Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դավիթենց հատուկջոկատայինների մասին կարծես քիչ է խոսվում, քիչ է գրվում, նրանք ասես «մոռացված լինեն»

Մարտ 31,2022 13:00

Հոկտեմբերի 10-ին Հադրութի պաշտպանական մարտերում թշնամու հատուկ ջոկտայինների հետ կռվում նորից են ընկել կրկնակի շրջափակման մեջ, ինչպես Դավիթ Հովնանի Խաչատրյանի 64-ամյա մայրը` Ռիտա Գաբրիելյանն է ասում` կարծես հատուկ կազմակերպած: Առաջին օղակը ճեղքել են, երկրորդից դուրս գալ չի հաջողվել: Դավիթը ծանր վիրավորվել է: Նրա տեղակալ եւ մարտական ընկեր Հայկ Հարությունի Արշակյանը 10 կմ Դավիթին շալակած, միաժամանակ` կռվելով, նրան հասցրել է Կարմիր Շուկա, որտեղից տեղափոխել են Ստեփանակերտի հիվանդանոց, այնտեղից` Երեւան:

«Երբ Դավիթը հիվանդանոցում բացեց աչքերը, հարցրեցինք` ո՞նց ես, բութ մատը վերեւ պարզելով հասկացրեց` լավ է: Թեեւ գիտակցությունը տեղն էր, բայց խոսել չէր կարողանում, թուղթ ու գրիչ ուզեց եւ գրեց` էրեխեքս ո՞նց են, չասաց` իմ երեխան, առաջինը իր զինվորներից հարցրեց: Իր զինվորներին իր երեխայի պես էր սիրում, պաշտպանում: Նրանցից մեկը` Աշոտ Աշոտյանը, իր կողքին էր պառկած: Մարտական ընկերները եկան, տեսան նրան, ինչից հետո միայն մի քիչ հանգստացավ: Բայց իր ջոկատից 17 հոգի զոհվել էր, 3-ը` վիրավորվել: Դավիթի վիրավորումը ծանր էր, կյանքի հետ անհամատեղելի, թեեւ փորձում էին ամեն ինչ անել` նրան փրկելու, բայց ողնուղեղը կտրվել էր, ինչը կտրեց նաեւ նրա կյանքի թելը: Դավիթը 10 օր հիվանդանոցում կենաց-մահու կռիվ տվեց ու հանգավ հոկտեմբերի 20-ին: Նրա ջոկատի 17 անդամներն էլ են զոհվել նույն օրը` հոկտեմբերի 20-ին»,- ցավով ու կսկիծով ասում է մայրը` Ռիտա Գաբրիելյանը, հետո հավելում, որ այս տղաների, Դավիթենց հատուկջոկատայինների մասին կարծես քիչ է խոսվում, քիչ է գրվում, նրանք ասես «մոռացված լինեն» ու մտածում է ինքն ինչ-որ բան անել, հետաքրքրվել, ուսումնասիրել, գրել նրանց պատմությունը:

…Երեք աղջիկներից հետո բռնակոթցի Հովնան Խաչատրյանի եւ Ռիտա Գաբրիելյանի ընտանիքում ծնված Դավիթը մի ուրիշ բերկրանք պարգեւեց ծնողներին: Եթե էլի աղջիկներ ծնվեին, Հովնանը, միեւնույն է, երազում էր տղա ունենալ: Ու 1991-ի սեպտեմբերի 4-ին լույս աշխարհ եկավ նրա երազանքը` Դավիթը: Հայրն իր բոլոր ծրագրերը, նպատակները կապեց նրա հետ: Ավագ քույրերը մի ուրիշ ջերմությամբ շրջապատեցին նրան, ծնողները նրա մեջ տեսան ընտանիքի շարունակությունը:

