Ermenihaber. Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն չի բացառել Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերների նախարարների փոխադարձ այցերը: Այս մասին Չավուշօղլուն հայտնել է թուրքական «Ahaber» լրատվականին տված հարցազրույցի ընթացքում:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին խոսելիս Թուրքիայի արտգործնախարարը կրկին կարևորել է այն, որ Ադրբեջանն աջակցում է գործընթացին:
Ընդգծելով, որ գործընթացի բոլոր փուլերում խորհրդակցում են Ադրբեջանի հետ Չավուշօղլուն հետևյալ դիտարկումն է արել. «Սա ոչ ոք չպետք է տարօրինակ համարի՝ այսպես էլ պետք է լինի: Անցյալից էլ պետք է դասեր քաղել: Առանց Ադրբեջանի հետ խորհրդակցելու հնարավոր չէ, որ մենք որևէ քայլ անենք հատկապես արմատական հարցերում: Սա անգամ նախապայման էլ չէ, այլ բնական երևույթ է»:
Նա նաև նշել է, որ Ադրբեջանը Հայաստանին համապարփակ խաղաղության պայմանագիր է առաջարկել, ինչին Հայաստանը պետք է դրական պատասխան տա:
Կարդացեք նաև
Խոսելով Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների մասին՝ Չավուշօղլուն նշել է, որ նշանակումից ի վեր նրանք 2 անգամ են հանդիպել դեմառդեմ, սակայն անընդհատ կապի մեջ են: Չավուշօղլուի խոսքով՝ բացի հատուկ ներկայացուցիչների նշանակումից կատարվել են վստահությունը բարձրացնող քայլեր, ինչպիսին է օդային հաղորդակցության բացումը: Նա նշել է, որ որոշ քայլեր են արվում առևտրի հետ կապված:
Չավուշօղլուն անդրադարձել է նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ Անթալիայում անցկացված դիվանագիտական ֆորումին մասնակցությանը՝ նշելով. «Մեր երկկողմ հանդիպումը դրական էր: Իրականում կցանկանայի, որ երեքով՝ այսինքն Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ միասին հանդիպեինք, բայց Անթալիայում հնարավոր չեղավ: Հիմա Փաշինյանը և Ալիևն են հանդիպելու Եվրոպայում: Ես ադրբեջանական կողմում որևէ խնդիր չեմ տեսնում»:
Չավուշօղլուի խոսքով, թեև դրական միտում կա, սակայն անհնար է մեկ օրում ամեն ինչ միանգամից կարգավորել, պետք է փոխադարձ քայլեր արվեն: