը համաշխարհային տնտեսության մեջ, մասնավորապես զարգացած երկրների (այսուհետ՝ ԶԵ) ձևավորվող շուկաներում ու զարգացող երկրներում (այսուհետ՝ ՁՇ և ԶԵ):

Հետազոտությունը նպատակ է հետապնդում ներկայացնել՝

Աղքատության հիմնախնդրի նորովի դրսևորումները համաշխարհային տնտեսության մեջ՝ պայմանավորված COVID-19 համավարակի ազդեցություններով, և դրանց լուծման հեռանկարները,

Աղքատության ներկա իրավիճակը ՀՀ-ում և դրա նվազեցման հնարավորությունները:

Աղքատության հիմնախնդրի հետազոտության արդիականությունն այն է, որ աշխարհում դեռևս մոլեգնում է համավարակը, կանխատեսվում են վերջինիս ազդեցության ամենատարբեր դիպաշարեր, դեռևս իշխում է անորոշությունը, և նման պայմաններում առավել ցցուն ու մտահոգիչ են հասարակության մեջ խորացող անհավասարության, աղքատության տարբեր և նորովի դրսևորումները: Անշուշտ, խիստ հրատապ ու այժմեական է հիշյալ հիմնախնդրի ուսումնասիրությունը: Հայաստանը նույնպես ներգրավված է նշյալ իրողություններում:

Հետազոտության խնդրի լուծման արդյունքում նպատակադրվում է կատարել ոլորտին առնչվող առկա տեղեկատվության ուսումնասիրություն, ինչը կարող է օգտակար լինել կառավարությանը, քաղաքացիական հասարակությանը՝ COVID-19 համավարակի ազդեցությունների հետագա չեզոքացման և հետհամավարակային ժամանակահատվածում աղքատության նվազման, տնտեսական և սոցիալական արդարության փոխառնչություններում ներդաշնակ զարգացումներ ապահովելուն միտված միջոցառումներ մշակելիս: Այս տեսանկյունից անվիճելի է հետազոտության խնդրի և´ արդիականությունը, և´ հրատապությունը:

Ինչ վերաբերում է խնդրի լուծման նորույթին, ապա գաղտնիք չէ, որ համավարակի յուրահատկությունն արդեն իսկ նորույթ է հաղորդում ցանկացած հետազոտությանն այն տեսանկյունից, որ միաձուլվել են առողջապահական, տնտեսական և սոցիալական խնդիրները, որոնք փոխկապակցված են և շղթայաբար առաջացնում են թե´ տնտեսական և թե´ սոցիալական արդարության խզումներ: Այս տիրույթում խնդրի լուծման նորույթը պայմանավորված է աղքատության ոլորտում առկա իրավիճակի նորագույն դրսևորումների, երևույթի գնահատման տարբեր ցուցանիշների համադրման և հետագա զարգացումների ճանապարհային քարտեզի ներկայացմամբ՝ շեշտադրելով կարճաժամկետ ու երկարաժամկետ նպատակներ, չշրջանցելով ոլորտային հիմնախնդիրների և առաջնահերթությունների բացահայտումն ու հիմնավորումը:

Անվիճելի է, որ համաշխարհային տնտեսության գլոբալ հիմնախնդիրների (էկոլոգիական՝շրջակա միջավայրի, պարենային անվտանգության, արտաքին պարտքի, համաշխարհային օվկիանոսի յուրացման, խաղաղության պահպանման և այլն) տիրույթում աղքատության հիմնախնդրի առավել ամբողջական և համակարգված բացահայտումն ու դրա լուծմանն ուղղված միջոցառումների փաթեթը կնպաստեն սոցիալական ոլորտի հետ կապված որոշ խնդիրների լուծմանն ու վերջապես երկրում բնակչության կենսամակարդակի նկատելի աճին։

Հետազոտության մեթոդաբանությունը

Հետազոտության համար տեսական և մեթոդաբանական հիմք են ծառայել հետազոտվող թեմային նվիրված միջազգային տնտեսական կազմակերպությունների զեկույցները, հայ և արտասահմանյան տնտեսագետների գիտական հրապարակումներն ու աշխատությունները, ինչպես նաև փորձագիտական հանրույթի կարծիքները: Որպես տեղեկատվական հիմք օգտագործվել են ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեի տեղեկատվական զեկույցների, վիճակագրական ժողովածուների և տեղեկագրերի, միջազգային կազմակերպությունների (Համաշխարհային բանկ, Արժույթի միջազգային հիմնադրամ, Եվրոստատ և այլն) պաշտոնական վիճակագրական հրապարակումները, ինչպես նաև ՀՀ օրենքներն ու այլ իրավական ակտեր: Հետազոտության մեջ կիրառվել են վիճակագրական վերլուծության համալիր մեթոդներ, այն է` գրաֆիկական և աղյուսակային, բացարձակ, հարաբերական ցուցանիշների, փոխկախվածությունների վերլուծության և կանխատեսման տարբեր մեթոդներ: ՀՀ-ում աղքատության վերաբերյալ որոշակի տվյալներ հրապարակում է ՀՀ Վիճակագրական կոմիտեն իր՝ «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը», ինչպես նաև «Պարենային ապահովությունը և աղքատությունը» զեկույցներում:

Ներկայացնենք Հայաստանում աղքատության իրավիճակը մինչհամավարակային, անշուշտ նաև մինչպատերազմյան և, բնականաբար, հետպատերազմյան ու շարունակվող համավարակային անորոշությունների տիրույթում՝ չշրջանցելով համաշխարհային տնտեսության մեջ աղքատության հիմնախնդրի ներկա զարգացումների և գնահատման հակիրճ ներկայացումը:

ՀԱՄԱՎԱՐԱԿԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ. ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ՆՈՐՈՎԻ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԸ

COVID-19 համավարակի ազդեցությամբ աշխարհի նույնիսկ խոշորագույն երկրները հայտնվեցին ռեցեսիայի փուլում: Ճգնաժամն աննախադեպ էր և նախադեպ է նրանով, որ դրա հիմքում առողջապահական համակարգն էր, վերջինիս հետագա տարածումը տնտեսության մեջ: Մինչ այսօր համավարակի բացասական հետևանքները շարունակվում են այնպիսի խորությամբ, ինչպիսին թելադրում է համավարակի գրեթե 3 տարի տևողությունը և պատվաստումների դանդաղ ընթացող գործընթացը: Այսուհանդերձ, Համաշխարհային բանկի «Համաշխարհային տնտեսության հեռանկարները» 2021թ. հունիսյան զեկույցում նշվում էր, որ համաշխարհային տնտեսությունն աճ է գրանցում, սակայն խիստ անհամաչափ, մասնավորապես արձանագրվեց, որ 2021թ. համաշխարհային տնտեսությունը կգրանցի 5,6% աճ 2020թ. 3,2% անկման դիմաց: Հատկապես նույն ժամանակահատվածում ԶԵ-ում այդ ցուցանիշները կկազմեին համապատասխանաբար 5,4% և -4,7%, իսկ ՁՇ և ԶԵ-ում՝ 6,0% և -1,7%:

Արժույթի միջազգային հիմնադրամի գլոբալ կանխատեսումների 2021թ. հոկտեմբերյան զեկույցում ևս արձանագրվել են հոռետեսական դիպաշարեր։ Այսպես, 2021թ. ԶԵ-ում տնտեսական աճը կկազմի 5,2%, իսկ ՁՇ և ԶԵ-ում՝ 6,4%: Ակնհայտորեն, նույն կառույցի հունիսյան կանխատեսումների համեմատությամբ իրավիճակն ավելի անորոշ էր հատկապես ՁՇ և ԶԵ-ում: Տնտեսության վերականգնումն այդ երկրներում շատ ավելի դանդաղ է իրականացվում այն պարզ պատճառով, որ ԶԵ–ի համեմատությամբ այստեղ համավարակն ունի ավելի կործանարար ազդեցություն (աղքատության խորացում, գործազրկության բարձր մակարդակ, պարենային դեֆիցիտի խորացում)՝ այն պարզ պատճառով, որ առկա էին և առկա են համավարակի հաղթահարման սուղ ֆինանսական ռեսուրսներ, արտաքին պարտքի ծանր հիմնախնդիր, ներկա պահին՝ պատվաստման նվազագույն ակտիվություն և ռեսուրսներ՝ ի տարբերություն ԶԵ-ի:: Մասնավորապես նշենք, որ ցածր եկամտով երկրներում բնակչության ընդամենը 7%-ն է ստացել մեկ դեղաչափ պատվաստանյութ, մինչդեռ առավել բարձր եկամտով երկրներում՝ ավելի քան 75%-ը: Անխուսափելիորեն նման իրավիճակն անմիջականորեն անդրադառնում է բնակչության ամենախոցելի խավերի վրա: Համաշխարհային բանկի փորձագետների ուսումնասիրության արդյունքում փաստվում է, որ «անհավասարության համաճարակի» պատճառով աշխարհում ծայրահեղ աղքատների թիվը 2020թ. աճեց, և վերջին 20 տարվա ընթացքում առաջին անգամ ևս 100մլն մարդ սկսեց ապրել օրական 1,90 դոլլարից պակաս եկամտով:

Անդրադառնանք Համաշխարհային բանկի վերջին՝ «Համաշխարհային տնտեսության հեռանկարները» 2022թ. հունվարյան զեկույցին, որտեղ արձանագրվեց այն իրողությունը, որ կանխատեսումները դրսևորվեցին առավել հոռետեսական դիպաշարով: Այսպես, համաշխարհային տնտեսության մեջ 2021թ. արձանագրվեց 5,5% տնտեսական աճ (կանխատեսումը՝ 5,6%), իսկ ԶԵ-ում և ՁՇ և ԶԵ-ում համապատասխանաբար՝ 5,0% և 6,3% տնտեսական աճ (կանխատեսումը համապատասխանաբար՝ 5,4% և 6,0% ): Նշյալ զեկույցում մասնավորապես ընդգծվում է այն փաստը, որ համաշխարհային տնտեսության վերականգնումն անչափ դանդաղում է՝ պայմանավորված COVID-19 համավարակի նոր դրսևորումներով, բազմաբնույթ նոր ռիսկերով, անկանխատեսելի ֆինանսական սթրեսներով ու գնաճային սպասումներով։ Ավելին, շրջակա միջավայրի հիմնախնդիրները կարող են ազդել հումքային ապրանքների գների տատանումների վրա, կարող է առավել սրվել արտաքին պարտքի հիմնախնդիրը՝ կապված վերաձևակերպումների հետ:

Ավելին, նշյալ զեկույցում համաշխարհային տնտեսության մեջ տարբեր երկրներում տնտեսական աճի կանխատեսումների առնչությամբ ընդգծվում է, որ 2022թ. համաշխարհային տնտեսության մեջ կգրանցվի հետընթաց՝ 4,1% տնտեսական աճ՝ 2021թ. 5,5% տնտեսական աճի դիմաց, ընդ որում, ԶԵ-ում նույն ժամանակահատվածում արձանագրվում են համապատասխանաբար 3,8%՝ նախորդ տարվա 5,0% տնտեսական աճի դիմաց, իսկ ՁՇ և ԶԵ-ում՝ 4,6% ՝ 2021թ. 6,3% տնտեսական աճի համեմատությամբ: Այս համատեքստում կարևորում ենք ԱՄՆ-ի և Չինաստանի փոխհարաբերությունների հեռանկարները, որոնց վերաբերող վերը հիշատակված զեկույցում տնտեսական աճի համապատասխան կանխատեսումներն են՝ համապատասխանաբար 2022թ. և 2021թ.՝ ԱՄՆ՝ 3,7% և 5,6%, և Չինաստան՝ 5,1% և 8%: Իրականում ԱՄՆ-Չինաստան մրցապայքարը «թեժանում է», որով և պայմանավորված են աշխարհատնտեսական զարգացումները բոլոր տարածաշրջաններում ու ոլորտներում:

Համաշխարհային բանկի հունվարյան զեկույցում ևս մեկ անգամ կարևորվում է համավարակի ազդեցությամբ սոցիալական լարվածությունների ուժգնացումը, մասնավորապես անհավասարության խորացումը բնակչության տարբեր շերտերի միջև: Վերջինս աներկբայորեն դրսևորվում է հատկապես աղքատության մակարդակի խորացման մեջ: Բավական է արձանագրել այն փաստը, որ դեռևս Համաշխարհային տնտեսական համաժողովի կողմից ներկայացված Ներառական զարգացման համաթվի հաշվարկման շրջանակներում արդեն իսկ 23-րդ հորիզոնականը զբաղեցրած ԱՄՆ-ը խնդիր ուներ երկրում աղքատության գնահատման հետ կապված: Եթե 1974թ․ ԱՄՆ-ում աղքատները կազմել են երկրի բնակչության 0,5%-ը, ապա 2018թ. այդ թիվը կազմել է 1%: Չինաստանում 1990թ. աղքատության մակարդակը կազմել է 66,3 %, իսկ 2016թ. նվազել է և կազմել բնակչության 0,5%-ը: Այս վիճակագրությունը վերաբերում է օրական 1,90 դոլար՝ միջազգայնորեն սահմանված աղքատության գծին: Ցուցանիշների դինամիկայի միտումները նույնն են նաև օրական 3,20 դոլար՝ միջազգայնորեն սահմանված աղքատության գծի դեպքում: Կնշանակի՝ աղքատության հիմնախնդիրն այսօր անհանգստացնում է ոչ միայն ցածր, միջին և բարձր եկամտով երկրներին, այլ նաև նույնիսկ գերհզոր երկրներին: Ցավոք, «Սև կարապ»-ն իր գործն արեց և ասպարեզ հրավիրեց «նոր աղքատներ»-ին:

Համավարակի շարունակականության և, բնականաբար, աղքատության վրա նրա ազդեցության գնահատման նորովի դրսևորումներից առավել անհանգստացնողն ու խորքային ռիսկեր պարունակողն այն հանգամանքն է, որ մարդն աշխատում է, զբաղված է, սակայն աղքատության տիրույթում է, նա ի զորու չէ բավարարել իր և իր ընտանիքի նվազագույն պահանջմունքերը: Ավելին, «նոր աղքատներ»-ը հատկապես գյուղական վայրերում են, երիտասարդների (15-24 տարեկան) և կանանց շրջանում: Անհանգստացնող է նաև մանկական աղքատության տարածումը: Աշխարհում 6 երեխաներից մեկը կամ որ նույնն է՝ 356մլն երեխա ապրում է ծայրահեղ աղքատության մեջ: Ընդ որում, այս երեխաներն ապրում են օրական 1,90 դոլար՝ միջազգայնորեն սահմանված աղքատության գծում գտնվող ընտանիքներում: Անխոս, հպանցիկ կարելի է պատկերացնել, թե համավարակը որքան կվատթարացնի իրավիճակն այս ընտանիքներում: Աղքատությունն ակտիվանում է նաև քաղաքական հակասություններով լեցուն տարածաշրջաններում ու կլիմայական փոփոխություններին գրեթե չդիմակայող ՁՇ և ԶԵ երկրներում:

Աշխատանքի միջազգային 109-րդ համաժողովը 2021թ. հունիսի 17-ի իր հայտարարության մեջ երկրներին կոչ է անում տնտեսության և սոցիալական ոլորտների վերակականգնումն իրականացնել լիովին ներառական, կայուն և դիմացկուն մոտեցումներով: Այդ նպատակով նախատեսվող գործողություններն ընդգրկում են միջոցառումներ, որոնք հարկ է, որ իրականացնեն երկրների կառավարությունները, գործատուները, արհմիությունները: Միջոցառումների այս խումբը միտված է աշխատողների սոցիալական պաշտպանվածությանն ու ձեռնարկատիրության աջակցմանը: Միջոցառումների երկրորդ փաթեթն ուղղված է միջազգային համագործակցության ակտիվացմանը, որի հիմքում երկրների հետճգնաժամային վերականգնման ռազմավարությունն է: «Համավարակի վերականգնման արդյունավետությունը մեծապես կախված կլինի վերականգնման ծավալներից և ներառականությունից… եթե առանձնահատուկ անդրադարձ չլինի խորացող անհավասարությանը, ապա համավարակի տնտեսական և սոցիալական հետևանքներն առավել անդառնալի ռիսկեր կառաջացնեն երիտասարդների, կանանց և երեխաների շրջանում: Զգալիորեն կտուժի նաև միկրոձեռնարկատիրությունը, որն աշխարհում ապահովում է աշխատատեղերի մեծ մասը», – նշել է ԱՄԿ-ի ղեկավարը:

