ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հարուցված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի վարույթում գտնվող քրեական գործով կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնատար անձանց կողմից խոշոր ու առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, դրան օժանդակելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու, խարդախության եղանակով խոշոր չափերով հափշտակություն կատարելու, ինչպես նաև խոշոր և առանձնապես խոշոր չափերով ապօրինի վարձատրություն ստանալու, տալու և այլ չարաշահումների վերաբերյալ:
Հիշյալ բազմադրվագ քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են վերը նշված ենթադրյալ հանցագործությունների կատարման բազմաթիվ դեպքեր, որոնցում ներգրավված են Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, վերջինիս խորհրդականը, ինչպես նաև ԱԻ նախարարության 10-ից ավելի աշխատակիցներ, այդ թվում՝ տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ:
Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ ԱԻ նախարար Ա. Փիլոյանը նախարարության հետ համագործակցող ՍՊ ընկերության օգտին իր լիազորությունների շրջանակում գործողությունների կատարման համար իր խորհրդական Ա. Հ.-ի օժանդակությամբ 2022թ.-ին ստացել է խոշոր չափերով կաշառք:
Ի դեպ, նախաքննության ընթացքում Ա.Հ.-ի բնակության վայրի խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել են հրազեն և ռազմամթերք:
Կարդացեք նաև
Պարզվել է նաև, որ նախարարության ստորաբաժանումներից մեկի ղեկավար Հ.Ե.-ն, օգտագործելով պաշտոնեական դրությունը, միջնորդել է ԱԻ նախարարի կողմից ջեռուցման համակարգի տեսքով խոշոր չափերով կաշառք ստանալուն` համապատասխան անձին նախարարությունում աշխատանքի ընդունելու համար:
Բացի այդ, գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ԱԻ նախարարության մեկ այլ ստորաբաժանման ղեկավար Վ. Մ.-ն իր ծանոթ Ա. Օ.-ի կողմից կաշառք տալու եղանակով նախարարության ՓԾ ջոկատներից մեկի հրամանատարի պաշտոնին նշանակվելու մտադրության մասին 2022թ. հունվարին հայտնել է ԱԻ նախարարին, ով ընդունել է այդ առաջարկը: Ա. Օ.-ի` համապատասխան պաշտոնում նշանակվելուց հետո Վ. Մ.-ն օժանդակել է նախարար Ա. Փիլոյանի կողմից հիշյալ անձից խոշոր չափերով կաշառք ստանալուն:
Քննությամբ պարզվել է նաև, որ Վ. Գ.-ն, մտերիմ հարաբերությունների մեջ գտնվելով ՀՀ ԱԻ նախարարի հետ, վերջինիս կողմից իր լիազորությունների շրջանակում մի շարք անձանց օգտին գործողություններ կատարելու, այն է` նախարարության տարբեր ստորաբաժանումներում աշխատանքի ընդունելու համար նշված անձանցից յուրաքանչյուրից պահանջել և ստացել է 2000-2500 ԱՄՆ դոլարի չափով ապօրինի վարձատրություն:
Բացի այդ, քրեական գործի նյութերի համաձայն` ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության երկու ստորաբաժանումների ղեկավարները` Վ. Մ-ն և Մ. Մ.-ն, նախնական համաձայնության գալով, 2021 թվականի հոկտեմբերին խաբեության եղանակով կազմակերպել են ԱԻՆ ՓԾ մի շարք աշխատակիցների պարգևատրման գործընթաց, որից հետո, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, պարգևատրումներ ստացած հիշյալ անձանց օժանդակությամբ ստացել և հափշտակել են վերջիններիս պարգևավճարների գումարները:
Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Մ.Մ.-ն ՀՀ ԱԻՆ ՓԾ կարիքների համար 2022 թվականին անցկացվելիք մրցույթի տեխնիկական բնութագիրը համաձայնեցրել է մրցույթի հավանական մասնակցի հետ` այդ կերպ փորձելով նպաստել, որպեսզի միայն նշված ընկերությունը հնարավորություն ունենա մասնակցել և հաղթել մրցույթում:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ա. Փիլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով /3 դրվագ/: Քննիչի որոշմամբ վերջինս 30.03.2022թ.-ին ձերբակալվել է: Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
Եվս 8 անձի, այդ թվում` Արտակարգ իրավիճակների նախարարության տարբեր պաշտոնյաների, մեղադրանք է առաջադրվել ՀՀ 38-311-րդ, 311²–րդ, 313-րդ, 178-րդ, 38-308-րդ և 34-308-րդ հոդվածների տարբեր մասերով: Մեղադրյալներից Ա. Հ.-ի, Հ. Ե.-ի, Մ. Մ.-ի, Վ. Մ.-ի և Ա. Օ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: ՀՀ ԱԻՆ աշխատակիցներից ևս 10 անձ ունեն կասկածյալի դատավարական կարգավիճակ: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական լայնածավալ գործողություններ, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` հանցագործությունների և այն կատարած անձանց ողջ շրջանակը բացահայտելու ուղղությամբ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե