Լրահոս
Օրվա լրահոսը

«Ներկայություն ունենալը Շուշիում անմիջապես ցույց է տալիս ՄԱԿ-ի կողմնակալ վերաբերմունքն ու աջակցությունը բռնակալին». Բողոքի ցույց ՄԱԿ-ի գրասենյակի մոտ

Մարտ 31,2022 14:18

Այսօր մի խումբ քաղաքացիներ բողոքի ցույց էին կազմակերպել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, Ֆրանսիայի, ՌԴ-ի, ԱՄՆ դեսպանատների մոտ:

Նրանք պահանջում էին կիրառել բոլոր հնարավոր գործուն մեխանիզմներն ու արգելել Ադրբեջանի կողմից Արցախի հայաթափումն ու էթնիկ զտումը:

ՄԱԿ-ի գրասենյակի մոտ ցուցարարները հայտարարեցին. «Գիտեք՝ ինչ է կատարվում Լեռնային Ղարաբաղում, հատկապես սրված է իրավիճակը վերջին մեկ ամսվա ընթացքում: Միջազգային հանրությունը պետք է բոլոր ջանքերը գործադրի՝ հերթական ցեղասպանությունը կանխելու համար»:


Նրանք նամակ հանձնեցին ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցչին, որտեղ մասնավորապես ասված էր. «Ադրբեջանի կողմից իրագործված պատերազմական հանցագործությունները, այդ թվում՝ խաղաղ բնակիչների եւ գերիների գլխատումն ու անդամահատումը, միջնադարյան ժամանակաշրջանին բնորոշ ծաղրն ու բարբարոսությունը Արցախի խաղաղ բնակիչների, զինվորների եւ գերիների նկատմամբ մեծ հաշվով մնացել են անպատիժ: Միջազգային հանրությունը անցած մոտ երկու տարվա ընթացքում հնչած կոնկրետ գնահատականներով, հասցեական հայտարարություններով հանդես չի եկել: Միջազգային հանրությունն այս ընթացքում համառորեն աչք է փակել այն փաստի վրա, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիայի կողմից ադրբեջանական բանակում ներգրավվել են նաեւ սիրիացի վարձկան գրոհայիններ»:

Հայտարարության մեջ նաեւ ասվում է, որ Ադրբեջանը չի կատարել նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունը, չի վերադարձրել հայ գերիներին, պարբերաբար սադրանքներ է իրագործում սահմանին, շարունակում է ահաբեկել ու սպանել խաղաղ բնակիչներին:

Իսկ վերջին շրջանում նաեւ հոգեբանական ահաբեկչություն է իրականացնում՝ անհնար դարձնելով իրենց հայրենիքում ապրելու հնարավորությունը, ինչը էթնիկ զտման տարրերից մեկն է. «Մենք պահանջում ենք հստակ գնահատական տալ Ալիեւի եւ Էրդողանի հանցագործ քաղաքական ռեժիմին, գործի դնել միջազգային հայտնի սկզբունքները՝ էթնիկ զտումները կանգնեցնելու համար: Փաստերը բազմաթիվ են ու հստակ հիմնավորում են, որ արցախահայության գոյությունը վտանգված է»:


Ցույցի նախաձեռնողներից մեկն էլ հիշեցրեց. «ՄԱԿ-ը մինչ օրս ձեռնպահ է մնացել Արցախում՝ ԼՂ-ում որեւէ ներկայություն ապահովելուց, ներկայություն չի ունեցել, տեղում չի ծանոթացել հումանիտար խնդիրներին: Հետեւաբար ներկայություն ունենալ Շուշիում անմիջապես ցույց է տալիս ՄԱԿ-ի կողմնակալ վերաբերմունքն ու աջակցությունը բռնակալին, ինչը մենք բոլորս դատապարտում ենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031