Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Դատարանն արգելանք է դրել համայնքի ղեկավարի ընտրության հարցով, բայց մյուս օրակարգերով կարելի է նիստ անել, եթե մեզ հետ գան համաձայնության». Մովսես Շահվերդյան. «Հրապարակ»

Մարտ 31,2022 11:24

Տեւական ժամանակ է՝ իշխանությունների համառ ջանքերով Վանաձորը ղեկավար չունի, համայնքային բազմաթիվ խնդիրներ մնում են չլուծված։ Դեկտեմբերի 5-ի ընտրությունների ժամանակ ՔՊ-ն փաստացի պարտվել էր եւ պարտությունը չմարսելով, հաղթող ուժի՝ «Մամիկոն Ասլանյան դաշինքի» առաջնորդ Մամիկոն Ասլանյանին պատանդ էր վերցրել, որպեսզի չընտրվի համայնքապետ։ Իսկ ՔՊ-ի աջակից ԼՀԿ-ի միջոցով էլ դատական կարգով արգելանք դրեցին ավագանու նիստերի վրա՝ մինչեւ հունիսի 20-ը։ Վերջին օրերին տեղեկություններ են շրջանառվում, որ իշխանությունները բանակցում են Վանաձորում հայտնի Ակայի՝ փոխքաղաքապետ Արկադի Փելեշյանի հետ, որ նրան համայնքի ղեկավարի ԺՊ նշանակեն։

Վերջինս ավագանու ընտրություններին գլխավորում էր Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության ցուցակը եւ ստացել էր 5 մանդատ: Փելեշյանը հայտնի է նրանով, որ պարբերաբար հայտնվում է տարբեր սկանդալներում եւ 2008 թվականին դատապարտվել է խուլիգանության համար (ըստ դատավճռի՝ ալկոհոլ օգտագործած վիճակում ընկերների հետ գնացել է Վանաձորի խանութներից մեկը, վիճել աշխատողների հետ, հայհոյել եւ ջարդել խանութում եղած ապրանքները), դրանից մի քանի տարի առաջ էլ ծեծել էր տեղի Ավետարանական եկեղեցու հոգեւոր առաջնորդին եւ այլն։ Եվ քանի որ Ակային կուսակցությունը հորդորել է չխոսել, եւ նա չի պատասխանում զանգերին, զրուցեցինք ՀԱՍԿ-ի նախագահ Մովսես Շահվերդյանի հետ։

– Այն, որ այսօր Վանաձորում նիստեր չեն գումարվում, ձեռնտու է միայն իշխանություններին, որոնք պարտվել են եւ ամեն ինչ անելու են, որ նիստեր չգումարվեն, ու այդ հիմքով ցրեն ավագանին, նոր ընտրություններով զավթեն իշխանությունը, ինչպես արեցին Վեդիում։

– Չեմ առարկում, Ձեր տրամաբանությունը տեղին է, բայց այդ դեպքում մյուս կողմը՝ Վանաձորի ոչ իշխանական կողմը, այսքանը չի՞ հասկանում, չե՞ն կարողանում մի խելամիտ քայլ ձեռնարկել, ինքն էլ իր օրակարգը ձեւավորի, ես պիտի հուշե՞մ՝ ինչ պետք է անեն։

– Ստացվում է՝ պայմանավորվածություններո՞վ եք ընդդիմադիր կամ իշխանական։

– Իշխանական դաշտում էլ է պայմանավորվածություններով համագործակցությունը ձեւավորվում, ընդդիմադիր դաշտում էլ, դա ընդունված կարգ է քաղաքական, պետական գործունեության մեջ։ Ինչի՞ շուրջ ենք համագործակցում, եթե չկա գաղափար, նպատակ, թիմ։ Հիմա տեղից վերկացողն իրեն ընդդիմադիր է համարում, մնացածն էլ իշխանություն են, մենք այսօր ո՛չ ընդդիմության հետ ենք, ո՛չ իշխանության, ո՛չ նրանց ենք որակյալ գնահատական տալիս, ո՛չ նրանց։

– Լավ, եթե այսօր համաձայնում են ձեր առաջարկին, Վանաձորի թնջուկին ելք պատկերացնո՞ւմ եք։

– Եթե մեր 5 անդամները գումարվում են իրենց 14 անդամներին՝ առանց Մամիկոնի, ավագանու նիստ միշտ էլ կարելի է գումարել, պետք է լրջմիտ ու ողջամիտ լինեն։ Խնդիրը պարզ է՝ եթե ավագանու լեգիտիմ նիստ պետք է կայանա, ու որոշում ընդունվի․․․ ճիշտ է, դատարանն արգելանք է դրել համայնքի ղեկավարի ընտրության հարցով, բայց մյուս օրակարգերով կարելի է նիստ անել, եթե մեզ հետ գան համաձայնության։ Եթե 3 ամիս նիստեր չեղան, ՀՀ գործադիրը կարող է նոր ընտրություններ նշանակել։ Այստեղ նման հարցեր էլ են առաջանում, դրա համար եմ ասում՝ պետք է աչալուրջ լինեն։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031