Այսպիսով, COVID-19 համավարակն անխտիր խոցեց աշխարհի բոլոր երկրներին՝ անկախ եկամտի մակարդակից ևառողջապահական համակարգի հագեցվածությունից: Համավարակը հատկապես խորացրեց հասարակության տարբեր շերտերի միջև անհավասարությունն ու ակնառու դրսևորվեց կանանց, երիտասարդների և երեխաների շրջանում: Քովիդյան ժամանակահատվածում տնտեսությունների վերականգնման բազմաշերտ ու տարբերակված հնարավորությունները ԶԵ-ում և ՁՇ և ԶԵ-ում հանգեցրեցին մի այնպիսի իրավիճակի, որ աղքատության մեջ հայտնվեցին մարդիկ, ովքեր «Սև կարապներ»-ի բացակայության պարագայում կարող էին ավելի բարեկեցիկ ապրել ու չպիտակավորվել, այն է՝ «նոր աղքատներ»:

Աղքատության հիմնախնդրի նորովի դրսևորումը «Գլոբալացում-4»-ի պարագայում և դրա համակողմանի լուծմանը միտված միջոցառումների փաթեթն ամբողջ աշխարհում պահանջում է աշխարհի երկրների միջև ներդաշնակ և վերարժևորված փոխառնչություններ՝ առողջապահության ժամանակակից գործիքակազմով վերազինման, տնտեսության երկարաժամկետ զարգացմանն ուղղված առաջնահերթ ոլորտների վերականգնման, մարդկային կապիտալում ներդրումների և արդյունաբերական չորրորդ հեղափոխության պահանջներից ելնելով՝ նոր աշխատատեղերի ստեղծման նպատակով։

Այսպիսով, աղքատության կրճատման հենասյունը համաշխարհային տնտեսության մեջ «Արդյունաբերություն-4»-ի ներդրումն է՝ աշխատանքի արտադրողականության բարձրացմանը միտված գործողությունները, որոնք աներկբայորեն ապահովում են անհամեմատ կայուն և երկարաժամկետ դիմադրողականություն՝ անկախ «Սև կարապներ»-ից:

ՀԱՄԱՎԱՐԱԿԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՌԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ՍՊԱՍՈՒՄՆԵՐԸ

COVID-19 համավարակը չխնայեց նաև Հայաստանին: Ցանկացած երկրի մակրոտնտեսական իրավիճակն արտացոլում և պայմանավորում է տվյալ երկրում զարգացման առկա իրավիճակը, հնարավոր դրսևորումներն ու սպասումները: Այն տնտեսության զարգացման հայելին է, որից արտացոլանքը թույլ է տալիս գոտեպնդվել կամ ընդհակառակը՝ ցուցաբերել զգոնություն և ընդունել իրատեսական ու առաջընթաց պայմանավորող որոշումներ:

Այս հարթության մեջ փորձենք ուսումնասիրել ու կատարել որոշ եզրահանգումներ՝ վերջին տարիներին ՀՀ մակրոտնտեսական իրավիճակը բնութագրող ցուցանիշների համադրման միջոցով (տե՛ս գծապատկեր 1): ՀՀ մակրոտնտեսական միջավայրի 2021թ. ցուցանիշների համադրումը նախորդ տարիների նույն ժամանակահատվածի ցուցանիշների հետ փաստում է, որ չնայած տնտեսության մեջ վերջին տարիներին գրանցված աննշան վերելքներին և վայրէջքներին՝ 2021թ., մասնավորապես առաջին կիսամյակում նկատելի էր որոշակի առաջխաղացում: Սակայն արձանագրված դինամիկան դեռևս խոստումնալից չէր, ուստի և վաղ էր խոսել տնտեսության ակտիվ վերականգնման և հնարավոր վերընթաց զարգացումների մասին: Նման եզրահանգման հիմնական պատճառն այն է, որ ցուցանիշների համադրումն իրականացվում է նախ համավարակով, հարկադրված պարապուրդներով պայմանավորված բազային ցուցանիշների անհամեմատ ցածր մակարդակով, ինչն էլ, բնականաբար, դրսևորվեց 2021թ. առաջին կիսամյակում՝ ՀՀ մակրոտնտեսական ցուցանիշների առավել աճող վարքագծում։

Գծապատկեր 1. ՀՀ մակրոտնտեսական իրավիճակը բնութագրող ցուցանիշները 2018-2021թթ.

ՀՀ ՎԿ 2021թ. դեկտեմբերի 6-ի հրապարակումը, որն ամփոփում է 2021թ. հունվար-հոկտեմբեր ամիսների զարգացումները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, դարձյալ փաստում է պոստլոքդաունյան ժամանակահատվածում տնտեսության զարգացման դանդաղ, նույնիսկ որոշ ցուցանիշների գծով հետընթաց զարգացումների մասին: Երբ համեմատում ենք 2021թ. տարեվերջյան մակրոտնտեսական ցուցանիշների (2021թ. հունվար-հոկտեմբերը 2020թ. հունվար-հոկտեմբերի նկատմամբ) դինամիկան 2021թ. հունվար-սեպտեմբերը 2020թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշների փոփոխությունների հետ, ապա արձանագրում ենք, որ շարունակել է անկում գրանցել տնտեսական ակտիվության ցուցանիշը -0,1տոկոսային կետով, էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նվազել են -3,1տոկոսով, նվազել են շինարարության ծավալները -0,3 տոկոսային կետով: Նվազագույն դրական դինամիկա է արձանագրվել արդյունաբերական արտադրանքի ծավալների փոփոխության մեջ՝ +0,4%, առևտրի շրջանառության ծավալներն ավելացել են 0,6%-ով, իսկ արտաքին առևտրաշրջանառության ծավալների 1,4%-ով բարելավումը պայմանավորված է ներմուծման ծավալների 2,4% դրական դինամիկայով,ինչպես նաև հանքահումքային արտադրանքի գների բարձրացմամբ, ընդ որում, արտահանման ծավալները հիշյալ ժամանակահատվածում նվազել են -0,3%-ով:

Մակրոտնտեսական իրավիճակը շարունակում է «խոստումնալից» չլինել՝ չնայած այն հանգամանքին, որ ՀՀ ՎԿ 2022թ. հունվարի 10-ի հրապարակումներում, ինչպես նաև տարեվերջյան ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող (ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները 2021թ. դեկտեմբերին) (2022թ. հունվարի 31-ի դրությամբ)) հրապարակումներում արձանագրվում է մակրոտնտեսական ցուցանիշների աննշան դինամիկա:

Մասնավորապես, նշենք, որ նշյալ ժամանակահատվածում գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճ՝ 5,8%․ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ՝ ծառայություններ՝ +7,8%, առևտրի շրջանառություն՝ +7,5%, շինարարություն՝ +7,4%, արդյունաբերական արտադրանք՝ +3,5%, գյուղատնտեսություն՝ -1,1%, սպառողական գների ինդեքս՝ 7,2%, արտաքին առևտրաշրջանառություն՝ +17,7%, արտահանում՝+19,1%, ներմուծում՝ +16,9%: Եվս մեկ անգամ նշենք, որ նման արդյունքները ներառական չեն, դրական դինամիկա գրանցած մակրոտնտեսական ցուցանիշները գեներացվող չեն: Օրինակ, տնտեսական ակտիվության ցուցանիշի կառուցվածքում որոշիչ են հանքարդյունաբերության, շինարարության ոլորտներում աշխուժացումը, իսկ ծառայությունների զգալի տեսակարար կշիռը պայմանավորված է ոչ ներառական, չգեներացվող ծառայությունների ծավալների աճով:

Ուստիև ՀՀ տնտեսության տարեվերջյան զուսպ «աշխուժացումը» չենք կարող համարել ներառական, հուսադրող զարգացում՝ այն պարզ պատճառով , որ շարունակում է աճել սպառողական գների ինդեքսը, գնաճ է սպասվում բնակչության սպառման և գործարարության զարգացման դրական միտումներն ապահովող այնպիսի ապրանքատեսակների գծով, ինչպիսին գազն է, էլեկտրաէներգիան, ջուրը:

Նորանոր դրսևորումներով շարունակվում է համավարակը: Եվ, վերջապես, Համաշխարհային բանկի «Համաշխարհային տնտեսական հեռանկարներում» ևս կանխատեսումները հոռետեսական դիպաշարով են, այն է՝ 2022թ. ՀՀ տնտեսական աճը կկազմի 4,8%, 2021թ.՝ 6,1% վերանայված կանխատեսման դիմաց: ՀՀ 2021թ. մակրոտնտեսական ցուցանիշների նման դինամիկան գերազանցապես պայմանվորված է հանրության մեջ դեռևս իշխող բացասական սպասումներով (անորոշության ու անվստահության դեռևս իշխող մթնոլորտով, սպառողների «զուսպ պահանջարկով, արտադրողների և ներդրողների ծայրահեղ զգուշավորությամբ, ինչու չէ նաև քաղաքական գործոններով): Եվս մեկ անգամ փաստենք, որ Հայաստանի տնտեսությունը դեռևս վերականգնման փուլում է, և այն դեռևս չի վերականգնվել COVID-19 համավարակի և 44-օրյա պատերազմի հետևանքներից:

