Լրահոս
Օրվա լրահոսը

Թմրանյութերի թելեգրամյան վաճառքի հայտարարություններ՝ Գյումրու շենքերի վրա (ֆոտոշարք)

Մարտ 31,2022 18:18

Գյումրու ճանաչված արվեստագետներից մեկը՝ դոցենտ Արաքս Մարգարյանն իր ֆեյսբուքյան էջում ահազանգել էր, որ զբոսաշրջային քաղաք դարձած Գյումրու որոշ շենքերի պատերին հայտնվել են քաղաքի տեսքը գցող գրառումներ ։

Նա նաև որոշ լուսանկարներ էր հրապարակել, որին ի պատասխան՝ օգտատերերը նշել էին, որ Գյումրու շենքերում, անցումներում հայտնված գրառումները թուրքական թելեգրամյան ալիքների հասցեներ են, որոնցով թմրանյութերի վաճառք են իրականացնում։

Օգտատերերը իրենց հերթին լուսանկարներ էին հրապարակել՝ ցույց տալով այն շենքերը, որոնց վրա տեղադրվել էին նմանատիպ հայտարարություններ։

Արաքս Մարգարյանը ի պատասխան արձագանքների՝ նշել էր․ «Առհասարակ, կարծում եմ, ճիշտ կլինի պատասխանատու անձինք ստուգեն դպրոցների, ինստիտուտների մերձակա շինությունները, անցումները։ Կհեռացնեմ գրառումը, քանի որ էջիս շատ են դեռահասներն ու երիտասարդները․․․»։

Զբոսավար Գոռ Թորոսյանը 4-5 օր առաջ է նկատել է, որ քաղաքի շենքերում տարօրինակ գրառումներ են հայտնվել։ Մեր զրուցակիցն իր հետաքրքրության համար ուսումնասիրություններ է կատարել համացանցում ու պարզել, որ դրանք թմրամիջոցների վաճառքով զբաղվող թելեգրամյան գաղտնի խանութների հասցեներ են։

Դրանք, ըստ Գոռ Թորոսյանի, մի քանի տարի առաջ տարածված են եղել ՌԴ-ում։

Մեր զրուցակիցն ասաց՝ իրենք ահազանգել են քաղաքային իշխանությանը, մասնավորապես փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանին, սակայն առ այսօր ոչինչ ձեռնարկված չէ, ավելին` նմանատիպ գրառումներով շենքերի թիվն ավելանում է։

Գրառումները հայտնվել էին Գյումրու կենտրոնական Շիրազի փողոցի վրա գտնվող «Բարի լույս» կոչվող պատմական շենքի վրա, կայարանի անցումում, Ղանդիլյան փողոցում՝ երկհարկանի տան վրա/Ենգոյանների առանձնատուն/, Գորկու փողոցի վրա՝ « Ծիրան» հյուրանոցի դիմացի տան վրա։

Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց․«Սա ամենաթողություն է, երբ թուրքական թելեգրամյան ալիքները փորձում են իրենց թմրանյութերը գովազդել ու վաճառել այս միջոցով։ Այսօր ինչքան շատ է խոսվում Թուրքիայի հետ սահմանը բացելուց, այդքան շատ տարօրինակ երևույթներ են տեղի ունենում մեր քաղաքում։

Եթե էսքան հանդուգն են, որ Գյումրու պատերին են ցուցադրաբար գրել, չեմ բացառում, որ վաղը մյուս օր Գյումրին դարձնեն թմրանյութերի վաճառքի կենտրոն։

Ի դեպ, քաղաքի այն հատվածներում են հայտարարությունները, որտեղ թմրամոլները շատ են եղել։ Հիմնականում բենզինիստներն էին, մեծ մասը մահացան, իսկ հիմա այդ հատվածների բնակչությունն անցել է մարիխուանայի ՝ պլան ծխելուն, բայց ինչպես տեսնում ենք, նման գրառումներով քիմիական ծագումով թմրանյութ են հրամցնում։ Հայտարարություններն այն թաղերում են, որտեղ հստակ հնարավոր է իրացնել, պատահական տեղանքներ չեն», -ասաց Կարապետ Պողոսյանը։

Մենք դիմեցինք արևելագետ Արտակ Ավետիսյանին՝ խնդրելով ասել՝ թուրքերե՞ն են գրառումները և եթե թուրքերեն են՝ թարգմանել։

Արևելագետն ասաց, որ թուրքերեն չեն, լատինատառ գրություններ են, անգամ թուրքական հետք չկա, բայց, ըստ նրա, միանշանակ թելեգրամյան ալիքներով շրջանառվող թմրանյութերի հայտարարություններ են։

«Սրանք թելեգրամյան ալիքների լինքեր են, փողը գցում ես, քեզ գալիս, հասնում է թմրանյութը։ Սա բացահայտ ցինիզմ է, այդ շենքերի շուրջբոլորը կամ անցումի մեջ, որտեղ այս գրառումները կատարված են, հաստատ տեսախցիկներ կլինեն, ոստիկանությունը կարող է հանել ու տեսնել։ Նման գրառումները հաստատ կատարած կլինեն գիշերը, եթե տեսախցիկներն արագ հանեն, կբացահայտեն, թե ով է թմրանյութերի վաճառքով զբաղվողը։ Չեմ բացառում, որ սրանով ձեռնոց են նետել Շիրակի մարզային ոստիկանությանը կամ Շիրակի մարզպետին, ԱԱԾ պետին։

Քիչ եմ հավատում, որ սրանք թուրքական ծագման թելեգրամյան ալիքներ լինեն, ասեմ ինչու․ փոստային առաքումները որ լինում են, Թուրքիայից սահմանը փակ է, դժվար է, հետո չեմ կարծում, որ Թուրքիայի համար մենք մեծ շուկա ենք։ Սա ավելի շատ հոգեկան հիվանդի ձեռքի գործ է կամ մարտահրավեր է տեղի իշխանություններին»,-ասաց Արտակ Ավետիսյանը։

Aravot.am-ը դիմեց ոստիկանություն՝ պարզելու տեղյա՞կ են արդյոք այդ գրառումներից։

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն Aravot.am-ին փոխանցեց, որ ոստիկանությունը տեղյակ է և համապատասխան ուսումնասիրություններ են կատարում, պարզելու, թե դրանք ինչ հասցեներ են։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031