Լրահոս
Օրվա լրահոսը

Հովսեփ Խուրշուդյան․ «Մենք կարող ենք մեր ինքնիշխանության որոշակի զիջում ունենալ, եթե մենք ԵՄ կամ ՆԱՏՕ-ի մաս ենք»

Մարտ 31,2022 18:44

«Ինձ համար խնդրահարույց է եղել` արդյոք ինքնիշխանության, անկախության գաղափարը մեր ազգային ինքնության մաս կազմո՞ւմ է, թե՞ ոչ։ Վերջին 104 տարվա ընթացքում երկու անգամ անկախություն ենք ձեռք բերել մեզանից անկախ իրավիճակում, եւ շատ դեպքերում նույնիսկ փորձել ենք մերժել, այնպիսի տրամադրություններ են եղել, թե՝ անկախ Հայաստանը չի կարող գոյատեւել, պետք է տարբերակներ մտածել ինչ-ինչ երկրներին մաս կազմելու եւ այլն»,-նման դիտարկում արեց այսօր «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը՝ «Հայաստանը ճամփաբաժանին. ինքնիշխանության եւ ինքնության մարտահրավերներն ու հնարավորությունները» խորագրով հրավիրված քննարկման ժամանակ։

Նա հիշեցրեց 3-րդ հանրապետության ձեւավորման շրջանը, նկատելով՝ այն ժամանակ էլ կարծիքներ կային՝ եթե անկախանանք՝ թուրքի զոհը կդառնանք․«Այս նարատիվը այնքան է խորացած է մեր ժողովրդական գիտակցության մեջ, որ նույնիսկ այսօր, որ երեսուն տարի անկախ պետություն ունենք, ազատագրված Արցախ, ամբողջ աշխարհում սփռված հայերի մեջ չեմ տեսնում, որ ինքնիշխանությունը արմատավորված լինի»։

Նրա դիտարկմամբ՝ ասենք Արցախը պատանդառված է, չի կարող ինքնուրույն քաղաքականություն վարել, Հայաստանը ռուսական ազդեցության տակ է, զգուշավոր է, բայց ի՞նչն է խանգարում ՀՀ-ից դուրս գտնվող ազգային կառույցներին, հատկապես ԱՄՆ-ում, որպեսզի մի քիչ ավելի պրոակտիվ դիրքորոշում ընդունեն տարածաշրջանում ընթացող գործընթացների նկատմամբ, ցույց տան, որ իրենք ներփակված չեն զուտ Հայոց ցեղասպանության խնդրի շուրջ, եւ, որ աշխարհում ինչ տեղի է ունենում, իրենց չի հետաքրքրում, այլ՝ ինտեգրվեն իրենց քաղաքական դիրքորոշմամբ, օրակարգով, տվյալ դեպքում՝ ԱՄՆ օրակարգին․«Պատկերացնում եմ ԱՄՆ այն կոնգրեսականներին, որոնք տարիներ շարունակ աջակցել են հայկական խնդիրների լուծմանը, հիմա տեսնում են հայկական երկու հիմնական լոբբիստական կառույցների լռությունը։ Իրենց կայքերում չկա որեւէ արձագանք Ուկրաինայում տեղի ունեցող այս իրադարձություններին, ռուսական ագրեսիային անկախ պետության հանդեպ, որտեղ կես միլիոն հայ է ապրում։ Կան կարծիքներ, որ կա ռուսական ազդեցություն այդ կառույցների վրա։ Հակված եմ մտածել, որ ավելի շատ ներքին գրաքննություն կա, որ հանկարծ իրենց դիրքորոշմամբ չվնասեն Հայաստանին, եւ չվնասեն ՌԴ-ին, որպեսզի ՌԴ-ն վրեժ չլուծի Հայաստանից»։

Խուրշուդյանի կարծիքով է պատերազմից հետո նշված կառույցները պետք է իրենց դիրքորոշումը կոշտացնեին ՌԴ-ի հանդեպ՝ ցույց տալով դժգոհությունը հայության, մայր Հայաստանի հանդեպ ՌԴ դավաճանությունից․«Որպեսզի ռուսները հասկական, որ իրենք գործ ունեն ոչ միայն Հայաստանի հետ, որին կարելի է «քցել», դավաճանել, ոչ միայն Արցախի հետ, որը կարելի է մեջ-մեջ անել թուրքերի եւ ադրբեջանցիներ հետ պայմանավորվելով։ Կոնգրեսականները, երբ այս կրավորականությունը տեսնում են, վստահ եմ, այլեւս այդ աջակցությունը չեն տրամադրելու»։

Խուրշուդյանի խոսքով՝ ինքնիշխանությունը արժեք է ազգային խնդիրները լուծելու համար․«Մենք կարող ենք մեր ինքնիշխանության որոշակի զիջում ունենալ, եթե մենք ԵՄ կամ ՆԱՏՕ-ի մաս ենք, այս դեպքում որոշ պայմանավորվածություններ կաշկանդելու են մեր ինքնիշխանությանը, բայց դա բերելու է մեզ բարեկեցություն, զարգացում։ Ինքնիշխանության զոհաբերումը վտանգավոր է այնպիսի կառույցներում, երբ դրա դիմաց ոչինչ չես ստանում, ինչպես ՀԱՊԿ կամ ԵԱՏՄ-ն։ Նույնիսկ այսօրվա կառավարության նիստից պարզ դարձավ, որ մեզ հասանելիք մաքսային մուտքերը չենք ստանում։ ՌԴ-ն է տեր ու տնօրենը, պատերազմի մեջ է, վարչապետն արդարացնում է, ասում է՝ տեխնիկական հարցեր են։ Դեռ, կտեսնենք՝ կհատկացնեն գումար, թե՝ ոչ»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031