Լրահոս
Օրվա լրահոսը

«Դավաճանությունը կոծկվեց հենց դավաճանների կողմից». Խաչիկ Մանուկյան

Մարտ 31,2022 16:29

«Մենք համոզվել ենք ստերի շարունակականության մեջ, տեսել ենք, որ իրենց մորթը փրկելու համար պատրաստ են ցանկացած սուտ հորինել, ստի կայսրությունն ավելի ամուր դարձնել, բայց ժամանակը ցույց տվեց, որ իրենք էլ են սխալվել իրենց ընտրած ճանապարհի մեջ… Նրանք (իշխանությունները-Գ.Հ.) հասկացան, որ չեն կարող այդ սուտը հավերժորեն կենդանի պահել»,- «Հայելի» ակումբում ասաց հերոս Վաչագան Մանուկյանի հայրը` բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը:

Նրա խոսքով. «Եվ հենց ինքը (Նիկոլ Փաշինյանը-Գ.Հ) սկսեց դիմակները բացել: Եթե հիշում եք վերջին հայտարարություններից մեկում ասաց` ինչպես իրավացիորեն նկատեց Սերժ Սարգսյանը, եւ մեջբերում արեց նրանից, ով իրեն անվանում էր  կապիտուլյանտ, հողատու եւ այլն… Իսկ ինքն ինչպես էր եկել իշխանության` «Քայլ արա, մերժիր Սերժին», ու հիմա մեջբերումներ է անում նրանից, որին մերժում էր: Այսինքն` ինքն իր հպատակությունն է ընդունում: Հիմա մտածող մարդիկ հասկացել են, որ ովքեր մերժեցին Սերժին, ընտրեցին Սերժի թաշկինակին: Ընդ որում, սա բացահայտվեց ոչ թե աջ ու ահյակ կողմերից այլ, հենց իր կողմից եւ իր բերանով»:

Անդրադառնալով հանրության պառակտվածությանը` բանաստեղծն ասաց, որ հիմա մեր երկրում ոչ թե պառակտվելու, այլ հավաքվելու ժամանակն է: Ինչ վերաբերվում է պատերազմի ժամանակ եւ դրանից հետո հնչած հայտարարություններին, որ եղել է դավաճանություն, այդ պատճառով էլ պարտվել ենք պատերազմում, Խաչիկ Մանուկյանն ասում է. «Մենք ոչ մեկի չտեսանք, որեւէ անուն չլսեցինք: Դավաճանությունը կոծկվեց հենց դավաճանների կողմից…Դավաճաններին ձեռք չի տալիս, որ դավաճանությունները բացահայտվեն: Օրինակ, չպարզվեց, թե ինչպես եղավ, որ Վաչագանը եւ իր նմանները վերջին մեկ-երկու օրն անգամ զինամթերք, սննդամթերք չստացան, ինչպես զինամթերքը խնայելով կարողացել մարտնչել…

Նրանք, ովքեր պետք է զինամթերք հասցնեին, չկարողացան, ովքեր պետք է սննդամթերք հասցնեին, չկարողացան, լքված թողեցին այն քաջերին, որոնք իրենց կյանքի գնով իսկապես պաշտպանում էին իրենց հայրենիքը… Սա ինձ համար շատ ցավոտ էջ է, երբ քո հաղթականը, քո հզորը դավաճանվում է իր հայրենակիցների կողմից…Հիմա դրել՝ անուններ են հնչեցնում, թե իբր սա է մեղավոր, նա է մեղավոր: Անգամ Սեյրան Օհանյանին էին դատի տվել թրքաքայլականները, որ իբր նա է մեղավոր Շուշիի համար, նա պիտի ամեն ինչ հսկեր, էս խայտառակությունը պետք է չափ ունենա՞, թե՞ ոչ: Մարդկանց մի խումբ էլ հավատում էր այս ամենին…»:

Անդրադարձ եղավ նաեւ զոհվածների մայրերի` Աննա Հակոբյանի կազմակերպած միջոցառմանը մասնակցելուն եւ դրա հանրային արձագանքներին: «Փորձում են համերաշխություն փնտրել զոհվածների ընտանիքների հետ, բայց հերթական ծաղրին են արժանանում… Այն ծնողները, եթե անգամ գնացել են այդ միջոցառմանը, ես որեւէ մեկին չեմ մեղադրում…Բայց ուզում եմ մի բան ասել, այնտեղ խոսքեր հնչեցին, որ ուղղված էին բոլորիս… Այդ տիկինն ասաց, որ կեղծ եւ անառողջ իրավիճակում եք ապրում… Ուրեմն կե՞ղծ է մեր ողբը, մեր սուգը, վիշտը, կարոտը, ու դուք ճիշտ եք, հա՞…Կեղծը դուք եք ձեր ապրածով, իրարից թաքցրածով, ձեր շինծու ընտանիքներով… Ես տեսել եմ, թե ինչպես է ժողովուրդն իրապես հարգում մեր ծնողներին, մինչդեռ դուք ուզեցիք փշրել ավանդույթների շղթան, բայց դա ձեզ չի հաջողվում, ժողովուրդը շատ թանկ է գնահատում ծնողների ներկայությունը, հերոսածին մայրերին, եւ ամեն կերպ փորձում է իր մխիթարությունը բերել, իր ծառայությունը մատուցել նրանց»:

 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031