Լրահոս
Օրվա լրահոսը

«Խնդիրները չեն լուծվել, ավիացիային առնչվող իրավական դաշտը խեղաթյուրված է». Փաստ

Մարտ 31,2022 10:05

Ինչպես հայտնի է, ՌԴ նկատմամբ կիրառված պատժամիջոցների հետևանքով եվրոպական շատ երկրներ արգելել են թռիչքները դեպի Ռուսաստան: Ավիացիոն ոլորտի մասնագետ Անդրանիկ Վանցյանը «Փաստի» հետ զրույցում անդրադարձել է ստեղծված իրավիճակում Հայաստանի ավիացիոն ոլորտի հնարավորություններին, խոսել նաև առկա խնդիրներից:

Նրա խոսքով, սակայն, մեր հնարավորությունները ևս այդքան մեծ չեն՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ. «Հայաստանի հնարավորությունները սահմանափակ են նախ Եվրոպայի առումով՝ հաշվի առնելով, որ հայկական ավիաընկերությունների օդանավերի համար ԵՄ օդային տարածքը 2020 թվականից փակ է, և Հայաստանն այս առումով սև ցուցակում է: Չգիտեմ՝ այդ ուղղությամբ քայլեր արվում են, թե ոչ, բայց որքանով հասկացել եմ՝ ոչինչ էլ չի արվում: Ժամանակը ցույց տվեց, որ այդ հարցն առկախված է»:

Անդրադառնալով սահմանափակ հնարավորությունների մյուս պատճառներին՝ Ա. Վանցյանը հավելեց. «Մենք չունենք ինքնաթիռների անհրաժեշտ պարկ: Շուկա նոր մուտք գործած հայկական ավիաընկերությունները սահմանափակ քանակի ինքնաթիռներ ու նույնքան սահմանափակ հնարավորություններ ունեն: Իրենց բազաները կազմավորվել են դրսի ավիաընկերությունների հետ: Այսինքն, այս տեսանկյունից խոսել հայկական ավիացիայի զարգացման կամ ինչ-որ հնարավորությունների մասին, աբսուրդ է, որովհետև մեր պետությունը ո՛չ սեփական ինքնաթիռներ է ձեռք բերում, ո՛չ էլ նաև կոնկրետ զարգացման ծրագիր կա»:

Իսկ թե իրականության մեջ որքանո՞վ էր հնարավոր ձեռք բերել ինքնաթիռներ ու զարգացման հստակ ծրագրեր մատնանշել, նա հիշեցրեց, որ ավիացիոն մասնագետների կողմից երկար ժամանակ ծրագրեր են ներկայացվել, մատնանշվել են նաև ավիացիոն ոլորտին առնչվող իրավական դաշտի կարգավորման ուղիներ. «Ներկայացրել ենք նաև ազգային ավիափոխադրողի ստեղծման մի քանի տարբերակներ: Խմբի կողմից ներկայացված աշխատանքները քննարկվել են նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում, երբ նախարարը Սուրեն Պապիկյանն էր: Խոստացան, որ առաջարկությունների մասին կզեկուցեն վարչապետին ու մեզ կհրավիրեն աշխատանքները կազմակերպելու համար: Արդեն անգամ բիզնես պլան էր կազմված, հայկական ավիափոխադրող ստեղծելու մոդելը ևս ներկայացված էր: Դրանից հետո լռություն էր:

Մեր զրուցակցի խոսքով, այսօր պետական մակարդակով ոչ մի ձայն ու քայլ չկա: «Չկա որևէ արձագանք, ոչ մի ծրագիր: Անհասկանալի են նաև մեր ազգային ավիափոխադրող կոչված ընկերության զարգացման, ռազմավարության ծրագրերը: Ո՛չ հրապարակել են, ո՛չ էլ տեղյակ ենք: Կցկտուր բաներ են ասվում, ինչն անհասկանալի է: Մեծ հաշվով, ավիացիայի մասով պետական որևէ ծրագիր չկա: Միգուցե ինչ-որ բաներ մշակվում են, բայց, ճիշտն ասած, կասկածում եմ: Ոլորտը գլխիվայր շուռ տված էր, այսօր ևս շարունակում է նույն վիճակում մնալ: Ոչինչ չի փոխվել, խնդիրները չեն լուծվել, ավիացիային առնչվող իրավական դաշտը խեղաթյուրված է, այդ առումով ևս անհրաժեշտ փոփոխություններ չեն իրականացվել: Ի դեպ, աջակցել ենք ավիացիայի կոմիտեին, որ փոփոխություններ իրականացվեին «Ավիացիայի մասին» օրենքում, սակայն այդ ամենը ևս սառեց կառավարությունում: Մեծ հաշվով, ոչինչ չի արվել ու ոչինչ չի արվում»,-եզրափակեց Վանցյանը:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031