Այս տիրույթում փաստենք մեկ կարևոր հանգամանք․ մակրոտնտեսական իրավիճակն իր խորքային, երկարատև և շղթայական ազդեցություններն է գրանցում հատկապես սոցիալական միջավայրի վրա, ինչի մասին ահազանգում են ոչ միայն միջազգային կառույցները:

Այսուհանդերձ, արդյո՞ք վերոնշյալ, ոչ այնքան «խոստումնալից» մակրոտնտեսական ցուցանիշներն ի զորու են հաղորդել որոշակի ներառականություն սոցիալ-տնտեսական զարգացումներին և մեղմել արդեն ակնհայտ ու ազգային անվտանգության ապահովումը խաթարող այնպիսի երևույթ, ինչպիսին աղքատությունն է:

Արդ, փորձենք մեր կողմից կատարված հետազոտության շրջանակներում վերլուծել 2019-2020թթ․ աղքատության հիմնախնդրին առնչվող համապատասխան վիճակագրությունը, ինչը թույլ կտա բացահայտել COVID-19 համավարակի ազդեցությամբ աղքատության խորացման հիմնարար պատճառները, ներկայացնել դրանց հնարավոր հաղթահարման ուղիները:

«ՆՈՐ ԱՂՔԱՏՆԵՐ»-Ը ՀՀ-ՈՒՄ․ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՆՈՐ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ COVID-19 ՀԱՄԱՎԱՐԱԿԻ ՏԻՐՈՒՅԹՈՒՄ

Սույն հետազոտության շրջանակներում աղքատության ցուցանիշների համադրումը հնարավոր է բացառապես 2019-2020թթ. պայմաններում: Պատճառն այն է, որ 2019թ. սկսած աղքատության մակարդակը ՀՀ-ում գնահատվում է նոր և ճշգրտված մեթոդաբանությամբ, որն իրականացվել է Համաշխարհային բանկի փորձագետների միջնորդությամբ: Նոր ցուցանիշները համադրելի չեն նախորդ տարիների ցուցանիշների հետ, ուստիև հետազոտության շրջանակները կսահմանափակվեն նշյալ ժամանակահատվածում աղքատությունը բնութագրող ցուցանիշների ուսումնասիրությամբ և այդ տիրույթում համավարակով պայմանավորված որոշակի դրսևորումների բացահայտմամբ: 2019թ. գնահատված աղքատության մակարդակները 2009թ. սպառման զամբյուղի և մեթոդաբանության վրա հիմնված աղքատության գնահատման ցուցանիշներից տարբերվում են որոշ առումներով.

ա) սպառման ագրեգացված ցուցանիշը հաշվարկվել է Տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտության (այսուհետ՝ ՏՏՀԿԱՀ) վերանայված հարցաշարի տվյալների հիման վրա,

բ) ՏՏԿԱՀ-ում կիրառվել է տվյալների հավաքման նոր մեթոդ` գրասալիկի (պլանշետ) միջոցով,

գ) փոփոխվել է աղքատության գծերի հաշվարկման մեթոդաբանությունը:

Կատարված փոփոխություններն առավել ամբողջական են արտահայտում կենսամակարդակի գնահատման միջազգային փորձի մոտեցումները, այն առավել ճշգրիտ է արտացոլում տնային տնտեսությունների սպառման ծավալն ու կառուցվածքը: Նոր մեթոդաբանության հիմնական թերությունն այն է, որ ստացված ցուցանիշները համադրելի չեն նախորդ տարիների աղքատության գնահատման ցուցանիշների հետ:

ՀՀ-ում աղքատության գնահատման հիմքում «աղքատության գիծ»-ն է, որը ներառում է այն զամբյուղի դրամական արժեքը, որն անհրաժեշտ է տնային տնտեսությունների պարենային և ոչ պարենային հիմնական կարիքները հոգալու համար: Անշուշտ, ցուցանիշն արտացոլում է տվյալ երկրում, տվյալ ժամանակահատվածում երկրում առկա կենսամակարդակի նվազագույն մակարդակը: Աղքատ են համարվում այն տնային տնտեսությունները, որոնց բյուջեն/սպառումն անբավարար է այդ զամբյուղի արժեքն ապահովելու համար:
Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ ՀՀ-ում համավարակն արագացրեց երկրների միջև ամենատարբեր փոխառնչություններում անկայունությունների շղթան: Հատկապես այն խորացրեց արդեն իսկ հասարակության բևեռացման դրսևորումներն այնպիսի ոլորտների առաջանցման հետ կապված, ինչպիսիք են՝ թվային տեխնոլոգիաները, նոր մասնագիտական հմտությունների ձեռքբերումը, առցանց աշխատանքին տիրապետելու գիտելիքների առկայությունը և այլն: Հայաստանում, ըստ ՀՀ ՎԿ-ի, ինչպես արդեն վերևում նշեցինք, աղքատության չափման նոր մեթոդաբանությունը գերազանցապես պայմանավորված է սպառման կառուցվածքով և ծավալներով: Այս համատեքստում բացարձակ աղքատությունն այն իրավիճակն է, երբ տնային տնտեսություններն անկարող են ապահովել որոշակի կենսամակարդակի նվազագույն մակարդակը: Նոր մեթոդաբանությամբ առանձնապես կարևորվում է սպառման ագրեգացված ցուցանիշը, որը, ի տարբերություն եկամտի ցուցանիշի, անմիջականորեն չի փոփոխվում կարճատև ցնցումներից, և առավել տեսանելի ու համոզիչ է այն պարզ պատճառով, որ եկամուտների վերաբերյալ հավաքագրված տվյալները հաճախ իրականությանը չէին համապատասխանում:

Սպառման ագրեգացված ցուցանիշը հիմնականում ներառում է հետևյալ բաղկացուցիչները.

Սպառված պարենային և ոչ պարենային ապրանքների արժեքը, ներառյալ սեփական արտադրության ապրանքները, տարատեսակ միջազգային խողովակներով ստացված օգնությունները,
Երկարատև օգտագործան ապրանքների հաշվարկային արժեքը։

Համաձայն նոր մեթոդաբանության՝ Հայաստանում աղքատության մակարդակը բնութագրող ցուցանիշները, այն է՝ աղքատության վերին, ստորին և ծայրահեղ աղքատության գծերը, ինչպես նաև աղքատության միջին գիծը՝ արտահայտված մեկ չափահաս անձի հաշվով, 2019թ. մեթոդաբանությամբ մեկ ամսվա համար գնահատվել են համապատասխանաբար՝ 53․043 դրամ (կամ 110.3 ԱՄՆ դոլար), 35 054 դրամ (կամ 72.9 ԱՄՆ դոլար), 23 763 դրամ (կամ 49.4 ԱՄՆ դոլար) և 44 048 դրամ (կամ 91.7 ԱՄՆ դոլար): 2020թ. նշյալ ցուցանիշները կազմել են համապատասխանաբար՝ 53 641 դրամ (կամ 109,7 ԱՄՆ դոլար), 35 324 դրամ (կամ 72,2 ԱՄՆ դոլար), 23 828 դրամ (կամ 48,7 ԱՄՆ դոլար):

Եվ, այսպես, 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը կազմել է 26,4%, այսինքն ՀՀ յուրաքանչյուր չորրորդ բնակիչն աղքատ է եղել: Ընդ որում, նշենք, որ 2019թ. Հայաստանում գրանցվել է համեմատաբար բարձր տնտեսական աճ, այն է՝ 7,6%, որը 2018թ. համապատասխան ցուցանիշը գերազանցել է 2,4 տոկոսային կետով:Սպառողական գների ինդեքսը գտնվել է թույլատրելիության սահմաններում, այն 2018թ. նկատմամբ աճել է 1,4%-ով: 2019թ. մակրոտնտեսական ցուցանիշների հպանցիկ դիտարկումն արդեն իսկ թույլ է տալիս եզրահանգել, որ ոչ ներառական տնտեսական աճը և հատկապես մակրոտնտեսական միջավայրի բացասական դրսևորումներն արդեն իսկ 2019թ. համար կանխորոշեցին աղքատության մակարդակի բացասական միտումները: Եվ միանգամայն օրինաչափորեն նախորդ տարվա համեմատությամբ գրանցվեց աղքատության մակարդակի ավելի բարձր ցուցանիշ՝ չնայած այն փաստին, որ 2019թ. ՀՀ ՎԿ փոխեց աղքատության մակարդակի գնահատման ցուցանիշների մեթոդաբանությունը:

