2022 թվականի մարտի 1-ին լրացել է ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի գործողության մեջ մտնելու մեկ տարին: ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացի վերաբերյալ, «Մեդիա կենտրոնում» կայացած քննարկումների շարքի վերջին քննարկումը նվիրված էր համաձայնագրի կիրարկման գործընթացում քաղհասարակության դերին:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր Դանիել Իոաննիսյանն ասաց, որ համաձայնագրի հիման վրա կազմվեց գործողությունների երկու ճանապարհային քարտեզ, որից մեկը (որն առաջինը կազմվեց) քաղհասարակության առաջարկած այլընտրանքային տարբերակն էր: Դանիել Իոաննիսյանը կարծում է, որ քաղհասարակության տարբերակի հիման վրա կառավարությունն առաջարկեց գործողությունների իր ծրագիրը, ինչի արդյունքում տարբերակները բավականին շատ կետերով համընկնում են, թեեւ շեշտադրումները մի փոքր տարբերվում են, քանի որ քաղհասարակությունն ավելի շատ տեղ է հատկացրել ժողովրդավարական ինստիտուտներին:
Կատարվել է նաեւ համաձայնագրով սահմանված կետը եւ միայն շաբաթներ առաջ միայն ստեղծվել է ՀՀ – ԵՄ քաղհասարակության պլատֆորմ, որը պետք է համաձայնագրի մշտադիտարկում իրականացներ:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն էլ ցանկանում է, որ ԵՄ-ի հետ ՀՀ-ի համապարփակ եւ ընդլայնված գործունեության ոչ միայն բովանդակությունն, այլ նաեւ նշանակությունն ընկալվեր մեզանում: Իր բովանդակությամբ, համաձայնագիրն, ըստ նրա, ուղղված է Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների եւ իրավական համակարգի համապատասխանեցմանն այն արժեքներին, որոնք ՀՀ Սահմանադրությամբ են ամրագրված: Իր գնահատմամբ, համաձայնագիրն ուղղված է ՀՀ ինքնիշխանության երաշխավորմանը, քանի որ մի շարք ինստիտուտների կայացմանն է ուղղված: Քաղհասարակության պլատֆորմի ստեղծումը, որտեղ հանրային տարբեր շերտերն են ներկայացված, ըստ բանախոսի, ձեւն է, բայց ավելի կարեւոր է, թե քաղհասարակությունն ի՞նչ ներգրավվածություն ունի բովանդակային հարցերի լուծմանը: Իսկ այս առումով, ընդհանուր առմամբ, առավել ևս 2018 թվականի հեղափոխությունից հետո, Արթուր Սաքունցն անբավարար է գնահատում համաձայնագրի կիրարկումը՝ բովանդակային առումով:
Անդրադառնալով, մասնավորաբար, ոստիկանության բարեփոխումներին, հակակոռուպցիոն ռազմավարությանը, մարդու իրավունքների ոլորտներում համաձայնագրի կիրարկման գործընթացին, Արթուր Սաքունցն արձանագրում է, որ քաղհասարակության ձայնը գործող իշխանության կողմից պատշաճ հաշվի չի առնվել: Նա գտնվում է, որ ազնիվ չեն այն պաշտոնյաները, որոնք պնդում են, թե զուգահեռ աշխատանք է ընթանում:
Ավելին, Արթուր Սաքունցը հայտարարում է, որ, օրինակ, արդարադատության նախարարի անձի փոփոխությունից նաեւ համաձայնագրով ամրագրված խնդիրների լուծմանը վերաբերմունքի փոփոխությունն է ակնհայտ: Նա շեշտադրում է ՀՔԾ-ի ինստիտուցիոնալ զարգացման ամրագրումները՝ խոշտանգումների կանխման նպատակով, ինչը առաջարկում էր քաղհասարակության մի հատվածը, մինչդեռ այդ ինստիտուտն իշխանությունը որոշվեց փակել՝ հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմամբ եւ անգամ քննարկումներ չեղան այդ մասով: Հարցը, իհարկե, կանխվեց՝ հենց քաղհասարակության ակտիվ միջամտության արդյունքում, բայց սա Արթուր Սաքունցը ցցուն օրինակ է համարում, թե ի՞նչ նշանակություն ունի քաղհասարակության ձայնը:
Մանրամասները՝ տեսանյութում
ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործակցության համաձայնագիրը Դանիել Իոաննիսյանը համարում է ՀՀ-ում պետական ինստիտուտների կայացման ծրագիր եւ նկատում է, որ կիրարկումն այդ տրամաբանության մեջ չէ եւ եթե նույնիսկ ինչ որ կետեր տեխնիկապես կատարվում են՝ բովանդակային առումով համաձայնագիրը չի իրականացվում: Նաեւ հավելում է, որ համակարգերում մեծ է բարեփոխման դեմ դիմադրությունը:
Անդրադառնալով Արթուր Սաքունցի բերած օրինակին էլ՝ Դանիել Իոաննիսյանը հայտարարեց, որ ավելին, քաղհասարակության հետ բոլորովին այլ բան էր քննարկվել եւ անցյալ տարի այս ժամանակահատվածում, երբ ՀՀ-ն ներքաղաքական բարդ իրավիճակում էր, պարզվեց, որ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում «սուսուփուս» փոխել են նախագիծը եւ նախատեսվում էր ՀՔԾ-ի լուծարում:
Արթուր Սաքունցն էլ փաստում է, որ նաեւ գործող իշխանության կողմից չընկալվեց այս համաձայնագրի բովանդակային եւ որակական նշանակությունը եւ հատվածային կիրարկումներով աղավաղվում է այդ նշանակությունը: Նա հավելում է, որ ոստիկանության բարեփոխումների կարեւոր մաս էր Ներքին գործերի նախարարության ստեղծումը եւ եթե դա լիներ ձեւավորված եւ պարեկային ծառայությունն այդ համատեքստում ներդրվեր, բոլորովին այլ բան կունենայինք: Այժմ, փաստորեն, ոստիկանության բարեփոխումների իրականացվում են արդարադատության նախարարության կողմից, ինչը բանախոսն աբսուրդ է համարում, քանի որ մի համակարգի, որը չկա, բարեփոխում է իրականացվում՝ այլ համակարգի կողմից:
Մանրամասները՝ տեսանյութում
Դանիել Իոաննիսյանը խնդիր է արձանագրում նաեւ Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման հարցում, քանի որ առկա 60 հաստիքից 20-ը հազիվ լրացվի, քանի որ շատ լավ կադրեր չեն գնում այնտեղ: «Երբ խորքային ենք նայում համաձայնագրի կիրարկմանը, թե երկրում բարեփոխումներն ինչպե՞ս են ընթանում, բավականին տխուր պատկեր է: Բայց միաժամանակ, պետք է ասեմ, որ միամիտ կլիներ 2018-ի հեղափոխությունից հետո տարբերությունը չտեսնել, գոնե ժողովրդավարության ընկալումների եւ կոռուպցիայի դեմ պայքարի մասով: 2018-ին, օրինակ, կար գիտակցում, որ այս երկրում պետք է ստեղծել անկախ ինստիտուտներ: Հիմա, օրինակ, ես ունեմ այնպիսի տպավորություն, որ իշխանության ներկայացուցիչները հետ են կանգնում դրանից»,- ասաց Դանիել Իոաննիսյանը: Եթե համաձայնագրի կիրարկումը պատշաճ չապահովվի, ըստ նրա, պետություն չենք ունենա. «Կունենանք ինչ-որ մի հատ բանանային մի բան կամ ինչ-որ մեկի «գուբերնյան»:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Բանախոսները քննադատեցին նաեւ խորհրդարանական ընդդիմությանը՝ համաձայնագրի կիրարկման հարցն օրակարգում չունենալու համար: Արթուր Սաքունցն առաջարկում է՝ ուշադրություն չդարձնել համաձայնագրի կիրարկման դեմ հանդես եկողներին եւ համարում է, որ այդ մարդիկ քաղաքական ընդդիմության ներկայացուցիչներն են: Նա կարծում է, որ ընդդիմությունը տարբեր մանիպուլյացիաներով եւ ապատեղեկատվությամբ խանգարում է, ինչին տուրք է տալիս իշխանությունը: Իսկ Դանիել Իոաննիսյանը նրանց քաղաքական ընդդիմություն չի համարում. «Այն, որ իրենք նստած են խորհրդարանում, դեռ չի նշանակում, որ նրանք քաղաքական ընդդիմություն են: Կրիմինալ խմբերը, որոնք, որ ուզում են իրենց թալանածը պաշտպանել եւ իրենց միակ օրակարգը թալանածը պաշտպանելն է, իսկ հնարավորության դեպքում՝ նորից թալանելը, դա քաղաքականություն չէ»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»