Արցախի շուրջ իրավիճակի ցանկացած լարման ժամանակ Իրանի Իսլամական Հանրապետության տարբեր աղբյուրներից եւ տարբեր ձեւաչափերով հնչում են հայտարարություններ հարեւան պետությունների սահմանների խախտման անթույլատրելիության մասին: Նման հայտարարություններ հնչեցին նաեւ Փառուխ գյուղի մոտ տեղի ունեցած ռազմական բախման համապատկերին, երբ ադրբեջանական ստորաբաժանումներ (հատկապես՝ ծանր տեխնիկա) մոտեցվեցին Արցախի եւ Հայաստանի սահմաններին:
Իրանից հնչող վերջին հայտարարությունների հատկանշական կողմն այն էր, որ դրանք վերաբերում էին ոչ միայն Հայաստանին ուղղված Ադրբեջանի եւ Թուրքիայի ծավալապաշտական ձգտումներին, այլեւ Արցախի հանդեպ Ադրբեջանի ունեցած նկրտումներին: Օրերս Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Թուրալ Գանջալին սադրիչ գրառում էր արել «թվիթերյան» իր էջում։ Նա տեղադրել էր Ստեփանակերտի լուսանկարը եւ գրել. «Ղարաբաղն Ադրբեջան է եւ միշտ այդպես կլինի»։ Սրան ի պատասխան՝ իրանական պարբերականներից մեկի վերլուծաբան Սալար Սեյֆը գրել էր. «Ադրբեջանն Իրան է, եւ միշտ այդպես կլինի, փոքրի՛կս»:
Վերեւում ներկայացված արձագանքները փաստում են, որ Թեհրանն ավելի ու ավելի զգայուն է դարձել եւ կոշտ է արձագանքում իր սահմանների մոտ տեղի ունեցող զարգացումներին, քանի որ դրանցում իրական ռիսկեր է տեսնում: Իրանի շուրջ օղակը սեղմվում է, եւ այն չեն կարող չտեսնել Թեհրանում: Վերջերս էլ, հաղթահարելով տասնամյակների թշնամանքը, դաշնակցային հարաբերություններ ձեւավորվեցին Իսրայելի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների միջեւ, ինչն ուղղակիորեն ուղղված է Իրանի դեմ, քանի որ վերջինս խնդիրներ ունի նաեւ արաբական այդ երկրի հետ: Իրանի արեւելյան սահմաններին են Թուրքիայի դաշնակից Պակիստանն ու Աֆղանստանը:
Այս իրավիճակում գործընկերային հարաբերությունների մեջ գտնվող Ռուսաստանի ուղղությամբ հյուսիսային՝ Հայաստանի հետ սահմանի կարեւորությունը Իրանի համար աննախադեպ մեծանում է: Հետեւաբար, Հայաստանի ու Արցախի շուրջ կայուն վիճակը բխում է նաեւ Իրանի եւ ՌԴ-ի շահերից:
Կարդացեք նաև
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում: