Լրահոս
Օրվա լրահոսը

«Զորքերի հայելային հետքաշման պարագայում նման իրավիճակ սպասվում է նաև Սոթք, Խոզնավար հատվածում, Երասխում». Տիգրան Աբրահամյանը՝ Փարուխի և Խրամորթի զարգացումների առիթով

Մարտ 31,2022 15:40

«Հայելային հետքաշումն ավտոմատ կերպով դեռ երաշխիք չէ, որ կանխվելու է հետագա ագրեսիան և լարվածությունը, ինչի ապացույցն է Ասկերանում հայելային հետքաշման արդյունքը»,- «Հենարան» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Ըստ նրա՝ զորքերի հայելային հետքաշման արդյունքում, ըստ էության, Ադրբեջանին հնարավորություն տրվեց նոր ագրեսիայի դիմել և Արցախի՝ մեր վերահսկողության հատվածներում իր համար շահեկան դիրքերում հայտնվել: Այս առիթով Տիգրան Աբրահամյանը զգուշացրեց. «Սա նաև սպասվում է բոլոր այն ուղղություններով, որտեղ ՀՀ-ն պատրաստակամություն է հայտնել հայելային հետքաշման՝ Գեղարքունիք-Սյունիք հատված՝ Սոթք, Խոզնավար, վերջին շրջանում խոսվում է Երասխում հայելային հետքաշման մասին: Ակնհայտ է, որ ՀՀ իշխանությունն իբր թե խաղաղության՝ իր հավատարմության շրջանակում առաջարկություն է անում, բայց իրականում դրանք հաշվարկված չեն, դրա բոլոր ռիսկերը գնահատված չեն, և արդյունքում դրանցից մեկի՝ կյանքի կոչման պարագայում մենք Ասկերանի շրջանում ունեցանք կորուստներ»:

Տիգրան Աբրահամյանը նշեց՝ մեկ շաբաթ աշխատում էր Արցախում, որտեղ փորձել է քաղաքական-հասարակական, փորձագիտական տարբեր խմբերի հետ հանդիպել, հասկանալ և առավել ճիշտ գնահատել Արցախում եղած իրավիճակը:

Իրավիճակը ռազմական, քաղաքական և դիվանագիտական առումով Տիգրան Աբրահամյանը բարդ գնահատեց ու փաստեց. «Ադրբեջանը, խախտում է նույնիսկ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը՝ այն եռակողմ հայտարարությունը, որն ինքնին հակադրվում էր Արցախի և ՀՀ-ի շահերին, նույնիսկ Ադրբեջանը խախտում է այդ փաստաթղթի պայմանավորվածությունները և բռնազավթել է Ասկերանի շրջանի բավականին մեծ հատված՝ 1100-1200 հա: Սա միայն տարածքային ու հողային առումով չպետք է գնահատել, այլ արձանագրել, որ Ադրբեջանը նպատակ ունի բարելավել իր դիրքային առավելությունը և վերահսկողություն հաստատել Արցախի՝ այս պահին մեր վերահսկողության տակ գտնվող հատվածների կենսունակության վրա: Հայաստանն իրավիճակին համահունչ որևէ գործողություն չի իրականացրել քաղաքական հայտարարությունները կամ իրավիճակին վերաբերող գնահատականները զսպող, կանխարգելող դերակատարություն չունեն: Արձանագրենք, որ ՀՀ-ն իր հնարավորությունների սահմաններում ամբողջովին չի ծավալվել և արցախահայության անվտանգությունը չի ապահովել»:

Խոսելով Խրամորթում և Փառուխում զարգացումների մասին՝ Տիգրան Աբրահամյանն ասաց. «Այդ ժամանակ հորդոր էր հնչել, որպեսզի երկու կողմերն էլ հայելային ձևով հետ քաշվեն, ինչն, ըստ միջնորդության, հնարավորություն էր տալու իրավիճակը լիցքաթափել, բայց այս իրականության մեջ ադրբեջանական կողմը հետ չէր քաշվել, իր համար նոր ագրեսիայի գնալու հնարավորություն էր բացվել, ինչն իրականացրեց»:

Հարցին՝ այս պահին լայնածավալ ռազմական գործողությունների հավանականությունն ինչպիսի՞ն է, Տիգրան Աբրահամյանը պատասխանեց. «Դրա վրա ազդող մեծ թվով գործոններ կան՝ աշխարհաքաղաքական իրավիճակը, որոշ երկրների շահագրգռվածությունը Հարավային Կովկասում, այնպիսի տարածքում, որտեղ ՌԴ-ն ունի ընդգրկուն ներկայացվածություն, ՌԴ-ին նոր ճակատում ներքաշելու մասին: Երկրորդ գործոնը ՀՀ-Ադրբեջան ստեղծված իրավիճակն է: Անկախ այն իրավիճակից, որ ՀՀ-ն հետպատերազմական իրավիճակում անընդհատ պատրաստակամություն է հայտնում գնալ զիջումների, բայց նույնիսկ այս իրավիճակում Ադրբեջանի նպատակն առավելագույնին հասնելն է: Այս իշխանության թուլության, թողտվության պայմաններում Ադրբեջանն անընդհատ մեծացնում է իր պահանջները, որոնց պայմաններում ենթադրում է շատ ավելի մեծ զիջումներ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031