Դավիթն առաջին դասարանը սովորեց ծննդավայր Բռնակոթի դպրոցում, որտեղ ֆիզիկա էր դասավանդում ուսուցչուհի մայրը, ապա` Սիսիանի թիվ 1, իսկ 4-րդ դասարանից` թիվ 3 միջնակարգ դպրոցներում: Տունը Գայի թաղամասում էր, Սիսիանի զորամասին մոտ, ինչը, կարծես, ճակատագրական դեր ունեցավ նրա կյանքում: Դավիթն ամեն առավոտ վազում էր զորամասի զինվորների հետ, փորձում նմանվել նրանց, իսկ 9-րդ դասարանից արդեն ուզում էր զինվորական դառնալ: Ծնողները դեմ էին, տան միակ տղան է, ի՞նչ զինվորական: Եվ Դավիթը դարձավ Երեւանի ճարտարագիտական համալսարանի նորաբաց` շրջակա միջավայրի պահպանության եւ բնական պաշարների արդյունավետ օգտագործման բաժնի ուսանող, ու ընտանիքը 2005-ին տեղափոխվեց Երեւան: 2009-ին Դավիթ Խաչատրյանը զորակոչվեց բանակ: Ծառայում էր Նուբարաշենի` ՀՀ հատուկ ջոկատայինների գնդում, դիպուկահար էր: Ծառայության ավարտից հետո ուզում էր մեկ տարի եւս երկարաձգել, բայց կրկին ծնողները դեմ էին: Նրանք հետո են «պարզել», որ զինվորական դառնալու նպատակը «թույլ» զինվորներին պաշտպանելն է եղել, քանի որ Գայի թաղամասի հարեւանությամբ գտնվող զորամասում Դավիթը տեսել էր «թույլ» զինվորների, իր մեջ որոշել «ուժեղ» զինվորական դառնալ, որ պաշտպանի նրանց… Բակալավրիան ավարտելուց հետո չէր ուզում կրթությունը շարունակել մագիստրատուրայում, ուշքն ու միտքը նորից զինվորական դառնալն էր, բայց մայրը հորդորեց ավարտել անվճար կրթությունը, ինչն ուրիշների համար երազանք էր: Ուսմանը զուգահեռ Դավիթն աշխատում էր, օգնում ընտանիքին: Նրան շատ էին սիրում աշխատավայրում, մինչեւ հիմա էլ սիրում են, ու Դավիթից հետո էլ պահպանել են կապը ընտանիքի հետ, այցելում, զորակցում են ծնողներին: Դավիթը կարեկից էր, հասնող, բարի, խեղճերի, թույլերի, կարիքավորների պաշտպան: Կռվարար չէր, մեկին չէր նեղացնի, չի եղել գոնե մի դեպք, որ մորը բողոքեն Դավիթի վատ պահվածքի, վատ արարքի համար: Հավասարակշիռ էր ու չափերի մեջ: Մոր հետ զրույցների ժամանակ հաճախ էր ասում` էս աշխարհում մի արեւ է, մի լուսին, մի երկիր, մի կյանք, մարդիկ ի՞նչ են ուզում իրարից, որ կռիվ են սարքում: Կյանքն էլ մի ուրիշ ձեւով էր սիրում: Քանաքեռավանում հող էին վերցրել, երազում էր մեծ տուն կառուցել, որ բոլոր քույրերի համար էլ տեղ լինի, քրոջ տղային եղբոր պես էր մեծացնում: Մորն ասում էր` չի թողնելու տան դիմացի մեծ հողամսում կարտոֆիլ-լոբի ցանի, որ չտանջվի, չչարչարվի, միայն ծառ ու ծաղիկ պիտի լինի, որ վայելի: Մայրն ուրախանում էր……

Կրթությունն ավարտելուց հետո Դավիթը մասնագիտական որեւէ աշխատանք չգտավ, եւ 2015-ի դեկտեմբերին ծառայության մտավ ՀՀ Պն N զորամասում, 7-րդ հատուկ նշանակության խմբի հրամանատարն էր, ավագ լեյտենանտ: Ծնողներին կրկին հիշեցրեց, որ ինչքան էլ դեմ էին իր` զինվորական դառնալուն, մեկ է, ճակատագիրը նրան հենց այդ ճանապարհով էլ տանում էր: 2020-ի սեպտեմբերի 25-ին Դավիթը հերթապահում էր: 26-ին տուն էր եկել, հանդիպել տնեցիներին, հետո շտապել Հոկտեմբերյան` ծնողներին հյուր գնացած կնոջն ու օգոստոսի 4-ին լույս աշխարհ եկած դստերը տեսնելու: Սեպտեմբերի 27-ին տագնապի ահազանգից վերադարձել էր ծառայության վայր` չհասցնելով անգամ հրաժեշտ տալ դստերը, եւ մորը խնդրել էր հոր միջոցով իր զինվորական պայուսակն ու իրերը հասցնել իրեն: «Ամեն օր տնից գնալիս ասում էր` մամ, մայրական օրհնանքդ տուր: Էս անգամ տնից չգնաց, ու մայրական օրհնանքս չտվեցի: Իրերը հայրը տարավ, ես չգնացի: Ինձ շատ մեղավոր եմ զգում, եթե ես էլ գնայի նրան ճանապարհելու, եթե այս անգամ էլ մայրական օրհնանքս տայի»,- ցավով ասում է մայրը ու հավելում, որ Դավիթի ջոկատին անմիջապես տարել են Քելբաջար, հետո` Ջաբրայիլ, հոկտեմբերի 2-ին ընկել են շրջափակման մեջ, ճեղքել են շրջափակումը, հրամանատարը զոհվել է, ջոկատը մնացել է առանց հրամանատարի: Թե ո՞վ պիտի փոխարիներ նրան, բոլորի հարցական հայացքները ինքնաբերաբար կանգ են առել Դավիթի վրա: Քննարկման ենթակա չէր:

…Հոկտեմբերի 22-ին Դավիթ Հովնանի Խաչատրյանի աճյունն ամփոփվեց Եռաբլուրում` մարտական ընկերների կողքին: Հոկտեմբերի 28-ին ՀՀ նախագահի հրամանով Դավիթ Խաչատրյանը պարգեւատրվել է «Մարտական ծառայության» մեդալով, բայց, ինչպես տխրությամբ ասում է մայրը, իր մեդալը իր որդին էր, որ գնաց, հետո հավելում, որ, միեւնույն է, շատ է հպարտանում իր տղայով, հպարտ է, որ հայրենիքին նման զավակ է պարգեւել ու մխիթարությունը գտնում է Դավիթի թողած ամենաթանկ ժառանգության` Արինայի մեջ, ջանում հորն արժանի զավակ մեծացնել:

Մայրը պատմում է, որ Դավիթն անարդարություն տանել չէր կարողանում, հատկապես` բանակում: Մի դեպք էր եղել, որից խիստ վիրավորվել էր, զայրացել, ցանկացել ուրիշ զորամաս տեղափոխվել: Բայց նրան բաց չէին թողնի, նրա նման ո՞վ կարող էր նորակոչիկների հետ էդ համբերատարությամբ ու սրտացավորեն աշխատել, ծնողներին էլ ասել էր` էս էրեխեքին ո՞ւմ թողնեմ գնամ: Իր զինվորներին «հայրություն էր անում», կապվում նրանց հետ, նրանց ընտանեկան հարցերը լուծում, որ զինվորը հանգիստ իր ծառայությունն անցներ: Դավիթը թեեւ զինվորական էր, բայց խղճի գերի էր, բոլորի մասին մտածող: Մայրը պատմում է, որ կինը` Մարին, շատ ծանր ծննդաբերություն է ունեցել, ու Դավիթը հենց այն մտքից, որ ոչնչով չէր կարող օգնել իր սիրելիներին, արտասվել է, ասելով` երանի ես մեռնեմ, բայց Մարիին եւ երեխային բան չպատահի… Գրկում էր դստերը, ժամերով ուշադիր նայում դեմքին, ասես` ուզում էր հագենալ… Սիրել է մոր հետ զրուցել, նրան պատմել իր խոհերը, մտքերը, կարծիքները, ասել, որ եթե պատերազմ լինի, չի ցանկանա գերի ընկնել, էդ նվաստացումը չի կարող տանել: Իսկ եթե վիրավորվի, ու գերի ընկնելու հավանականությունը մեծ լինի, կյանքին վերջ կտա: Իսկ ահա պատերազմի ժամանակ իր տեղակալին` Հայկ Արշակյանին խնդրել է, որ եթե նման վիճակ ստեղծվի ու չկարողանա ինքն իրեն կրակել, Հայկը դա անի… «Դավիթը հավատում էր ճակատագրին, ասում` մարդ կարող է մեռնել խաղաղ կյանքում, որեւէ միջադեպով, ուրեմն դա նրա ճակատագիրն է: Զուսպ էր, կռվի ամենածանր պահերին էլ, անգամ երբ շրջափակման մեջ են եղել, մեզ հավաստիացրել է, որ ամեն ինչ լավ է, բայց ամեն անգամ ինձ խնդրել` աղջկաս լավ կպահես, մամ… Պատերազմից առաջ էլ է հաճախ այդ խոսքերն ասել, սի՞րտն էր վկայում…»,- պատմում է մայրը, ով այնպես կուզենար փոխել որդուն բաժին հասած ճակատագիրը, բայց` անզոր է…
Դավիթի կինը` Մարի Թամոյանն էլ է ճակատագրական ընդհանրություններ տեսնում իր եւ ամուսնու կյանքում: «Դավիթի նման երկրորդը չկա: Ամուսնացել ենք 2018-ին: Երջանիկ էինք: Հոգատար էր, իդեալական կերպար, լավ զինվորական էր, իր աշխատանքին նվիրված: Նրա հետ ապահով էի, սիրված, պաշտպանված:

