Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը չեզոք է, իսկ նախկինում Կիևին աջակցող Ադրբեջանը խուսափում է Ուկրաինայի վերաբերյալ քվեարկություններից. ԻՔՄ

Մարտ 31,2022 18:26

2022 թվականի փետրվարի 24-ին Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության նախաձեռնած ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր մի շարք միջազգային կառույցներ Ռուսաստանին դատապարտող բանաձևեր և այդ կառույցներում ՌԴ-ի գործունեությունը սահմանափակող որոշումներ են ընդունել:

Հայաստանը, 2014 թվականին ռուս-ուկրաինական հակամարտության բռնկումից ի վեր, փոքրաթիվ հետամնաց երկրների հետ միասին, ինչպիսիք են, օրինակ՝ Զիմբաբվեն, Սուդանը, Կամբոջան, Հյուսիսային Կորեան, հարցին վերաբերող բանաձևերի քվեարկություններում մշտապես աչքի է ընկել ռուսամետ դիրքորոշմամբ:

Հատկապես խնդրահարույց էր 2014-ի մարտի 27-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ընդունած՝ Ուկրաինայի կազմից Ղրիմի դուրս գալու ու Ռուսաստանի կազմում ընդգրկելու վերաբերյալ հանրաքվեն անօրինական ճանաչելու մասին բանաձևի քվեարկությունը․ ՀՀ-ն Բելառուսի, Բոլիվիայի, Վենեսուելայի, Կուբայի, Հյուսիսային Կորեայի, Զիմբաբվեի, Նիկարագուայի, Սիրիայի ու Սուդանի հետ միասին դեմ էր քվեարկել դրան:

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» նախկինում անդրադարձել է միջազգային կառույցներում Հայաստանի ընդգծված ռուսամետությանը, ինչպես նաև այդ քվեարկությունների հետևանքով հայ-ուկրաինական հարաբերությունների վատթարացմանը:

Ռուս-ուկրաինական հակամարտության վերջին սրացման կապակցությամբ, սակայն, Հայաստանը միջազգային կառույցներում հակառուսական բանաձևերի քվեարկության ընթացքում աննախադեպ չեզոքություն դրսևորեց՝ մեծամասամբ ձեռնպահ քվեարկելով համապատասխան բանաձևերին ու որոշումներին:

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» ամփոփել է փետրվարի 24-ին մեկնարկած ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ միջազգային բանաձևերի ընդունման ժամանակ Հայաստանի քվեարկությունները:

ԵԽ․ ՀՀ-ն դեմ էր ՌԴ-ին արդեն 2-րդ անգամ սահմանափակելուն

Փետրվարի 25-ին՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից մեկ օր անց, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն, ԵԽ կանոնադրության համաձայն, որոշեց կասեցնել Ռուսաստանի Դաշնության ներկայացուցչական իրավունքը Նախարարների խորհրդում և Խորհրդարանական վեհաժողովում։ Այդ որոշման օգտին կողմ է քվեարկել 42 երկիր, և միայն երկուսը՝ Հայաստանն ու Ռուսաստանն են դեմ եղել։

Ադրբեջանը չի մասնակցել քվեարկությանը՝ անհայտ պատճառաբանությամբ:

Ավելի ուշ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը «Ազատություն» ռադիոկայանին տված մեկնաբանությունում պարզաբանեց, որ նման քվեարկությունը բացատրվում էր հակամարտության կարգավորման համար դիվանագիտական խողովակների պահպանման անհրաժեշտությամբ:

Հիշեցնենք, որ ՌԴ-Ուկրաինա հակամարտությունից ի վեր սա արդեն երկրորդ անգամն է, որ ԵԽ-ն սահմանափակումներ է կիրառում Ռուսաստանի դեմ․ առաջին անգամ դա տեղի էր ունեցել 2014 թվականի ապրիլին, երբ Ղրիմի անեքսիայի պատճառով ՌԴ-ն զրկվել էր ԵԽԽՎ-ում ձայնի, ինչպես նաև ղեկավար մարմինների աշխատանքին մասնակցելու իրավունքից:

ՄԱԿ-ի հակառուսական բանաձևերը․ ՀՀ-ն չի աջակցել Մոսկվային՝ ընդդեմ Կիևի

Փետրվարի 28-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդը որոշեց 49-րդ նստաշրջանի օրակարգ ընդգրկել Ուկրաինայում ռազմական գործողությունների վերաբերյալ հրատապ քննարկում անցկացնելու հարցը: Որոշումն ընդունվեց 29 կողմ, 5 դեմ և 13 ձեռնպահ ձայներով․ դեմ քվեարկեցին Ռուսաստանը, Չինաստանը, Վենեսուելան, Կուբան և Էրիթրեան:

