Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը
Արդյունավետ արտաքին քաղաքականություն վարելու առանցքային բաղադրիչները, իհարկե, արհեստավարժությունն ու հայրենասիրությունն են։ Արհեստավարժությունն ու հայրենասիրությունը կերտվում են համապատասխան դաստիարակությամբ և կրթությամբ։ Դա շարունակական, անվերջանալի գործընթաց է: Այս համատեքստում առանձնահատուկ նշանակություն ունի դիվանագիտության պատմության ուսումնասիրությունը՝ ներառյալ հայրենական, առանցքային իրադարձությունների և դերակատարների իմացությունը, նրանցով ու նրանց ձեռքբերումներով հպարտանալն է։ Այստեղ հայկական դիվանագիտությունը, հատկապես նրա արցախյան հատվածը, իսկապես հիմնարար ձեռքբերումներ ունի։
Ձեռքբերումների համար հատկապես կարևոր էր 13-րդ դարը, որն, իսկապես, ճակատագրական ժամանակաշրջան էր։ Սկսվեցին մոնղոլական նվաճումները՝ արմատապես փոխելով աշխարհի աշխարհաքաղաքական լանդշաֆտը և մարդկության պատմությունը։
Մոնղոլական նվաճումները ավերեցին բազմաթիվ երկրներ, սպանեցին միլիոնավոր մարդիկ։ Նրանց արշավանքներից և այստեղ տեղի ունեցող ռազմաքաղաքական մարտերից առավել տուժած շրջաններից էին Կովկասը, Միջին և Մերձավոր Արևելքը։
Այս դժվարին պայմաններում արցախյան դիվանագիտությունը, առանց չափազանցության, կարողացավ հայ ժողովրդին փրկել սարսափելի ու, գուցե, անդառնալի կորուստներից։ Դա հնարավոր եղավ իրականացնել է հայ ժողովրդի, պետականության և դիվանագիտության մեծագույն ներկայացուցիչներից մեկի՝ Խաչենի և Առանի իշխան Արցախի թագավոր Հասան-Ջալալի գլխավորությամբ։ Նրա բազմաշերտ քաղաքականության, Մոնղոլիայի մայրաքաղաք Կարակորում այցելությունների, մոնղոլական մեծ խանի հետ հանդիպումների ու բանակցությունների շնորհիվ մոնղոլական արշավանքներից փրկվեց ոչ միայն Արցախը, այլև ողջ Արևելյան Հայաստանը և Արևմտյան Հայաստանի մի մասը։ Ավելին, մոնղոլները սկսեցին օգնել հայերին այլ թշնամիների դեմ պայքարում։
Կիլիկիան և Արևմտյան Հայաստանի մյուս հատվածները մոնղոլական արշավանքներից փրկվել է Կիլիկյան Հայկական Թագավորության թագավոր Հեթում Ա-ն, ով Արցախի իշխանական տոհմի ներկայացուցիչ էր։ Նա նույնպես եղել Մոնղոլական կայսրության մայրաքաղաքում, բանակցել մոնղոլների մեծ խանի հետ։ Ի դեպ, այս հարցում նրան օգնել է հենց Հասան-Ջալալը։
Կարդացեք նաև
Այս ականավոր դիվանագետների և պետական այրերի շնորհիվ Արցախն ու Հայաստանը գոյություն ունեն մինչ օրս։
Հիշենք այս մեծ մարդկանց. մենք սովորելու և հպարտանալու շատ բան ունենք։