«Սին են այն պատկերացումները, որ զիջումներով կարելի է ապահովել տեւական խաղաղություն եւ տնտեսական բարգավաճում»,- այսօր «Հայաստանը ճամփաբաժանին. ինքնիշխանության եւ ինքնության մարտահրավերներն ու հնարավորությունները» խորագրով հրավիրված քննարկման ժամանակ իր ելույթում ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։
Նրա խոսքով՝ նորից մեր առաջ է գալիս բազմաչարչար հայկական հարցը․ «Առանց հայկական հարցի լուծման՝ հայոց պետականությունը կմնա քաղաքականապես անհաստատ, ռազմականապես խոցելի, տնտեսապես կախյալ, հոգեբանորեն վեհերոտ։ Ծնված լինելով որպես օսմանյանահպատակ հայերի անվտանգության ապահովման հարց՝ ներկայումս հայկական հարցը վերաճել է հայոց պետության իրավունքների վերահաստատման եւ ըստ այդմ, հայ ժողովրդի սեփական հայրենիքում ինքնիշխան, անվտանգ ու բարեկեցիկ ապրելու իրավունքի հարցի»։
Պապյանի կարծիքով՝ ներկա փուլում հայկական հարցն ունի լուծման մեկ ուղի՝ խաղաղ միջոցներով, փոխզիջումների ճանապարհով հետեւողական եւ տեւական աշխատանքի շնորհիվ արդյունքի հասնելու ուղին է: Միեւնույն ժամանակ, հաշվի առնելով, որ ՀՀ-ն, ինչպես նաեւ հայ ժողովրդի հավաքական ներուժը՝ քաղաքական, տնտեսական կամ ռազմական ոլորտներում զիջում է եւ մշտապես զիջելու է Թուրքիայի եւ Ադրբեջանի ընդհանուր ներուժին, անհրաժեշտ է պայքարի ողջ գործընթացը տեղափոխել այլ ոլորտ, ուր Հայաստանը ոչ միայն չի զիջում նրանց, այլեւ ունի շոշափելի առավելություն․ «Այսինքն` անհրաժեշտ է, որ ՀՀ-ն եւ նրա իրավունքները ոտնահարած երկրների միջեւ եղած հարաբերությունները տեղափոխվեն միջազգային իրավունքի դաշտ եւ այդ հարաբերություններում առկա բոլոր խնդիրներին տալ իրավական ձեւակերպումներ եւ լուծումներ։ Հայկական հարցի լուծումը հնարավոր կլինի, եթե այն խարսխված լինի իրատեսության վրա, այսինքն, հաշվի առնվեն ներկայիս ժողովրդագրական, ռազմական եւ քաղաքական, տնտեսական իրողությունները։ Միեւնույն ժամանակ իրագործելի լինելու համար լուծումը պետք է գործնականում նպաստի ոչ միայն ողջ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը, տնտեսության բազմակողմանի զարգացմանը, այլեւ ծառայի համաշխարհային ուժային կենտրոնների որոշակի շահերի կենսագործմանը եւ դրանց տարածաշրջանային հարցերում ավելի լայն ներգրավմանը։ Հայկական հարցի լուծումը ինքնիշխան պետականության հզորացման եզակի հնարավորությունն է»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