Ըստ աղքատության միջին գծի՝ 2020թ. աղքատության մակարդակը գնահատվել է 27%, որը 0,6 տոկոսային կետով բարձր է նախորդ տարվա 26,4%-ից: Ընդ որում, 2020թ. պարենային /ծայրահեղ աղքատությունը կազմել է 0,7%, աղքատությունն ըստ ստորին գծի կազմել է 9,7%, աղքատությունն ըստ վերին գծի՝ 47,6%: 2019թ. նկատմամբ վերջին 3 ցուցանիշները գրանցել են և´ բացասական, և´ դրական դինամիկա: Այսպես, նախորդ տարվա համեմատ նվազել է ծայրահեղ աղքատությունը 0,7%-ով, նվազել է նաև աղքատությունն ըստ ստորին գծի՝ 0,5%-ով, և ավելացել է աղքատությունն ըստ վերին գծի՝ 3,8%-ով: Վերջինս վկայում է այն մասին, որ Հայաստանի բնակչության 47,6%-ի սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել ամսական 53․641 դրամից: Իրատեսորեն, եթե պարզապես արձանագրենք այն իրողությունը, որ նշյալ ժամանակահատվածում բարձրացել են էլեկտրաէներգիայի, ջրի և գազի գները, ապա կարծում ենք՝ ակնհայտ է այն անմխիթար վիճակը, որում հայտնվել է Հայաստանի յուրաքանչյուր երկրորդ բնակիչը: Ավելին, եթե ՍԳԻ-ն 2019թ․ նախորդ՝ 2018թ. նկատմամբ աճել է ընդամենը 1,4%-ով, շարունակելով մնալ Կենտրոնական բանկի սահմանած տիրույթում, ապա 2020թ. ևս ՍԳԻ-ն մնացել է պաշտոնապես սահմանված շրջանակներում և նախորդ տարվա նկատմամբ աճել է ընդամենը 1,2%-ով: Սակայն համավարակի շարունակականությունը, աշխարհում իշխող անորոշությունը, բացասական սպասումները, ապրանքների համաշխարհային գների աճը և այլ գործոններ պարարտ հող ստեղծեցին աննախադեպ գնաճի համար: Եվ ոչ պատահականորեն 2020թ. հունվար-դեկտեմբերի նկատմամբ 2021թ. հունվար- դեկտեմբերին այն աճեց 7,2%-ով, ինչը, կարծում ենք, լուրջ սպառնալիք է աղքատության հետագա խորացման տիրույթում: Նորացված մեթոդաբանությամբ ՀՀ ՎԿ-ը հաշվարկել է միայն 2017-2020թթ. աղքատության մակարդակը: Այդ գնահատման համաձայն՝ նշյալ տարիներին ոչ աղքատ բնակչության թվաքանակը կրճատվել է 0,1%-ով։ Եթե 2017թ. այն կազմել է երկրի բնակչության 52,5%-ը, ապա 2020թ.՝ 52,4%-ը:Կարող ենք արձանագրել, որ այդ ժամանակահատվածում 0,1%-ով ավելացել է աղքատ բնակչության թվաքանակն ըստ աղքատության վերին գծի: Սակայն մինչ համավարակը ոչ աղքատ բնակչության մասնաբաժինն ընդհանուր բնակչության մեջ դրսևորել է աճի միտումներ. այսպես, 2018թ․ նախորդ տարվա համեմատությամբ այն աճել է 2,1%-ով, իսկ 2019թ. նախորդ տարվա համեմատությամբ՝ 1,6%-ով: Սակայն COVID-19 համավարակի ազդեցությամբ 2019թ. համեմատությամբ 2020թ. ոչ աղքատ բնակչությունը նվազել է 3,8%-ով:

Միանգամայն տրամաբանորեն՝ 2020թ. 3,8%-ով համալրվել են, այսպես կոչված, «նոր աղքատներ»-ի շարքերը: Ակնհայտորեն նման բացասական դինամիկան պայմանավորված է համավարակի ազդեցություններով, համատարած լոքդաունով: Գրեթե աննշան փոփոխություններ է կրել աղքատության վերին գիծը․ այն 2017թ. համեմատությամբ 2020թ. ավելացել է 0,1%-ով: Նույն շրջանակներում 1,3%-ով նվազել է աղքատության ստորին գծում գտնվող բնակչության թվաքանակը, թերևս գերազանցապես պայմանավորված 2020թ. ընթացքում ՀՀ Կառավարության կողմից իրականացված մի շարք սոցիալական ծրագրերի ազդեցությամբ:

Այսպիսով, վերջին 4 տարիներին աղքատության մակարդակը բնութագրող ցուցանիշների դինամիկան ևս վկայում է COVID-19 համավարակով պայմանավորված աղքատության մակարդակի խորացման և Հայաստանում ևս «նոր աղքատներ» եզրույթի գոյության մասին:

Աղքատության հիմնախնդիրն իր իրարամերժ դրսևորումն է գտել նաև այն շրջանակներում, երբ ուսումնասիրում ենք աղքատության հիմնական ցուցանիշներն ըստ մարզերի և Երևան քաղաքի: Այսպես, Երևանում 2019թ. ծայրահեղ աղքատները կազմել են քաղաքի բնակչության 1,1%-ը, 2020թ. նրանց թիվը կրճատվել է և կազմել 0,2%: Ծայրահեղ աղքատների ամենամեծ մասնաբաժինը գրանցվել է Գեղարքունիքի մարզում՝ 2019թ. 3,4%, որը կրճատվել է 2020թ. և կազմել 1,9%: Ծայրահեղ աղքատներ չկան Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում: 2020թ. աղքատների ընդհանուր թվաքանակի գերակշիռ մասը՝ 21,0%-ը, ապրում է Երևանում: Երկրորդ հորիզոնականում Շիրակի մարզն է՝ 13,8%, հաջորդը Գեղարքունիքի մարզն է՝ 13,7%: Աղքատների ամենափոքր մասն ապրում է Սյունիքի մարզում: Իհարկե, եթե մեծ հաշվով նայենք, աղքատների մեծ մասն ապրում է մարզերում՝ գյուղական վայրերում: 2020թ. գյուղական բնակավայրերում աղքատության մակարդակը կազմել է 33,6%, իսկ քաղաքային բնակավայրերում՝ 22,5%: Աղքատության մակարդակը բնութագրող ցուցանիշների այս շրջանակում փաստենք մեկ հետաքրքիր իրողություն (տե՛ս գծապատկեր 2):

Գծապատկեր 2. «Նոր աղքատներ»-ի մասնաբաժնի փոփոխությունները Երևանում և ՀՀ մարզերում, 2020թ.

Համավարակով պայմանավորված՝ «նոր աղքատներ»-ն ամենաշատն ավելացել են Տավուշի մարզում, ամենաքիչը`Վայոց Ձորում: Հետաքրքիր է այն փաստը, որ որոշ մարզերում նկատվել է «նոր աղքատներ»-ի թվաքանակի նվազում, մասնավորապես այն նվազել է Արագածոտնի մարզում և ամենաքիչը՝ Շիրակի մարզում: Սակայն ևս մեկ անգամ նշենք, որ աղքատության մակարդակը Հայաստանում (հաշվարկված ըստ աղքատության միջին գծի) 2020թ.-ին 2019թ. նկատմամբ ավելացել է 0,6%-ով: Կարելի է ասել, որ այս մարդկանց մի մասը «նոր աղքատներ»-ն են: Նրանք կարող էին չլինել, քանի որ մինչև 2019թ. Հայաստանում ևս, ինչպես ամբողջ աշխարհում, նկատելի էր աղքատության մակարդակի կրճատում:

