Լրահոս
Օրվա լրահոսը

«Խնդիրն այն է, թե պետությունն ինչպես է սերունդների համար կոտրում, ջարդում հերոսի կերպարը». Տիգրան Աբրահամյանը՝ Անդրանիկ Փիլոյանի ձերբակալման մասին

Մարտ 31,2022 17:06

«Ամենամեծ խնդիրն այն է, որ Հայաստանը մինչև այդ հանդիպումը համաձայնություն է տվել Ադրբեջանի կողմից ներկայացվող այն հինգ դրույթներին, որոնք որևէ կերպ չեն շոշափում հայկական շահը՝ Արցախի և Հայաստանի»,-«Հենարան» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով ապրիլի 6-ին սպասվող Փաշինյան-Ալիև հանդիպմանը, այսպիսի մտահոգություն հայտնեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Տիգրան Աբրահամյանի փաստմամբ՝ նույնիսկ այն պայմաններում, երբ Հայաստանն, ըստ էության, համաձայնել է Ադրբեջանի դրույթներին, միևնույն է, Ադրբեջանը շարունակում է ճնշումները, որոնք արտահայտվում են ոչ միայն քաղաքական մակարդակով, այլև հողի վրա՝ ռազմական ագրեսիայով:

Տիգրան Աբրահամյանն ասաց. «Էլ չեմ խոսում հումանիտար ճգնաժամի մասին, որ անընդհատ հրահրում է Ադրբեջանը: Նույնիսկ այս պայմաններում, երբ ՀՀ-ն պատրաստ է ընդունել ադրբեջանական պայմանները, Ադրբեջանը հավելյալ ճնշումների միջոցով փորձում է ստանալ ավելի շահեկան պայմաններ: Ապրիլի 6-ի հանդիպման ամենամեծ վտանգավորությունը պետք է փնտրել այս ուղղություններով»:

Անդրադառնալով ԱԻ նախարար, ՀՀ ազգային հերոս, գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանի ձերբակալմանը, Տիգրան Աբրահամյանն ասաց. «Այստեղ խնդիրը միայն հնարավոր անմեղության կանխավարկածը չէ, այլ պետության մոտեցումը մարդու նկատմամբ: Խնդիրը ոչ թե այն է, որ պետք է բացառություններ անել, եթե մարդը հերոս է, այլ խնդիրն այն է, թե պետությունն ինչպես է այդ մարդկանց ոչնչացնում: Անկախ իմ վերաբերմունքից այդ գեներալի նկատմամբ՝ պետությունը փորձում է ոչնչացնել հերոսական կերպարներին: Հասարակության համար միգուցե հակասական էր հերոսի կոչում շռայլելը, հատկապես այն պարագայում, երբ պատերազմում պարտվել էինք, և այսքան հերոսներ երկիրը ունենալ չէր կարող, բայց մեկ այլ խնդիրն է այն, թե պետությունն ինչպես է սերունդների համար կոտրում, ջարդում հերոսի կերպարը: Այս իշխանության բարոյական նկարագրի պայմաններում, բոլոր այն մարդիկ, որոնք նույնիսկ մտածել են գնալ ու համագործակցել այս իշխանության հետ իրենց փրկելու համար, նրանց այս իշխանությունը պատժելու է: Այս իշխանությունը բոլորին ուղարկելու է այնտեղ, որտեղ մենք կուղարկեինք, եթե տեղի ունենար իշխանափոխություն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031