Լրահոս
Օրվա լրահոսը

«Նրանք լռում են, որովհետեւ մենք ենք լռում, ո՞ւմ ենք մեղադրում». Լարիսա Ալավերդյան

Մարտ 31,2022 14:50

Այսօր մի խումբ քաղաքացիներ բողոքի ցույց էին կազմակերպել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, Ֆրանսիայի, ՌԴ-ի, ԱՄՆ դեսպանատների մոտ:

Ցուցարարներն ասացին, որ Մեծ Բրիտանիայի փոխնախարարն այցելել է Բաքու եւ այցելել «Շահիդների պուրակ», ծաղիկներ դրել, ուստի իրենք բողոքի նամակ են ուղարկել նաեւ Մեծ Բրիտանիայի դեսպանին:

Մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանն էլ ասաց. «Եկեք այսօր ինքներս մեզ չխաբենք, Բրիտանիան կանգնած է թուրք-ադրբեջանական ցեղասպանական քաղաքականության իրականացման կողքին եւ մեջքին: Պետք չի, որ մենք այսօր մեզ հետ չլինենք անկեղծ: Ցեղասպանությունն իրականացվում է մեթոդաբար, պլանավորված ու պետք է հստակեցնենք, որ մինչ այսօր Հայաստանում չի ձեւավորվել մի շարժում՝ «Never again» կարգախոսով: Մենք 30 տարի է՝ կրկնում ենք, որ սա ծրագրված իրականացվող քաղաքականություն է՝ միջազգային հանրության լուռ համաձայնությամբ, ինչը նշանակում է մասնակցություն այդ նույն հանցագործություններին: Դա իրականացվում է հայերի հանդեպ, որտեղ էլ նրանք ապրեն: Այն թիրախը, որն այսօր վերցվել է թուրք-ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունն իրականացնող անձանց կողմից, դա ոչ թե այն պատճառով է, որ չեն սիրում հայերին,այլ՝ մեզ մանրադրամի տեղ են դրել: Այս ամենը կեղտոտ աշխարհաքաղաքական խաղերի դրվագներից է: Այսպես կոչված որոշումներ ընդունող պետություններից որեւէ մեկը չունի կասկած, որ հայերին ոչնչացնելու քաղաքականություն է տարվում»:

Լարիսա Ալավերդյանը Ցեղասպանությունների կանխարգելման կոնվենցիայից մեջբերում արեց՝ միտումնավոր այնպիսի պայմաններ ստեղծելը որոշ խմբի դեմ դա եւս ցեղասպանություն է. «Այն, որ գազը անջատում-միացնում են, կրակում են, դրանք բոլորովին խուլիգանական գործողություններ չեն: Դրանք վերին աստիճանի կազմակերպված եւ հետեւողական գործողություններ են: Աչքս ջուր կտրեց, որ մեր նորանկախ Հայաստանի իշխանություններից որեւէ մեկը վերջապես ԱԺ-ում մի փաստաթուղթ ընդունի, որտեղ կասվի, որ Ադրբեջանի կողմից իրականացվող հանցավոր գործողությունները իրենցից ներկայացնում են ցեղասպանություն: Միայն Սովետական Հայաստանի ԳԽ-ն է բնութագրել այն, ինչ տեղի է ունեցել Ադրբեջանում՝ որպես ցեղասպանություն: Միշտ համոզված եմ եղել՝ այն, ինչ չի անում իշխանությունը, պետք է անի ժողովուրդը: Մենք պետք է հեղեղեինք մինչ այսօր բոլոր միջազգային կազմակերպությունները նամակներով, հեռագրերով, կոմպյուտերային հաղորդագրություններով: Նրանք լռում են, որովհետեւ մենք ենք լռում, ո՞ւմ ենք մեղադրում: Մենք պետք է ամեն օր հիշենք, որ ոչ միայն իրավունք ունենք, այլեւ պարտավոր ենք կանխել ցեղասպանությունը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031