Երբ ծնվեց մեր դուստրը` Արինան, Դավիթը երջանիկ հայր էր: Սակայն մի ճակատագրական բան տեղի ունեցավ. Արինան պիտի ծնվեր սեպտեմբերի 29-ին, բայց ծնվեց վաղաժամ` օգոստոսի 4-ին: Եթե ժամանակին ծնվեր, Դավիթը դստերը չէր տեսնելու… սեպտեմբերի 29-ին նա արդեն պատերազմի դաշտում էր: Ուրախ եմ, որ Արինան շուտ ծնվեց, հայրը տեսավ նրան, Դավիթը հայրական բերկրանք ապրեց, գրկեց, 40 օրվա մեջ այնքան ջերմություն ու սեր տվեց դստերը, որ, գուցե, ուրիշ հայրեր տարիների ընթացքում չեն հասցնի տալ: Դավիթը կարծես շտապում էր շատ բան անել աղջկա համար, քառասունքի եւ մկրտության կարգը միասին արեց, կարծես ուզում էր ամեն ինչ իր աչքով տեսներ, իր ձեռքով աներ, իր սրտով լիներ… Ուրախ եմ, որ թեկուզ կարճ, բայց հասցրեց հայրություն անել Արինային: Մեր դուստրն արդեն մեկ տարեկան, յոթ ամսական է, նկարներից ճանաչում է հայրիկին: Ես նրան իր հորն արժանի մարդ կմեծացնեմ, կասեմ, որ հայրը մեր` իր, իմ, բոլորիս խաղաղությունն էր պաշտպանում, մենք պիտի հպարտանանք նրանով, ինքը պիտի հպարտ քայլի, որ հերոսի դուստր է, մենք պիտի այնպես ապրենք, որ արժանի լինենք նրան: Ինքս 12 տարեկանից անհայր եմ մեծացել, գիտեմ` ինչ է հոր պակասը, ես չեմ կարողանա լրացնել այդ բացը, չնայած հիմա նրա համար ե՛ւ մայր եմ, ե՛ւ հայր, բայց պիտի անեմ ամեն ինչ, որ իրականացնեմ Դավիթի նպատակները: Մեր ապրած կյանքի ամեն օրը պիտի գրառեմ, որ մեր աղջիկը նաեւ այսպես ճանաչի իր հերոս հայրիկին: Դավիթն էնքան նպատակասլաց էր, 28 տարեկանում դաշնամուր նվագել սովորեց, որ ինձ համար նվագի: Հանուն ինձ` պատրաստ էր ամեն ինչի, բայց հայրենիքն ավելի շատ սիրեց… Երազում էինք տուն ունենալ: Իր արյան գնով դա էլ արեց մեզ համար»,- խորին ափսոսանքով իր մտքերն է արտաբերում Մարին, բայց եւ հոգու ուժ ու արիություն, տոկունություն ու կամք ստանում իր սիրելի Դավիթից, որ շարունակում է ապրել իր մտքերի մեջ, իր սրտի մեջ, իր հոգու մեջ ու Արինային մեծացնելու` իր ու Դավիթի երազանք-նպատակների մեջ:

Արևհատ ԱՄԻՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.03.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031