Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ հանրությունը ուրախանում է, եթե որդեկորույս մայրը որոշում է կյանք վերադառնալ, նոր բալիկ է ունենում. հոգեբանն առարկում է Աննա Հակոբյանին

Մարտ 31,2022 17:26

Հոգեբան Միհրդատ Մադաթյանի դիտարկմամբ՝ բոլոր հանրություններում կարող են լինել դեպքեր, երբ մարդիկ վատ աչքով են նայում որդուն, ամուսնուն կորցրած կնոջը, որը պատրաստվում է նոր երեխա, նոր ամուսին ունենալ կամ պարզապես նորից ապրել:

Ըստ նրա՝ կարեւոր է հասկանալ, թե արդյոք ինչ մասշտաբների են հասնում նման դեպքերը, արդյոք պետք է մտահոգվենք այդ մասշտաբով:

Հիշեցնենք, որ որդեկորույս մայրերի ու կանանց մասնակցությամբ կանանց միամսյակին նվիրված միջոցառումից հետո Աննա Հակոբյանը տեսանյութով հայտնեց իր տպավորությունները, թե որդեկորույս կանանց հետ շփումից իմացել է, որ հանրությունը վատ աչքով է նայում նրանց, երբ իմանում է, որ պատրաստվում են, օրինակ՝ նորից որդի ունենալ, կամ որ պարզապես տեսնում են՝ նրանք ի վիճակի են շարունակել կյանքը, գնալ խանութ, խնամել իրենց եւ այլն:

Միհրդատ Մադաթյան

Հոգեբանից հետաքրքրվեցինք՝ արդյոք նման միտումները լայնամասշտաբ բնույթ կարող են կրել մեր հանրությունում:

«Իհարկե, մեկ, երկու դեպքն էլ պետք է մտահոգի, բայց Աննա Հակոբյանը դա ներկայացրեց, որպես համատարած երեւույթ, որը վստահեցնում եմ, որ գոյություն չունի: 2020 թվականի նոյեմբերից սկսած մեր հոգեբանական կենտրոնն աշխատում է պատերազմից տուժած մարդկանց հետ, շատ ակտիվ ենք շփվում թե՛ որդեկորույս մայրերի հետ, թե՛ մնացածի. բոլորովին նման միտում չկա: Կա հակառակ միտում, որ մեծամասամբ, հայ հանրությունը ուրախանում է, եթե որդեկորույս մայրը որոշում է կյանք վերադառնալ, նոր բալիկ է ունենում, ինչ որ նոր իմաստ է գտնում դրա մեջ: Դրա վառ ապացույցն են facebook-ի որոշ ստատուսներ, երբ օգտատերերը ուրախացած արձագանքում են հերոսի մոր, քրոջ երեխա ունենալու լուրին եւ այլն:

Բնավ այդպիսի համատարած միտում գոյություն չունի, իսկ միտումը օրակարգ բերելը ավելի շատ ուներ մանիպուլյացիոն բնույթ: Մանիպուլյացիայի բնույթը սա էր, բացասական գնահատական էր տրված Աննա Հակոբյանի խնջույքի հրավերքին, ոչ թե որդեկորույս մայրերի ժամանցին: Որդեկորույս մայրերն ապրում են ընտանիքներում, որտեղ Նոր տարի են նշում, ծնունդ են նշում, ամեն մեկն իր ձեւով, ու մենք ուրախ ենք լինում դրա համար: Տվյալ դեպքում՝ բողոքը Աննա Հակոբյանի հրավերքն ընդունելն էր, ինչը մանիպուլյացիայով ներկայացվեց որպես որդեկորույս մայրերին սգավոր կերպարով տեսնելու հանրության ցանկություն»:

Անդրադառնալով այն օգտատերերի գրառումներին, որոնք Աննա Հակոբյանն ընթերցում էր հայտնի տեսանյութում, որոնք քննադատում էին որդեկորույս մայրերին, թե այդ խնջույքում չէր երեւում նրանց սուգը, հոգեբանը շարունակեց. «Facebook-յան հանրությունում կա մի բան, որ երբ բացասական երեւույթ է լինում՝ մարդիկ առանց հաշվի առնելու, թե ինչն են քննադատում, սկսում են հայհոյախոսել: Օրինակ, երբ ես իմ քաղաքացիական կարծիքն եմ արտահայտում, մարդիկ սկսում են գրել, որ ես վատ հոգեբան եմ, ինչը ոչ մի կապ չունի իմ քաղաքացիական կարծիքի հետ: Բնականաբար, սա պախարակելի երեւույթ է, բայց այս երեւույթի սկիզբը դրվել է Նիկոլ Փաշինյանի ու նրա ընտանիքի կողմից դեռեւս 2018 թվականից, երբ սկսեցին դագաղներ -մագաղներ, ավել- պակաս բաներ, անձնական տիրույթ մտնել եւ այլն: Այսինքն, սահմաններն ու կարմիր գծերը վերացան, մարդու տեսակետի ու մարդու անձի, մարդու տեսակետի ու մարդու մասնագիտության եւ այլ բաների միջեւ, ամեն ինչ խառնվեց իրար: Ու համոզված եմ՝ այս դեպքում էլ կլինեին նաեւ նման գրառումներ, կլինեին մարդիկ, որոնք սգացող մայրեր չեն տեսնի եւ այլն: Ես այդ երեւույթը սխալ եմ համարում, բայց կարծում եմ՝ չպետք է Աննա Հակոբյանը վերցներ ու մանիպուլյացիա աներ, թե բոլորն այդպես են մտածում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031