Լրահոս
Օրվա լրահոսը

«Գնացեք այնտեղ, որտեղ ձեր սրտի ժողովուրդն է, ձեր սրտի կարգերն են ու ձեր սրտի քանակն է, մարդկանց գլխաքանակով չեն չափում». Նինա Կարապետյանցը՝ ՄԱԿ-ին

Մարտ 31,2022 18:06

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր մի խումբ քաղաքացիներ բողոքի ցույց էին կազմակերպել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, Ֆրանսիայի, ՌԴ-ի, ԱՄՆ դեսպանատների մոտ:

Ցույցին մասնակցում էր նաեւ իրավապաշտպան Նինա Կարապետյանցը: Aravot.am-ի հետ զրույցում հարցին, թե ի՞նչ ակնկալիքով է եկել ու ի՞նչ արդյունք կարող են տալ նմանատիպ ցույցերը՝ նա պատասխանեց. «Միջազգային կառույցները պիտի իմանան, որ համաձայն չեն նաեւ իրենց որոշ ներկայացուցիչների վարքագծի հետ: Պիտի իմանան, որ Հայաստանում գտնվելը չի կարող սահմանափակվել միայն լավ, գեղեցիկ ծրագրեր անելով՝ շատ կարեւոր ծրագրեր, որոնց համար շատ շնորհակալ ենք՝ ուսուցողական, հետազոտական ծրագրեր են անում: Բայց այս կառույցն ի սկզբանե ստեղծված է եղել կանխելու համար կամ վերացնելու համար պատերազմի հետեւանքները, թույլ չտալու ցեղասպանություն:

Երբ զուգահեռ իրականության մեջ են ապրում միջազգային բոլոր կառույցները այս պահին Հայաստանի նկատմամբ, կամ խտրական մոտեցում ունեն մի երկրի նկատմամբ, որտեղ էլի ցեղասպանական գործողություններ են լինում, բայց այնտեղ կարողանում են արձագանքել ադեկվատ, արձագանքում են հստակ, նպատակային, շատ տրամաբանական են դա անում, Հայաստանը մի տեսակ ամեն անգամ ցուցակից դուրս է մնում, այդպես չի լինում: Իրավունքը իրավունք է, ցեղասպանությունը՝ ցեղասպանություն ու կապ չունի՝ 5 մլն-անոց ժողովրդի՞ նկատմամբ են դա անում, 2 մլն-անո՞ց, 120 հազարանո՞ց, թե՞ 40 մլն-անոց: Եթե հարցը քանակի մեջ է, նախապես եկեք գրեք, որ ժողովուրդ ջան, երբ որ դառնաք 40 մլն, ձեզ կցեղասպանեն, այդ ժամանակ մենք կարձագանքենք: Հիմա դա տրամաբանական չի, բարոյական չի, չի բխում իրավունքից ու իրենց մանդատներից:

Պիտի լինի հստակ արձագանք, որովհետեւ մինչեւ այս պահը նախ ինչո՞ւ ստեղծվեց Արցախի խնդիրը՝ հայկական բնակչությունը զտման տակ է եղել սովետական տարիներին, Նախիջեւանն է դրա ապացույցը, Բաքվում ենք մենք ցեղասպանության ենթարկվել, Սումգայիթում: Դրանք փաստեր են, որոնք ստիպեցին մարդկանց վերջնականապես չցեղասպանվելու համար կանգնել ու իրենց իրավունքները պաշտպանել: Հիմա մի անգամ պատերազմի ժամանակ ցեղասպանության ենթարկվեց Արցախի բնակչությունը, հիմա իբր պատերազմը ավարտելուց հետո հարաբերական խաղաղ պայմաններում շարունակվում են ցեղասպանական գործողությունները»:

Կարապետյանցը նկատեց, որ ցեղասպանությունը վառարաններում վառելը չի միայն, բազմաթիվ գործողություններն են. «Օրինակ, ճնշումներն են հոգեբանական, որ բարձրախոսներով խոսում են, կոչ են անում հանձնվել, որովհետեւ միեւնույն է, հարձակվելու են, դա ձմեռվա պայմաններում գազի անջատելն էր, հովիվին գողանալը, տների վրա կրակելը ու բազմաթիվ նման գործողությունները: Առանձին-առանձին գուցե դրանք չդիտարկվեին՝ որպես ցեղասպանական գործողություն, բայց մենք ապրում ենք մի իրականության մեջ, որ դրանք պետք է դիտարկել համակցության մեջ: Իսկ այն, որ չի դադարում պրոպագանդան ու հայտարարությունները, թե շարունակելու են գործողություները ու ավարտի են հասցնելու, պարզ տրամաբանությունը հուշում է, որ վերջնական ցեղասպանության են ենթարկելու Արցախի ժողովրդին: Սա է պետք կանխել: Եթե միջազգային կառույցները չեն կարողանում դա հասկանալ, ուրեմն իրենց տեղում չեն: Այդ դեպքում այստեղ սովորեցնելն էլ է անիմաստ, որովհետեւ եթե ցեղասպանվելու է ժողովուրդը, ձեր սովորեցնելը անիմաստ է, փող եք կորցնում, ժամանակ եք կորցնում, ռեսուրս եք վատնում: Ի՞նչ եք ուզում, գնացեք այնտեղ արեք, որտեղ ձեր սրտի ժողովուրդն է, ձեր սրտի կարգերն են ու ձեր սրտի քանակն է: Մարդկանց գլխաքանակով չեն չափում»:

Մանրամասները՝ տեսանյութում

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031