Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստացվում է՝ ընձուղտներն Աֆրիկայից հասել են Հայաստան ինչ-որ մեկի զբաղմունքը դառնալու համար». «Վայրի առևտուր»` ֆիլմ վայրի կենդանիների առևտրի մասին

Մարտ 31,2022 18:02

«Վայրի առևտուր»․ ֆիլմ վայրի կենդանիների առևտրի սարսափների մասին

Ի՞նչ է սպասվում Հայաստան ներմուծված 44 ընձուղտներին և այլ 100-ավոր կենդանիների

 ՀՀ-ը ներգրավված է վայրի կենդանիների միջազգային առևտրում և հանդիսանում է տարանցիկ երկիր։ Վայրի կենդանիները, հիմնականում, ներմուծվում են Հայաստան՝ 3-րդ երկիր արտահանվելու նպատակով, սակայն շատ հաճախ կենդանիները պարզապես անհետանում են այս «վայրի առևտրի» ցանցում։

Վերջին տարիներին Հայաստան աննախադեպ քանակությամբ վայրի կենդանիներ են ներմուծվել առևտրային նպատակներով։ Կապիկներ, վագրեր, առյուծներ, 40-ից ավելի ընձուղտներ, զեբրեր, կոկորդիլոսներ, անտիլոպներ, տարբեր տեսակի կատվազգիներ, հարյուրավոր թռչուններ․․․ մեծաքանակ կենդանիներ, որոնց տեղն ամենևին Հայաստանը չէ։

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի խմբագիր Մարիամ Տաշչյանը հեղինակել է «Վայրի առևտուր» ֆիլմը, որը պատմում է 2017-2021 թվականների ընթացքում վայրի կենդանիների առևտրում Հայաստանի մասնակցության մասին։

Ներկրվող կենդանիներից շատերը վտանգված և անհետացող տեսակներ են՝ գտնվում են Բնության պահպանության միջազգային միության (IUCN) կարմիր ցուցակում, ներառված են վայրի բնության առևտուրը կարգավորող ՍԻԹԵՍ միջազգային կոնվենցիայի 1-ին կամ 2-րդ հավելվածներում։ Նրանք վայրի բնությունից են, մի մասը՝ բուծարաններից, որոշների ծագման փաստաթղթերը ձեռք բերել չի հաջողվել։ Ներմուծված կենդանատեսակներից 21-ը IUCN չափանիշներով վտանգված կամ խոցելի են, այսինքն գտնվում են հատուկ պահպանության ներքո և նրանց տեղափոխումն առևտրային նպատակներով ցանկալի չէ։ 9-ը կենդանատեսակ ներառված է ՍԻԹԵՍ 1-ին հավելվածում, իսկ 2 տասնյակից ավելին՝ ՍԻԹԵՍ 2-րդ հավելվածում։ Կոնվենցիան հատուկ նշում է, որ 1-ին հավելվածում ընդգրկված տեսակներն անհետացման վտանգի տակ գտնվող կենդանատեսակներն են և այս նմուշների տեղափոխումը թույլատրվում է միայն բացառիկ դեպքերում, իսկ 2-րդ հավելվածում ընդգրկվածները վտանգված են և նրանք պետք է գտնվեն մշտական վերահսկողության ներքո։

Կենդանիների ներմուծման և արտահանման ՊԵԿ ու ՍԱՏՄ տվյալները հաճախ չեն համընկնում։ ՊԵԿ պարզաբանմամբ դա կապված է մեթոդաբանության տարբերության հետ։ Բացի այդ թե ՊԵԿ-ը, թե ՍԱՏՄ-ն պնդում են, որ ԵԱՏՄ օրենսգրքի համաձայն իրավունք չունեն հայտնելու, թե որ ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից է իրականացվել ներմուծումը կամ արտահանումը, քանի որ դա գաղտնիքներ պարունակող տեղեկություն է և տրամադրել են միայն ներմուծողների և արտահանողների ցանկ, շատ հաճախ՝ թերի և առանց որևէ նույնականացման հնարավորության։

Տվյալների բազան ստեղծվել է մեր կողմից մի քանի գերատեսչությունների տեղեկատվության համադրման սկզբունքով, ուստի որոշ դեպքերում անգամ հնարավոր չէ այլ մանրամասներ պարզել։ Սակայն դուրս են բերվել շուկայի գրեթե բոլոր խոշոր կամ միջին մասնակիցները։

Ներմուծված կենդանիների մեծ մասը դեռևս չի արտահանվել և նրանց գտնվելու վայրի մասին անգամ հստակ տեղեկություններ չկան, քանի որ Հայաստանում գոյություն չունի որևէ միասնական համակարգ կամ բազա։ Ըստ ՍԱՏՄ և ՊԵԿ պաշտոնական տվյալների ներմուծվել են շուրջ 150 կապիկներ և արտահանվել են ընդամենը՝ 50-ը։ Դա նշանակում է, որ շուրջ 100 կապիկներ պետք է գտնվեն Հայաստանում, սակայն կենդանիների ներկայիս կարգավիճակի մասին ընդհանրապես տեղեկություններ չկան։ Սա կրում է համատարած բնույթ, վերաբերվում է բոլոր ներմուծված կենդանիներին։ Այս տեսակի կապիկների 76 տոկոսը դրական է հերպես B վիրուսի նկատմամբ։ Սա իսկապես վտանգավոր զոոնոզ հիվանդություն է և ռեզուս մակակը կարող է միայն կրողը լինել առանց խնդրի որևէ արտահայտման, բայց մարդու համար այն կարող է մահացու լինել։ Բացի այդ, այս տեսակի կապիկները շատ ագրեսիվ վարք ունեն։

Հայաստանում վայրի կենդանիների առևտրով զբաղվողները մի քանիսն են, իսկ ամենախոշոր ընկերությունը մեկն է՝ «Զօօ ֆաունա Արտ» կամ արդեն «Ֆաունա Զօօ» ՍՊԸ-ը՝ Արթուր Խաչատրյանի գլխավորությամբ։ Ընկերության տարածքը գրավադրված է, իսկ «Զօօ Ֆաունա Արտ» ՍՊԸ-ն արդեն գտնվում է լուծարման փուլում և հնարավոր է՝ տարածքը, որտեղ այժմ գտնվում են կենդանիները, հանվի աճուրդի և վաճառվի, իսկ թե ի՞նչ է լինելու այնտեղ գտնվող կենդանիների հետ, անհայտ է։ Ընկերության հիմնադիրն Արթուր Խաչատրյանն է, տնօրենը վերջինիս կինն է՝ Նաիրա Սարգսյանը։ Ընկերությունը շարունակել է կենդանիների ներմուծումն անգամ սնանկ ճանաչվելուց հետո՝ մինչև 2019 թվականը, իսկ արդեն 2019թ․-ին ստեղծվել է նոր ՍՊԸ՝ «Ֆաունա Զօօ» անվամբ, որի հիմնադիրը Արթուր Խաչատրյանի որդին է՝ Արամ Խաչատրյանը, տնօրենը նույնն է՝ Նաիրա Սարգսյանը։

Հետաքննության ընթացքում բացահայտվել է, որ «Ֆաունա Զօօ» կողմից ներմուծված ընձուղտներից մեկն արդեն անկել է անհայտ պատճառով, իսկ կոկորդիլոսներից մեկն ու այծը՝ մեխանիկական վնասվածքի։ Ստացվում է, որ ընձուղտներն Աֆրիկայից հասել են Հայաստան ինչ-որ մեկի զբաղմունքը դառնալու համար և այդ ճակատագիր փոխող ինչ-որ մեկը կարող է լինել յուրաքանչյուր վճարունակ միջին վիճակագրական մարդ։ Սա ընդամենը մի փոքր մասն է, իսկ թե քանիսն են անկել, խեղվել կամ խոշտանգվել տեղափոխման, պահման կամ այլ պայմաններում չափազանց բարդ է ասել, քանի որ նրանք պարզապես անհետանում են վայրի առևտրի ցանցում․․․

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031