Պարզաբանում՝ ԶԼՄ-ներում հրապարակված «Իշխանությունները չեն թույլատրել պրոռուսական միջոցառումը` փոխարենն արտոնելով հակառուսականը» հոդվածի վերաբերյալ
Ս.թ. ապրիլի 3-ին Ազատության հրապարակում հավաք անցկացնելու վերաբերյալ իրազեկումներ ներկայացվել է ՀՀ քաղաքացիներ Հովհաննես Հովհաննեսյանի և Աշոտ Գալստյանի կողմից:
ՀՀ քաղաքացի Հովհաննես Հովհաննեսյանի կողմից ս.թ. ապրիլի 3-ին, ժամը 00.00-24.00 Ազատության հրապարակում հավաք և հավաքի ընթացքում՝ ժամը 18.00-21.00 Ազատության հրապարակ – Սայաթ Նովայի պողոտա – Աբովյան փողոց – Հանրապետության հրապարակ – Ամիրյան փողոց – Մաշտոցի պողոտա – Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ իրազեկումը Երևանի քաղաքապետարան մուտքագրվել է ս.թ. մարտի 4-ին:
ՀՀ քաղաքացի Աշոտ Գալստյանի կողմից ս.թ. ապրիլի 3-ին ժ.18.00-21.00 Ազատության հրապարակում հավաք անցկացնելու վերաբերյալ իրազեկումը Երևանի քաղաքապետարան մուտքագրվել է ս.թ. մարտի 24-ին:
Կարդացեք նաև
«Հավաքների ազատության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ լիազոր մարմինն իրազեկումը քննարկում է ըստ իրազեկումների մուտքագրման հերթականության:
Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն՝ լիազոր մարմինն իրազեկումը մուտքագրելուց հետո այն անհապաղ ուղարկում է ոստիկանություն, և եթե հավաքը նախատեսվում է անցկացնել պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքում կամ դրանց անմիջական հարևանությամբ, ապա նաև ՀՀ մշակույթի նախարարություն` հավաքի անցկացման վերաբերյալ կարծիք ստանալու նպատակով:
Օրենքով սահմանված ժամկետում՝ ս.թ. մարտի 9-ին, քննարկվել է ՀՀ քաղաքացի Հովհաննես Հովհաննեսյանի իրազեկումը և հավաքի ու երթի անցկացումն ընդունվել է ի գիտություն:
Օրենքի 17-րդ հոդվածի համաձայն՝ լիազոր մարմինը լսումներ է անցկացնում, եթե ոստիկանությունը ներկայացրել է հավաքի նկատմամբ առանձին սահմանափակումներ կիրառելու կամ այն արգելելու վերաբերյալ կարծիք:
ՀՀ քաղաքացի Աշոտ Գալստյանի կողմից ներկայացված իրազեկման վերաբերյալ ս.թ. մարտի 28-ին հրավիրվել են լսումներ:
Օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հավաքի իրազեկման մեջ նշված ժամանակում և վայրում այլ, ներառյալ՝ հակադարձ ուղղվածությամբ հավաքի անցկացումն ինքնին հիմք չէ հավաքի նկատմամբ սահմանափակումներ սահմանելու համար, եթե չկա դրանց մասնակիցների բախման անմիջական վտանգ:
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրության համաձայն՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում առկա են բավարար տեղեկություններ այն մասին, որ քաղաքացի Հովհաննես Հովհաննեսյանի կողմից կազմակերպված հավաքը փաստացի անցկացվելու է «Ազգային ժողովրդական բևեռ» կուսակցության (շարժում/նախաձեռնություն) անդամների կողմից, իսկ Աշոտ Գալստյանի հավաքը՝ «ԱԼՅԱՆՍ» առաջադիմական ցենտրիստական կուսակցության անդամների կողմից և նշված սուբյեկտների կողմից կազմակերպված հավաքների մասնակիցների միջև բախման անմիջական վտանգն իրատեսական է և շատ հնարավոր:
Հիմք ընդունելով Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասը՝ ավելի ուշ իրազեկված հավաքի կազմակերպչին՝ Աշոտ Գալստյանին, առաջարկվել է ս.թ. ապրիլի 3-ին նախատեսված հավաքն անցկացնել Մատենադարանին հարող տարածքում՝ իրազեկման մեջ նշված օրը և ժամին:
Համաձայն Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի՝ պայմանների վերաբերյալ լիազոր մարմնի և կազմակերպչի միջև համաձայնություն ձեռք բերելու դեպքում դրանք արձանագրվում են և կցվում գործին։ Պայմանների վերաբերյալ համաձայնություն ձեռք չբերելու դեպքում լիազոր մարմինը որոշում է կայացնում հավաքի ժամանակի, վայրի կամ եղանակի նկատմամբ սահմանափակումներ սահմանելու մասին:
Տվյալ պարագայում Աշոտ Գալստյանի կողմից առաջարկը չի ընդունվել և լիազոր մարմինը որոշում է կայացրել հավաքի վայրի նկատմամբ սահմանափակումներ սահմանելու վերաբերյալ:
Ինչ վերաբերում է հոդվածում նշված այն հանգամանքին, որ Աշոտ Գալստյանի կողմից նախատեսված է եղել կազմակերպել միջոցառում, ապա տեղեկացնում ենք, որ Աշոտ Գալստյանը ներկայացրել է իրազեկում՝ հավաք անցկացնելու վերաբերյալ՝ օրենքի պահանջներին համապատասխան: Սակայն հարկ ենք համարում նշել, որ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 56.1 հոդվածի 13-րդ մասի՝ եթե միևնույն օրը միևնույն վայրում հանրային հավաք անցկացնելու վերաբերյալ դիմումը ներկայացվել է ավելի ուշ, քան հանրային միջոցառում անցկացնելու վերաբերյալ դիմումը, նախապատվությունը տրվում է հանրային հավաքին:
Երևանի քաղաքապետարան