Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Երբեք չեմ մտածել, որ հերոսներ են նստած սովորական դասասենյակում»

Մարտ 31,2022 12:00

Հերոս Լեռնիկ Վահանյանի մասին պատմում են դասղեկը, դասընկերուհին ու քույրը

Արցախյան գոյամարտում մեր նորօրյա հերոսները՝ գործելով սխրանքներ, անմահացան։ Գոյամարտում ծնվեցին նոր հերոսներ, որոնց անմահ անունն ու սխրանքը ոսկե տառերով է գրվելու մեր պատմության էջերում։ Այդ քաջ ռազմիկներից էր նաեւ Լեռնիկ Վահանյանը։ Նա Գագարին գյուղից էր, 9-ամյա կրթությունն ստացել է տեղի միջնակարգ դպրոցում, այնուհետեւ ուսումը շարունակել Հրազդանի պետական բժշկական ուսումնարանում։ Բժշկության հանդեպ սերը նրան մղում էր ավելի լավ մասնագետ դառնալ, սակայն նրա ծրագրերն ու նպատակները կիսատ մնացին։

Լեռնիկի բնավորության եւ նախասիրությունների մասին մեզ հետ զրույցում պատմեց նրա հորեղբոր աղջիկը՝ Մերին. «Լեռնիկի մասին հիշողությունները շատ են եւ կարող եմ երկար խոսել այդ մասին։ Նրա հետ է անցել իմ մանկությունը։ Նրան բնութագրելու համար համապատասխան բառեր չեմ կարողանում գտնել։ Լեռնիկը շատ համեստ, բարի ու հավասարակշռված էր, շատ դժվար էր նրան հունից հանելը, չափազանց համբերատար էր, երբ որեւէ բան բողոքում կամ պատմում էի նրան, ծիծաղով էր հակադարձում։ Հաճախ այնպիսի բաներ էի անում, որ նրան դուր չէր գալիս, բայց նա այնքան հանգիստ էր ինձ բացատրում, որ ես իսկապես զղջում էի։ Լեռնիկը հետաքրքրված էր կենդանիներով… Լեռնիկի մասին անցյալով խոսելը իսկապես դժվար է, որովհետեւ ես դեռ սպասում եմ նրան։ Նրա հետ կապված պատմություններն ու հիշողությունները շատ-շատ են։ Հիշում եմ՝ դեռ չէր զորակոչվել, մեր տանը մի առիթով բոլորս հավաքվել էինք սեղանի շուրջ եւ նա հանկարծ հայտարարեց, որ մինչեւ բանակ գնալը ուզում է նշանադրվել: Հասկացանք, որ սիրած աղջիկ ունի, բայց տնեցիները այդ ամենը հումորով ընդունեցին, ասելով՝ «Այ տղա, հիմա ժամանակը չէ, ծառայի վերջացրու նոր, մենք նրա հանդեպ ուշադիր կլինենք»… Ու մենք մինչեւ այսօր էլ սպասում ենք նրան եւ այդ գեղեցիկ օրվան»:

Մանկության վառ հիշողությունները Լեռնիկի դասընկերուհուն՝ Լուսինեին ստիպում են ամեն օր հիշել հերոսին: «Լեռնիկը հրաշալի դասընկեր ու եղբայր է ինձ համար եղել։ Դասարանի ամենահամեստ տղաներից մեկն էր, միշտ պատրաստ էր իր դասընկերներին ցանկացած պահի օգնության հասնել։ Գիտեինք` ինչ հարց էլ լինի, Լեռնիկին կարող ենք դիմել։ Չափազանց մեծ է ափսոսանքս, որ մեր քաջ հերոսի պես շատ տղաներ իրենց կյանքը տվեցին հայրենիքին՝ հանուն մեր վաղվա օրվա, հանուն մեր խաղաղ երկնքի ու դարձան հրեշտակներ՝ շարունակելով պաշտպանել մեզ։ Երբեք չէի կարող պատկերացնել, որ մի օր նա այլեւս մեզ հետ չի լինի։ Շատ լավ եմ հիշում, երբ տեսնում էր մեզ, ինչքան էլ որ հեռու լիներ, բարեւում էր, հարցնում՝ արդյո՞ք մեզ մոտ ամեն բան կարգին է։ Հպարտ եմ, որ հերոս դասընկեր ունեմ, որ չհանձնվեց անգամ մահվան առաջ ու քաջ պայքար մղեց մեր բոլորի համար»,-ասում է Լուսինեն:

Լեռնիկի մասին իր հիշողություններով կիսվեց նաեւ նրա դասղեկը՝ Աննա Սիմոնյանը. «Պատերազմը 44 դաժան օրեր տեւեց, բայց այն այդպես էլ չավարտվեց, շարունակվում է մեր հոգիներում։ Պատերազմի բերած ցավը վեր է եւ դուրս է սովորական վիճակագրությունից: Ամեն մի մահը մի մարդու պատմություն է, որը վերաբերում է բազմաթիվ մարդկանց՝ նրա հարազատներին, սիրած աղջկան, ընկերներին, համադասարանցիներին, ուսուցիչներին։ Երբեք չեմ մտածել, որ հերոսներ են նստած փոքրիկ, սովորական դասասենյակում։ Այժմ իմ հերոսների մասին ես խոսում եմ ամեն առիթով, յուրաքանչյուր միջավայրում։ Լեռնիկս անսահման բարի ու ազնիվ էր, հավասարակշռված, ընկերասեր ու հայրենասեր։ Շատ զուսպ էր, ամեն ինչում չափի մեջ։ Երբեք չէր բողոքում, ամեն ինչին մոտենում էր փոխըմբռնումով։ Լեռնիկս հավատում էր, որ հայի ոգին անկոտրում է։ Հավերժության ճամփան բռնած իմ հերոսները համոզված էին, որ հայերին հաղթելը անհնար է։ Նրանք զոհվեցին բարձունքում, իրենց բարձրության վրա՝ հավատալով, որ բարձունքը մերն է, մերն էլ կմնա, հաղթանակը սրտներում գնալով դեպի հավերժություն, իրենց հավերժ ներկայությամբ պարտադրելով մեզ ճիշտ ապրել»: Մերօրյա հերոսները կերտեցին մեր նորագույն պատմության հիրավի պայծառ ու ոսկե էջերը։ Նրանց ոչ միայն պետք է հիշել, այլ պետք է նաեւ նրանց գործը շարունակել։

Օֆելյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Լուսանկարները` Լեռնիկ Վահանյանի արխիվից

«Առավոտ» օրաթերթ
30.03.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031