Աղքատության հիմնախնդրի խորացման անչափ կարևոր գործոն է երկրի ժողովրդագրական պատկերը: Այս հարթության տիրույթում բավական է բարձրաձայնել մեկ հիմնարար հիմնախնդիր, այն է՝ Հայաստանում բնակչության ժողովրդագրական ծերացման փաստը: Այսպես, 2000-2021թթ. տարեսկզբի դրությամբ Հայաստանի բնակչության տարիքային կառուցվածքում, ըստ հիմնական տարիքային խմբերի, ավելացել է աշխատունակ տարիքից բարձր (63 և ավելի տարեկան) բնակչության թվաքանակը՝ 4,4%-ով, աշխատունակ բնակչության թվաքանակը (16-62 տարեկան) նույն ժամանակահատվածում աճել է ընդամենը 1%-ով, և ավելորդ չենք համարում նշել, որ այդ տարիներին առավել անհանգստացնողն աշխատունակ տարիքից ցածր բնակչության (0-15 տարեկան) թվաքանակն է, այն կրճատվել է 5,4%-ով: Ժողովրդագրական ծերացման նման արագընթաց իրավիճակն ազգային անվտանգության ապահովման լրջագույն մարտահրավերներից մեկն է: Եվ այն վիճակագրությունը, որի համաձայն 2021թ. ՀՀ 1000 բնակչի հաշվով 1 աշխատունակ տարիքի բնակչությանը բաժին է ընկել անաշխատունակ տարիքի 575 մարդ (237 տարեց և 338 0-15 տարեկան երեխա) ոչ միայն անհանգստացնող է, այլև պահանջում է հրատապ ու համակարգային լուծում:

Առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում և միաժամանակ մարտահրավերներ են համարվում Հայաստանում աղքատության հիմնախնդրին վերաբերող այն ցուցանիշները, որոնք կապված են ըստ տարիքային խմբերի նշյալ ցուցանիշների վերլուծության հետ: Այս տիրույթում արձանագրենք, որ աղքատության ամենաբարձր ցուցանիշը 2020թ. գրանցվել է 6-9 տարեկան երեխաների խմբում, ամենացածրը՝ 45-49 տարեկանների խմբում: Ընդ որում, նշենք, որ 6-9 տարիքային խմբում 2020թ. նախորդ տարվա համեմատությամբ աղքատության ցուցանիշն ավելացել է 2,3%-ով, ինչը ամենաբարձր ցուցանիշն է բոլոր տարիքային խմբերի համապատասխան փոփոխությունների հետ համեմատած:

Ընդհանուր առմամբ նշենք, որ աղքատության մակարդակն անհանգստացնող է հատկապես երեխաների շրջանում: Թե՛ 2019թ. և թե՛2020թ. 30% և ավելի աղքատության մակարդակ է գրանցվել 0-17 տարեկան երեխաներից յուրաքանչյուրի տարիքային խմբում: Ավելորդ չենք համարում նշել, որ այս երևույթը երկարաժամկետ հեռանկարում ազգային անվտանգության ապահովման լուրջ ռիսկեր է պարունակում, քանի որ մանկական աղքատությունն իր հետ բերում է սոցիալ-տնտեսական բազում հիմնախնդիրներ՝ կապված երեխաների թերսնման, ոչ պատշաճ մակարդակով առողջապահական, կրթական, մշակութային ծառայություններից օգտվելու հետ:
ՀՀ-ում աղքատության մակարդակի վրա ազդեցության տիրույթում էական դերակատարում ունեն սոցիալական տրանսֆերտները: Ինչպես նկատում ենք գծապատկեր 3-ում զետեղված տեղեկատվությունից, վերջին 10 տարիների ընթացքում ՀՀ-ում աղքատության մակարդակը պահպանում է իր զգալի կախվածությունը սոցիալական տրանսֆերտներից, այն է՝ կենսաթոշակներից, ընտանեկան նպաստից և սոցիալական այլ աջակցություններից:

Գծապատկեր 3. ՀՀ-ում աղքատության մակարդակը նախատրանսֆերտային, հետտրանսֆերտային պայմաններում 2011-2020թթ․,%

Միանգամայն տրամաբանական է, որ սոցիալական տրանսֆերտները բավականաչափ նվազեցնում եմ աղքատության միջավայրի ռիսկերը և ապահովում աղքատության ավելի ցածր մակարդակ: Եթե 2011թ. սոցիալական տրանսֆերտներն աղքատության մակարդակը նվազեցնում էին 18,2%-ով, ապա 2020թ. այդ ցուցանիշը կազմում է 24,3%: Որքան էլ աղքատության մակարդակի գնահատման մեթոդաբանությունը փոխվել է, այդուհանդերձ, սոցիալ-տնտեսական իրավիճակի նույնիսկ հպանցիկ դիտարկումը թույլ է տալիս եզրահանգել, որ աղքատ բնակչության կենսամակարդակի որոշակի բարելավումը դեռևս պայմանավորված է սոցիալական տրանսֆերտներով: Ավելին, վերջինս էապես ազդում է նաև աղքատության մակարդակը բնորոշող այնպիսի ցուցանիշների վրա, ինչպիսիք են աղքատության խորությունն ու աղքատության սրությունը: Բավական է նշել, որ 2020թ. աղքատության խորությունը սոցիալական տրանսֆերտների հաշվին կրճատվել է 17,1%-ով, իսկ 2019թ.՝ 14,3%-ով: Նույն ներգործությունն է նկատվում նաև աղքատության սրության ցուցանիշի պարագայում: Նշյալ տարիներին այն համապատասխանաբար նվազել է 12,9 %-ով և 10,8%-ով:

ՀՀ ՎԿ գնահատումների համաձայն՝ բոլոր տեսակի սոցիալական տրանսֆերտների (այդ թվում՝ կենսաթոշակների և սոցիալական աջակցության) վճարումը եթե դադարեցվի, և տնային տնտեսությունները չկարողանան այլ աղբյուրների հաշվին փոխհատուցել այդ կորուստը, ապա աղքատության ընդհանուր մակարդակը գրեթե կկրկնապատկվի (ներկայիս 27.0%-ից հասնելով 51.3%-ի): Աղքատներն ավելի կաղքատանան, քանի որ աղքատության խորությունը՝ աղքատության գծի նկատմամբ նրանց միջին սպառման պակասուրդը, 5%-ից կհասնի 22%-ի: Բացի այդ աղքատությունն ավելի կսրվի, աղքատության սրության համաթիվը 1%-ից կհասնի 14%-ի:

Այսպիսով, ցավալի է արձանագրել, սակայն նկատում ենք, որ համավարակն ավելի է կարևորել սոցիալական տրանսֆերտների ներգործությունը Հայաստանի բնակչության աղքատության հաղթահարման գործընթացների վրա: Այս տիրույթում կարող ենք առաջարկել կենսաթոշակային տարիքի երկարաձգում մինչև 65 տարեկան ընդունված 63 տարեկանի փոխարեն, ինչի արդյունքում մի կողմից կարող է որոշակի չափով լուծվել ժողովրդագրական ծերացման հիմնախնդիրը, մյուս կողմից՝ աղքատության հիմնախնդիրը:
Մեր օրերում աղքատությունը դրսևորվում է տարբեր ձևերով և անմիջականորեն արտահայտվում մարդկանց կենսագործունեության այնպիսի հատվածներում, ինչպիսին է ոչ միայն սպառումը, այլև կրթության մակարդակը, առողջապահության ծառայություններից օգտվելու հնարավորությունը, արժանապատիվ ապրելու հասանելիությունը: Արձանագրենք, որ այսօր առավել կարևորվում է ոչ միայն նյութական, այլ նաև ոչ նյութական աղքատությունը: Վերջինս բնորոշվում է կրթական ցածր մակարդակի, վատ առողջության, սոցիալական ծառայությունների անմատչելիության, մարդու իրավունքների և խոսքի ազատության տիրույթում սպառողների անկարողության և դրանց անհասանելիության վարքագծով:

Ոչ նյութական աղքատության տիրույթում, թերևս, «նոր աղքատներ»-ի շրջանակների ընդլայնումը 21-րդ դարում գերազանցապես պայմանավորված է կրթության մատչելիության, որակյալ մասնագետների պատրաստման գործընթացների հետ: Մասնավորապես, 2020թ. աղքատությունը, ըստ կրթության մակարդակի (16 և ավելի բարձր տարիքի բնակչություն), ամենաբարձր ցուցանիշ գրանցել է թերի միջնակարգ կրթության հորիզոնականում՝ 34,4%, սակայն աղքատության ամենացածր ցուցանիշը բարձրագույն կրթության համակարգում է՝ 16,6%: Միանգամայն տրամաբանական են նման ցուցանիշներն այն պարզ պատճառով, որ աղքատության կրճատման գերակա գործոնն այսօր կրթությունն է, ընդ որում, այն կրթությունը, որը կապված է բարձրագույն տեխնոլոգիաների կիրառման, բարդ աշխատանքներում մասնագիտական կարողությունների ու հմտությունների առկայության հետ:

