Լրահոս
Օրվա լրահոսը

Լրատվության սպառման մեր առանձնահատկությունները

Մարտ 31,2022 10:00

Եթե դատելու լինենք համացանցային քննարկումներից, ապա մեր քաղաքացիներին չի հետաքրքրում արցախցիների ճակատագիրը, չեն հուզում Հայաստանի անվտանգության հարցերը, նրանք առանձնապես չեն մտահոգվում՝ արդյո՞ք գոյություն կունենա Հայաստան անունով պետություն, թե՝ ոչ: Ավելի ճիշտ կլինի ասել՝ հայաստանցիներին այդ բոլոր հարցերը հետաքրքրում են ոչ թե ինքնին՝ որպես մարդկանց կյանքին, առողջությանը, արժանապատվությանն առնչվող խնդիրներ, այլ այնքանով, որքանով դրանց մասին հրապարակումները եւ դրանց շուրջ քննարկումներն առիթ են տալիս որեւէ վատ բան ասել Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի, Սարգսյանի կամ Փաշինյանի մասին:

Տեղեկատվության սպառման մեխանիզմը հետեւյալն է. մարդիկ կարդում են վերնագիրը, այնտեղ ծանոթ անուն, բառ կամ բառակապակցություն են գտնում, այնուհետեւ սկսում են ենթադրություններ անել այն մասին, թե ո՞րն է այդ նյութի թեման, եւ ինչպիսի՞ն է հեղինակի դիրքորոշումը: Իսկ հետո այդ ենթադրությունների հիման վրա սկսում են նյութը մեկնաբանել:

Եթե վերնագրում առկա է վերոնշյալ չորսից որեւէ մեկի անունը, ապա մեկնաբանողների գործը հեշտ է: Եթե անունը չկա, եւ վերնագիրն, ասենք, Ալֆա Ցենտավրա մոլորակում մթնոլորտի բացակայության մասին է, ապա խնդիրը փոքր-ինչ բարդանում է. պետք է գտնել այդ վերնագիրն իրենց հակահերոսի հետ կապող «տրամաբանական շղթան»: Օրինակ, «մթնոլորտ չկա»-«իսկ Լեւոնի (Ռոբերտի, Սերժի, Նիկոլի) վախտ չկար էսինչ բանը»- «Խեղճ ժողովուրդը դրանից զրկված է (էր)»- «ոչ ոք դրա համար պատասխան չի տալիս»- «մինչեւ էս հարցը չլուծվի՝ էս երկրից ոչ մի լավ բան չարժե սպասել»:

Իհարկե, այս մեխանիզմով տեղեկատվություն են սպառում ոչ միայն Հայաստանում: Պարզապես, մեր երկրում, իմ տպավորությամբ, կրիտիկական մեծ զանգված են կազմում քաղաքական ինդոկտրինացիայի ենթարկված քաղաքացիները: Նրանց ուղեղները, համակարգչային լեզվով ասած, կարգավորված են ներքաղաքական ուղղությամբ, իսկ ավելի ստույգ՝ այդ չորս հոգուց որեւէ մեկի կամ բոլորի հանդեպ ատելության գործոնով: Քանի որ մեզանում կան այդ ատելության պահանջարկը բավարարող չորս տեսակի լրատվամիջոցներ եւ հրապարակախոսներ, հասարակական պատվերը բազմակողմանիորեն բավարարված է: Չորս խմբերն էլ հնարավորություն ունեն իրենց սիրտը հովացնելու:

Կա, իհարկե, հասարակական վարքի «գիտական» բացատրություն: Ըստ այդմ՝ ժողովուրդը բնազդաբար ընտրում է ամենաճիշտ տարբերակը, որը տանում է դեպի իր փրկությունը: Եթե դա այդպես է, ապա ես մեծ բարեբախտություն եմ համարում, որ ԱՄՆ-ում ապրող մի նախկին ոստիկան վերջին ընտրություններում չէր առաջադրվել ՀՀ վարչապետի պաշտոնում: Թե չէ՝ շատ հնարավոր է, ժողովուրդն իր անվրեպ բնազդով նրան ընտրեր Հայաստանի ղեկավար:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031