Հայաստանը, որը համապատասխան հանձնաժողովի անդամ է դարձել 2019-ին, հետխորհրդային Ղազախստանի և Ուզբեկստանի հետ ձեռնպահ արտահայտվեց հարցին՝ առաջին անգամ չեզոքություն դրսևորելով ռուս-ուկրաինական հակամարտությանը վերաբերող բանաձևի քվեարկությունում:

Ադրբեջանն այս հանձնաժողովի անդամ երկիր չէ, հետևաբար չի մասնակցել քվեարկությանը:

Արդեն մարտի 2-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հատուկ նստաշրջանում ընդդեմ Ուկրաինայի Ռուսաստանի ռազմական գործողությունները դատապարտող բանաձև ընդունվեց՝ «Ագրեսիա Ուկրաինայի դեմ» վերտառությամբ․ ՄԱԿ-ի 193 անդամներից բանաձևին կողմ քվեարկեցին 141-ը, դեմ` 5-ը, ձեռնապահ՝ 35-ը։

Դեմ քվեարկած 5 երկրներն էին Ռուսաստանը, Բելառուսը, Սիրիան, Հյուսիսային Կորեան ու Էրիթրեան։ Հայաստանը ձեռնպահների թվում էր, ինչպես և Չինաստանը, Հնդկաստանը, Իրանը և այլն։ 12 երկրներ, որոնց թվում էր նաև Ադրբեջանը, չմասնակցեցին քվեարկությանը:

«Ագրեսիա Ուկրաինայի դեմ» բանաձևի քվեարկության արդյունքները, ՄԱԿ պաշտոնական կայք

Հայաստանը չեզոքություն է պահպանել նաև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում մարտի 24-ին ընդունված «Ուկրաինայում հումանիտար իրավիճակի մասին» բանաձևի քվեարկության ընթացքում․ դրան կողմ է քվեարկել 141 երկիր, ձեռնպահ՝ 38, դեմ՝ 5: Ադրբեջանը դարձյալ խուսափել է դիրքորոշում հայտնելուց:

«Ուկրաինայում հումանիտար իրավիճակի մասին» բանաձևի քվեարկության արդյունքները, ՄԱԿ պաշտոնական կայք

Բաքուն այլևս չի աջակցում Կիևին՝ ընդդեմ իր նոր ռազմավարական գործընկեր Մոսկվայի

Մոսկվայում փետրվարի 22-ին՝ Ուկրաինայում ՌԴ ռազմական գործողությունների մեկնարկի նախօրեին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինը ռուս-ադրբեջանական ռազմավարական դաշնակցության մասին համաձայնագիր կնքեցին:

Մոսկվայի հետ Բաքվի հարաբերությունների նոր կարգավիճակն իրեն զգացնել տվեց արդեն Ուկրաինայում պատերազմի ընթացքում․ պաշտոնական Բաքուն, որը ռուս-ուկրաինական հակամարտության ամբողջ ընթացքում ՄԱԿ-ում իր քվեարկություններով մշտապես աջակցել էր Կիևին, փետրվարի 24-ին բռնկված պատերազմից հետո խուսափում է արտահայտել իր պաշտոնական դիրքորոշումը՝ քվեարկություններից հաջողությամբ «փախչելով»:

Անգամ չեզոք դիրքորոշում արտահայտելու համարձակություն չունեցող Բաքուն, փոխարենը, քարոզչական դաշտում է լծվել Ուկրաինայի պաշտպանությանը՝ փորձելով քողարկել իր խուսափողական կեցվածքը կեղծ տեղեկատվական հոսքերի վրա հիմնված հակահայկական թեզերի շրջանառությամբ:

Մինչդեռ, ի տարբերություն Բաքվի, որն իր նոր դաշնակից ՌԴ-ին չնեղացնելու համար այլևս չի աջակցում Կիևին, պաշտոնական Երևանը բարելավել է իր դիրքորոշումն Ուկրաինայի նկատմամբ և մշտապես հակառուսական բանաձևերին կողմ քվեարկելու փոխարեն չեզոքություն է պահպանում:

Ստորև բերված ինֆոգրաֆիկայում ներկայացված են ռուս-ուկրաինական վերջին պատերազմի կապակցությամբ միջազգային բանաձևերի վերաբերյալ ՀՀ-ի ու Ադրբեջանի դիրքորոշումները:

Նանե ՄԱՆԱՍՅԱՆ
«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031