Քանի որ սույն հետազոտության շրջանակներում չենք կարող անդրադառնալ աղքատության հիմնախնդրի բոլոր դրսևորումներին, ուստի համավարակի ազդեցությամբ որպես վերջին հարցադրում արձանագրենք այնպիսի երևույթ, ինչպիսին բազմաչափ աղքատությունն է: Վերջինս լրացնում է դրամային աղքատությունը և թույլ է տալիս գնահատել աղքատության բազմակողմանիությունը, մասնավորապես այն զրկանքների շրջանակը, որի մեջ հայտնվում են աղքատները և առավել սրում սոցիալ-տնտեսական իրավիճակը: Զրկանքներն առաջանում են պատշաճ առողջապահությանը, համարժեք կրթությանը, բնակարանային ոչ բարենպաստ պայմաններին, աշխատաշուկային ոչ բավարար մասնակցության շարժառիթներով: Եթե մեկ նախադասությամբ բնորոշենք բազմաչափ աղքատությունը, ապա կարելի է ասել, որ այն զրկանքների ամբողջություն է, որը թույլ չի տալիս տվյալ երկրի բնակչին ավելի արժանապատիվ ապրել: Ավելին, եթե զրկանքները երկարաժամկետ են, ապա դրանք աղքատությունը խորացնող բավականաչափ լուրջ գործոնի են վերածվում: Նշենք, որ բազմաչափ աղքատության տիրույթում, ինչպես վկայում են ՀՀ ՎԿ գնահատումները, 2010-2018թթ. ամբողջ երկրի մասշտաբով բազմաչափ աղքատ բնակչության տեսակարար կշիռը, 2010թ. 41.2 տոկոսից նվազելով, 2018թ. կազմել է 23.6 տոկոս: Բազմաչափ աղքատ համարվող տնային տնտեսություններում ապրող անհատների տեսակարար կշիռը 2020թ. կազմել է ընդամենը 19,1%, այսինքն Հայաստանի բնակչության գրեթե յուրաքանչյուր հինգերորդը բազմաչափ աղքատ է: Ընդ որում, Երևանում այն կազմել է 16,4%, այլ քաղաքային բնակավայրերում՝ 16,0%, իսկ գյուղական բնակավայրերում՝ 23,2%:

Այսպիսով, աղքատությունը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման արգասիքն է, մշակույթը, վարքագիծը և ապրելակերպը:

ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ

Ցանկացած ճգնաժամ հաղթահարվում է, ստեղծվում են նոր հնարավորություններ և հիմնախնդիրների լուծման նոր գործիքակազմ: Աղքատության նվազեցման հնարավորությունները կարող են բխել երկրի մակրոտնտեսական զարգացման օրինաչափություններից: Այս տիրույթում փորձենք բացահայտել վերջին 10 տարիների ընթացքում ՀՀ մակրոտնտեսական ցուցանիշների և աղքատության մակարդակի միջև փոխառնչությունները՝ առկա տեղեկատվության և այդ հիման վրա վերլուծության տնտեսաչափական գործիքների կիրառման միջոցով, ինչը թույլ կտա նաև կարևորել գործոնների այն համակարգը, որի շնորհիվ հնարավոր է նվազեցնել աղքատության մակարդակը և դրա հիման վրա կատարել որոշ իրատեսական առաջարկություններ (տե՛ս աղյուսակ1):

Մինչ առանձին գործոններին անդրադառնալը նշենք, որ չնայած ուսումնասիրվող տարիների ընթացքում (բացառությամբ 2006թ. և 2020թ.) արձանագրվել է ՀՆԱ-ի հավելաճ նախորդ տարվա համեմատությամբ՝ այդուհանդերձ, այդ ցուցանիշի ոչ ներառականության պատճառով բնակչության կենսամակարդակի վրա վերջինիս ազդեցությունները հիմնականում աննշան են: Ասվածի առավել ցցուն ապացույցը երկրում գործազրկության, աղքատության բարձր մակարդակն է:

Դիտարկենք 2011-2020թթ. ՀՀ մակրոտնտեսական հիմնական ցուցանիշների և աղքատության մակարդակի միջև տնտեսաչափական վերլուծության արդյունքները (տե՛ս աղյուսակ 2,3,4,5,6,7)։

Ինչպես տեսնում ենք, այս մոդելը նշանակալի է։ Ըստ կառուցված մոդելի՝ ՀՀ-ում 2011-2020թթ․ ՀՆԱ-ի ֆիզիկական ծավալի ինդեքսի մեկ տոկոսային կետով աճը նպաստել է աղքատության մակարդակի 0․24 տոկոսային կետով կրճատմանը, իսկ մյուս գործոնների ազդեցությամբ աղքատության մակարդակը տարեկան կրճատվել է 1․16 տոկոսային կետով։ Տնտեսական աճի տիրույթում աղքատության մակարդակի նվազեցումն իր հերթին նպաստում է ամբողջական պահանջարկի ակտիվացմանը, ինչը շղթայաբար դրական զարգացումների խթան է մակրոտնտեսական միջավայրում:

Աղյուսակ 3
ՀՀ-ում գործազրկության մակարդակի և աղքատության մակարդակի միջև տնտեսաչափական վերլուծության արդյունքները 2011-2020թթ․

Կառուցված ռեգրեսիոն մոդելի համաձայն՝ ՀՀ-ում գործազրկության մակարդակի և աղքատության մակարդակի միջև ձևավորվել է հակադարձ կապ: Կապը ներկայացնող մոդելը նշանակալի չէ։ Ըստ կառուցված ռեգրեսիոն մոդելի՝ 2011-2020թթ․ ՀՀ-ում գործազրկության մակարդակի մեկ տոկոսային կետով ավելացմանը զուգահեռ աղքատության մակարդակը կրճատվել է 2․08 տոկոսային կետով։ Նման իրավիճակը պայմանավորված է և´գործազրկության մակարդակի, և´ աղքատության մակարդակի հաշվարկման մեթոդաբանության փոփոխությամբ։ Ըստ էության այս երկու ցուցանիշների միջև պետք է ձևավորվեր ուղիղ կապ։ Ի հավելումն ասվածի՝ նշենք, որ այս տիրույթում աղքատների թվաքանակի աճը պայմանավորված է «աշխատող աղքատներ»-ի երևույթով, ինչը, կարծում ենք, այլ հետազոտության առարկա է:

Աղյուսակ 4
ՀՀ-ում միջին ամսական աշխատավարձի հավելաճի տեմպի, սպառողական գների ինդեքսի և աղքատության մակարդակի միջև տնտեսաչափական վերլուծության արդյունքները 2011-2020թթ․

Կառուցված ռեգրեսիոն մոդելը նշանակալի է։ Կառուցված ռեգրեսիոն մոդելի համաձայն՝ 2011-2020թթ․ ՀՀ-ում միջին ամսական աշխատավարձի հավելաճի տեմպի մեկ տոկոսային կետով ավելացմանը զուգահեռ աղքատության մակարդակը կրճատվել է 0․04 տոկոսային կետով, իսկ սպառողական գների ինդեքսի մեկ տոկոսային կետով ավելացմանը զուգահեռ աղքատության մակարդակն ավելացել է 0․88 տոկոսային կետով։ Ե´վ ՀՀ-ում, և´ համաշխարհային տնտեսության մեջ գների սպասվող աճը պայմանավորված է նաև վերջին՝ ռուս-ուկրաինական հակամարտությամբ, որը նույնպես էապես կանդրադառնա աղքատության մակարդակի խորացման վրա:


Կառուցված ռեգրեսիոն մոդելը նշանակալի է։ Ըստ կառուցված ռեգրեսիոն մոդելի՝ 2011-2020թթ․ ՀՀ-ում գյուղատնտեսական համախառն արտադրանքի ֆիզիկական ծավալի մեկ տոկոսային կետով ավելացմանը զուգահեռ աղքատության մակարդակն ավելացել է 0․4 տոկոսային կետով։ Այս ցուցանիշների միջև ձևավորվել է ուղիղ կապ, քանի որ գյուղատնտեսական համախառն արտադրանքի իրական ծավալների աճի հիմքում աշխատանքի ցածր արտադրողականությունն է, ինչն անբավարար ռեսուրսներ է ապահովում աղքատության հնարավոր նվազեցման տիրույթում: Նաև նշենք, որ համավարակի շրջանում ՀՀ Կառավարության կողմից տրամադրվել են բազմաթիվ արտոնություններ, ի դեմս ֆինանսական ռեսուրսների, որոնք անարդյունավետ են կառավարվել։

Աղյուսակ 6
ՀՀ-ում պետական բյուջեի ծախսերում կրթության ծախսերի կշռի և աղքատության մակարդակի միջև տնտեսաչափական վերլուծության արդյունքները 2011-2020թթ․

 

Կառուցված ռեգրեսիոն մոդելը նշանակալի է։ Համաձայն կառուցված ռեգրեսիոն մոդելի՝ 2011-2020թթ․ ՀՀ պետական բյուջեի ծախսերում կրթության ծախսերի մասնաբաժնի մեկ տոկոսային կետով ավելացումը նպաստում է աղքատության մակարդակի 0․21 տոկոսային կետով կրճատմանը, իսկ այլ գործոնների ազդեցությամբ պայմանավորված՝ այս ժամամանակահատվածում աղքատության մակարդակը տարեկան կրճատվել է 1․09 տոկոսային կետով։

Կառուցված ռեգրեսիոն մոդելը նշանակալի է։ Ըստ կառուցված ռեգրեսիոն մոդելի՝ 2011-2020թթ․ ՀՀ պետական բյուջեի ծախսերում առողջապահական ծախսերի մասնաբաժնի մեկ տոկոսային կետով ավելացմանը զուգահեռ աղքատության մակարդակն ավելացել է 1․19 տոկոսային կետով։ Այս ցուցանիշների միջև ձևավորված ուղիղ կապը բացատրվում է նրանով, որ առողջապահական ծախսերի ավելացումն առաջնահերթ ազդում է երկրի ոչ նյութական աղքատության վրա և առավել արտահայտիչ դրսևորվում բազմաչափ աղքատության տիրույթում։ Ավելին, համավարակի շրջանում առողջապահական ծախսերի ավելացման շարժառիթները ոչ թե բնակչության առաջնային առողջապահական կարիքների բավարարմանն էին ուղղված, այլ համավարակի հաղթահարմանը միտված միջոցառումների ֆինանսավորմանը:

Վերոնշյալ վերլուծությունը թույլ է տալիս եզրահանգել, որ երկրի մակրոտնտեսական իրավիճակն անմիջականորեն ազդում է աղքատության մակարդակի վրա: Ուստի միանգամայն տրամաբանական են մակրոտնտեսական իրավիճակի կայունությանն ու բարելավմանը միտված ՀՀ կառավարության կողմից իրականացված քայլերը:

Այսպես, կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջ եկած մարտահրավերներին դիմակայելու նպատակով ՀՀ կառավարության կողմից 26․03․2020թ․ ընդունվեց «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված համալիր միջոցառումների փաթեթը», որը  նախատեսում է ՀՀ տնտեսվարողներին օժանդակության տրամադրման որոշակի գործիքակազմ՝ 10 միջոցառումներ, որոնք միտված են համավարակի ազդեցությամբ առաջացած դժվարությունների հաղթահարմանը, մասնավորապես արտոնյալ պայմաններով վարկերի, դրամաշնորհների տրամադրում, գյուղատնտեսության ոլորտում պատրաստի արտադրանքի իրացվելիության հետ կապված ռիսկերի և հատկապես խաղողի գնումների համար անհրաժեշտ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավում, կազմակերպությունների կողմից չվճարված տոկոսագումարների փոխհատուցման հնարավորություն և այլն: Նշյալ ժամանակահատվածում աղքատության հիմնախնդրի լուծման տիրույթում ոչ պակաս դերակատարում ունեցան նաև ՀՀ Կառավարության կողմից իրականացված սոցիալական միջոցառումները:

Այսպիսով, ՀՀ-ում աղքատության կրճատման հիմնական գործոնը կայուն և երկարաժամկետ , ինչպես նաև ներառական տնտեսական աճն է: Ոչ պակաս կարևոր գործոն է եկամուտների ավելացումը, մասնավորապես միջին ամսական անվանական աշխատավարձի բարձրացումը, դրա ինդեքսավորումը հատկապես համավարակից հետո նկատելի գնաճի պայմաններում: Այս շրջանակներում կարևորում ենք նաև սոցիալական տրանսֆերտների ակտիվ դերակատարումն աղքատության մակարդակի կրճատման վրա: Համավարակը և համաշխարհային տնտեսության ներկա զարգացումները կարևորում են գյուղատնտեսության զարգացումն առաջնահերթություն դիտարկելու փաստը: Եթե նկատի ունենանք նաև այն հանգամանքը, որ աղքատության մակարդակն անհամեմատ բարձր է գյուղական վայրերում, ապա կարծում ենք՝ գյուղատնտեսության ոլորտում ներդրումներն ու պետության կողմից աջակցող միջոցառումների իրականացումն այլևս ժամանակի հրամայականն են (սուբսիդիաներ, զրոյական տոկոսադրույքով վարկեր, պարարտանյութերի, սերմացուի տրամադրում, լիզինգի հասանելիություն և այլն):

Եվ, վերջապես, 21-րդ դարում չկարևորել կրթության դերակատարումն աղքատության մակարդակի նվազեցման վրա, կարծում ենք՝ իրատեսական չէ: Համավարակն ամենանվազ ազդեցությունն ունեցավ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների ապրելակերպի վրա: Ուստի օրվա հրամայականն է՝աշխատաշուկայի պահանջներից ելնելով նոր մասնագետների պատրաստումը, նոր կրթական ծրագրերի, փորձի և հմտությունների տարածումը կրթության բոլոր մակարդակներում:

Եվ, ամենակարևորը, ՀՀ-ում աղքատության նվազեցման անհրաժեշտությունը և պահանջվող գործիքակազմը պետք է պայմանավորված լինեն և բխեն ազգային անվտանգության ապահովման շահերից:

ԱՄՓՈՓՈՒՄ

Համաշխարհային բանկն աղքատության հիմնախնդրի լուծման տիրույթում դրել է երկու նպատակ՝ վերջ դնել աղքատությանը մեկ սերնդի կյանքի ընթացքում և նպաստել համընդհանուր բարեկեցության բարձրացմանը: Իրականում համաշխարհային տնտեսության մեջ աղքատության մակարդակը նվազել է: Եթե 1990թ. 10 մարդուց 4-ն ապրում էին ծայրահեղ աղքատության մեջ, ապա արդեն 2013թ. ծայրահեղ աղքատության մեջ գտնվում էր 10-ից մեկ մարդ: Առավել ևս, ինչպես արդեն նշել ենք, համավարակին նախորդող կանխատեսումներում աղքատության մակարդակը բնութագրող ցուցանիշներն ունեին նվազման միտում: Սակայն աաջիկա տարում դեռևս 767 մլն մարդ կապրի ծայրահեղ աղքատության շրջանակներում:

21-րդ դարում COVID-19 համավարակի ազդեցությամբ ի հայտ եկավ մարդկանց մի ստվար խումբ, որին անվանեցին «նոր աղքատներ»: Ավելին, ՀՀ-ի 2021թ․ մակրոտնտեսական զարգացումները, ինչպես նաև Համաշխարհային բանկի 2022թ. տնտեսական աճի կանխատեսումներն ահազանգում են, որ աղքատության մակարդակը առաջիկա տարիներին դրսևորելու է աճի միտումներ:
Այսպիսով, իրականում աղքատության հիմնախնդիրը շարունակում է նոր երանգներ ու դրսևորումներ ձեռք բերել, այն դառնում է բազմաչափ և պայմանավորված է ոչ միայն նյութական, այլ նաև ոչ նյութական պահանջմունքների բավարարման ռիսկերով: Այս տիրույթում հիմնական բաղադրիչներն առողջապահության և կրթության ոլորտում են, ինչն էապես նպաստում է աղքատության վերարտադրությանը:

Աղքատության գնահատմանը և դրա նվազեցմանն ուղղված միջոցառումները պահանջում են հասկանալ աղքատությունը և բացահայտել դրա առաջացման աղբյուրները:

2019թ. տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի արժանացած ամերիկացիներ Մայքլ Կրեմերը, Աբեջիդ Բաներջին և ֆրանսուհի Էսթեր Դուֆլոն գլոբալ աղքատության դեմ փորձարարական մոտեցման համար աղքատության դեմ պայքարի առավել արդյունավետ ճանապարհներից մեկը համարում են կրթական և առողջապահական համակարգերի կատարելագործումն ու նշյալ ճանապարհով աղքատության նվազեցմանը միտված գործընթացների սպասարկումը:

Հայաստանն այլ ընտրություն չունի, քան կրթական համակարգի կատարելագործումը, գիտելիքի հաղթարշավը տնտեսության բոլոր ոլորտներում։ Սա արժանապատիվ կյանքով ապրելու միակ ճանապարհն է։

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

Ջուլիետա ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ
ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031